Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի լիբանանահայ մասնակիցների հանդիպումը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ

%d5%ac%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80

Դեկտեմբերի 12-ին Լիբանանանում ՀՀ դեսպանությունում Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի լիբանանահայ մասնակիցները համաժողովի արդյունքների արժևորման նպատակով հանդիպեցին աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Հանդիպմանը ներկա էին Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, «Ազդակ», «Արարատ», «Զարթոնք» օրաթերթերի խմբագիրները, ինչպես նաև համաժողովին մասնակցած լրագրողները:

Այս տարվա հոկտեմբեր ամսին Հայաստանում տեղի ունեցեծ Լրագրողների 8-րդ համաժողովի մասնակիցներն իրենց տպավորությունները, տեսակետները և առաջարկները ներկայացրին նախարար Հրանուշ Հակոբյանին: Մասնակիցները նկատեցին, որ Սփյուռքի նախարարության կազմակերպած լրագրողների համաժողովները իրենց դրական արդյունքներն  են ունեցել տարբեր ոլորտներում: Նրանք կարևորեցին, որ այս համաժողովներին ամեն տարի ավելի մեծ թվով մասնակիցներ են ներկայացվում, և ավելի շատ արձագանքներ են ստանում այդ օրերին արծարծված հարցերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև համահայկական տեղեկատվական դաշտի միասնականությանը, որի լավագույն ապացույցը ապրիլյան քառօրյա պատերազմը եղավ: Ըստ փորձագետների՝ տեղեկատվական դաշտը փայլուն կատարողականություն ցույց տվեց քառօրյա պատերազմի ընթացքում: Այս կատարողականության մեջ մեծ դերակատարություն ունեին լրագրողների համահայկական համաժողովները, ժողովների ընթացքում արված հետազոտությունները, քննարկումները և այլն:

Նախարար Հրանուշ Հակոբյանը օգտաշատ նկատեց շրջաններում մամուլի ակումբների ձևավորումը, որը կարող է նպաստել լրագրության խնդիրների, շրջանային հարցերի քննարկմանը և Հայաստան-Սփյուռք կապերիի ամրապնդմանն ու խորացմանը: Այս առումով նախարարը կարևորեց նաև ընդհանուր գործում ներգրավել օտար լրատվամիջոցներում աշխատող հայ անհատներին, որոնց միջոցով հայ ձայնը կարելի է հասցնել աշխարհին:

Նա նաև նշեց, որ պետք է խորացնել «Դու ի՞նչ  ես անում Ղարաբաղի համար»  շարժումը և այն աշխուժացնել առավելաբար դպրոցներում, համալսարաններում, մշակութային ու քաղաքական կենտրոններում: Նախարար Հակոբյանն անդրադարձավ նաև Հայրենիքում տնտեսական ներդրումներ կատարելու քարոզչական աշխատանքի կարևորությանը և վերջապես շեշտը դրեց Մայրենիի պահպանության և աղավաղման խնդիրների վրա: «Հայերենն ամեն բանից ավելի  տաք պետք է պահենք: Մեր պատասխանատվությունն է զգալ ու զգացնել տալ սրբությունը Մայրենիի:  Եթե լեզուն կորցնենք, ամեն բան կկորցնենք: Աշխատենք ամեն գնով պահել ու տեր կանգնել մեր լեզվին»,-ասել է ՀՀ սփյուռքի նախարարը:

Ներկաները առաջարկեցին, որ համաժողովների ընթացքում հնարավորություն ստեղծվի բոլոր մասնակիցների համար՝ քննարկումներին մասնակցելու, առաջարկվեց նաև օտարազգի լրագրողներին ևս ներգրավել և տեղեկացման նպատակով հրավիրել Հայաստան:

Մտահոգություն հնչեց զգույշ լինել ապատեղեկատվությունից և աշխատել ամեն գնով բացառել Սփյուռքի մեջ ապատեղեկատվության, հերյուրանքի և  վիրավորանքի տարածումը լրատվության դաշտում:

Հանդիպման մասնակիցները ողջունելի համարեցին նար լրագրողներին առաջնագիծ տանելու հրաշալի գաղափարը, ինչը, բնականաբար, դրական հետևանքներ կունենա լրատվության վրա, ապա` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նախագահների, վարչապետի հետ լրագրողների հանդիպումները, որոնք կնպաստեն շատ ավելի իրազեկ լինելու հայաստանյան խնդիրները լուսաբանելու ժամանակ:

Հանդիպման վերջում քննարկվեցին  Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու հետագա անելիքները:

lrakroghner-1-121216-1

Լուսանկարը՝ «Ազդակ»-ի: