Հալեպում հույսի ծիլեր կան. Զարմիկ Պողիկյանը մանրամասներ է հայտնում կենցաղային վիճակի և անվտանգության մասին

Հալեպում հույսի ծիլեր կան. հրթիռակոծման վտանգը շեշտակի նվազել է, կենղացային բարելավումներ են նկատվում, ակնկալվում է ջրի, աստիճանաբար նաև` էլեկտրաէներգիայի խնդիրների լուծում:

Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

Սիրիական բանակն ազատագրել է Սուլեյմեն Հալապի թաղամասում գտնվող ջրամատակարար ընկերությունը եւ համապատասխան մարմինները զբաղվում են վերանորոգման աշխատանքներով: «Հալեպը զուրկ է էլեկտրականությունից, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդմամբ, էլեկտրակայանը նույնպես վերանորոգվում է, եւ մինչեւ նոր տարի հավանաբար էլեկտրաէներգիայի հարցը եւս կլուծվի: Հիմնական խնդիրներն են գնաճն ու գործազրկությունը: Այս բոլոր հարցերը կլուծվեն, եւ քաղաքը կսկսի աստիճանաբար վերականգնվել միայն խաղաղության հաստատման պարագայում: Վերականգնվել է նաեւ Հալեպի արդյունաբերական շրջանների ` Շեյխ Նաճճարի եւ Լերամունի գործունեությունը: Հայ արհեստավորների մեծ մասի արհեստանոցները գտնվում էին Բոստան Փաշա թաղամասում, ահաբեկիչների կողմից թաղամասը գրավելուց եւ թալանի ենթարկելուց հետո  նրանք գործազուրկ մնալուց բացի  կրել են զգալի նյութական կորուստներ:  Թալանի են ենթարկվել նաեւ Բոստան Փաշայում գտնվող հայկական ծերանոցը եւ առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված «Արեւիկ» մանկական կենտրոնը: Այնուամենայնիվ առաջիկա օրերին սիրիական բանակը կականազերծի Բոստան Փաշան եւ հայ արհեստավորները հնարավորություն կունենան վերադառնալու իրենց արհեստանոցները»,- նշեց Զարմիկ Պողիկյանը:

«Հայկական վարժարանները շարունակում են իրնեց բնականոն գործունեությունը, քաղաքում սննդի եւ դեղորայքի ճգնաժամ չկա: Հուսանք, որ 2017 թվականին խաղաղություն կլինի եւ Սիրիայի բնակչությունը դուրս կգա տագնապային իրավիճակից: Ջրի մատակարարման խնդիր չի լինի, եթե ահաբեկիչները Հալեպին ջուր մատակարարող գյուղերում չխափանեն դեպի Հալեպ ջրի հոսքը»,- ավելացրեց նա:

Վերջին շրջանում սիրիական բանակը դաշնակիցների հետ միասին իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպի արեւելյան 17 շրջաններ: Ավելի քան 18000 քաղաքացիներ սիրիական բանակի օգնությամբ դուրս են եկել այս շրջաններից, շուրջ 90 000 քաղաքացիներ էլ սիրիական բանակի եւ դաշնակից զորքերի հովանու ներքո շարունակում են մնալ իրենց բնակավայրերում:

Այդ շրջաններն ազատագրելու եւ ահաբեկիչներից մաքրելու արդյունքում Հալեպի շատ թաղամասերում, որոնց մեջ կան նաեւ հայկական թաղամասեր, հրթիռակոծման վտանգը շեշտակի նվազել է: Դեռեւս Հալեպի արեւելյան հատվածում կան շրջաններ, որոնք գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ, եւ այդ շրջաններում խաղաղ բնակչության վրա հրթիռակոծություններ են կատարվում: Սիրիական բանակը շարունակում է իր առաջընթացը` ազատագրելով նոր շրջաններ: Բոստան Փաշա թաղամասի ազատագրումից հետո Հալեպի հայաշատ թաղամասերից մեկում` Նոր գյուղում, իրավիճակն ավելի է կայունացել, քանի որ նախորդ 4 տարիների ընթացքում ահաբեկիչները անընդհատ Բոստան Փաշայից հրթիռակոծում էին Նոր գյուղի խաղաղ բնակչությանը, դիպուկահարները թիրախավորում էին անցորդներին եւ այլն:  Այժմ Նոր գյուղը եւ մի շարք այլ շրջաններ ավելի հանգիստ են, բայց իրավիճակն ամբողջովին կարող է կայունանալ Հալեպի լիակատար ազատագրմամբ:

Scroll Up