Իմ ջահել Հայրենիքին և նրա նվիրյալ Ֆիդայի զինվորին

Մեր հայրենիքն արդեն քսանհինգ տարեկան է,  այն կոչվում է Հայաստան, կնքված է քրիստոնյա:

Նա ծնվեց,  երբ ես 7տարեկան էի: Փողոցով հոսում է ամբոխը, տեսնում եմ բռունցքներ` դեպի երկինք պարզած,  լսում եմ «ԱՅՈ», «ՄԻԱՑՈՒՄ», «ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ Է»,  լսում եմ «ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»…

Հանկարծ գտնում եմ ծնողներիս ամբոխի մեջ և ավելի ամուր եմ փաթաթվում տատիս ծնկներին: Նայում եմ վեր`  նրա աչքերի մեջ, և տեսնում եմ ուրախություն, վառվող մի  կրակ: Նա  ժպտում է,  իսկ ես վախենում եմ: Ինչից եմ վախենում… Տատս ժպտում է,  ուրեմն վախենալու առիթ չկա…

Վախենալու առիթ կար, սակայն դա պարզում եմ օրեր, շաբաթներ, ամիսներ անց, երբ ծնողներս` երկրիս քաղաքացիների 95% ի հետ միասին, «ԱՅՈ» են ասում անկախությանը,  «ԱՅՈ» պայքարին, «ԱՅՈ» գալիք ցուրտ ու մութ տարիներին:

Ժողովուրդս տեր կանգնեց իր «ԱՅՈ»-ին, դարձավ բռունցք, դարձավ մեկ ամբողջություն, հավաքական ուժ: Չկար էլեկտրականություն,  չկար ջեռուցում, բայց կար հույս ու կար հայի միասնական ոգին :

Հիշում եմ՝ առաջին դասարանում էի, նոր էի հարմարվում դպրոցի սառն ու չոր նստարաններին: Հանկարծ հնչում է դպրոցի զանգը: Սա այն զանգը չէ,  որ մեզ դուրս է կանչում բակում խաղալու, սա մի տեսակ ահի զանգ է:

Տնօրենը` տիկին Կոստանյանը, իր բարձրակրունկ կոշիկներով, հարդարված երկար մազերով ու իրեն հատուկ հպարտ, բայց կանացի կեցվածքով սպասում է մեզ.

– Երեխաներ,  բոլորս էլ գիտենք,  որ պատերազմ է,  այսօր սովորելու ենք,  թե ինչպես պետք է օգտվել հակագազից և ընդհանրապես արտակարգ իրավիճակներւմ: Դաս ու դասարան թողած,  թողած տետր ու գրիչ`  ձեռքներս ենք առնում հակագազեր և սկսում փորձերը:

Օրեր անց նորից երկար զանգ, նորից մեր զգոն տիկին Կոստանյանը, ով իր բարձր կրունկերով դասարանից դասարան է վազում և խնդրում, որ բոլորս դուրս վազենք` առանց իրերի,  առանց խուճապի:  Դրսում պարզվում է, որ ցնցումներ  են  տեղի ունեցել: Այս անգամ էլ սկսում ենք սովորել,  թե ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ:

Երկիրն էլ է կատաղել: Նա ինչու է ըմբոստացել, ինչու,  ինչու հենց հիմա: Չկա  անդորր, չկա  խաղաղություն, ձմեռն էլ մյուս կողմից է մոտենում…

Նորից մի նոր օր, նորից երկար զանգ, նորից տիկին Կոստանյան:

– Երեխաներ ձմեռ է, ծնողների օգնության կարիքն ունենք:

Մայրերը բարձեր են կարում հին փալասներից,  որ չոր նստարաններին չսառենք, հայրերը վառելափայտ են կրում,  իսկ փայտի վառարանները,   որոնց միայն տատիկ-պապիկների հորդանոցներից և հեքիաթներից էինք ծանոթ, մի գիշերվա մեջ հայտնվում են մեր կողքին ու մեր անբաժան ընկերն են դառնում են:

Դաշնամուրի դասասենյակում նստած ուզում եմ նվագել,  չեմ կարողանում,  մատներս  քարացել են,  էստեղ վառարաններ չկան: Ուսուցչուհիս իր նուրբ ձեռքերի մեջ է առնում սառած մատներս ու փորձում է իր շնչով տաքացնել… լալիս եմ… ժպտում է… իսկ ինձ կարծես նրա ժպիտն է տաքացնում,  նրա ջերմ հայացքն ասում է,  որ ամեն ինչ լավ է լինելու…

Իսկ օրեր անց դպրոցում նորից այս զանգը` ահի զանգը: Կրկին ընդհատված դաս,  դատարկ դասարաններ` լեցուն սպորտ դահլիճ,  տիկին Կոստանյան: Սակայն նույնը չէ կարծես ոչինչ, մեր գեղեցիկ տնօրենը մի տեսակ  փոխված է,  հոգնած:  Ծերացել է մի գիշերվա մեջ,  լաց է եղել:  Ինչու է վհատվել,  ինչու է դողում: Լռություն է տիրում առանց լռություն պահանջելու:

– Երեխաներ դիրքերում սով է,-ձայնը դողում է,-անվստահ շարունակում է,- զինվորներին սնունդ է հարկավոր: Լռություն է… վերադառնում ենք դասարան,  վերադառնում ենք տուն:

Հաջորդ օրը առավոտյան ուսուցչանոցի դիմաց հերթ է,  հերթ,  որը երկար է ցանկացած հացի և կարագի հերթից: Չնայած ցուրտ ձմեռվան` տաք է,  օդում անբացատրելի ջերմություն կա,  կա մի բան,  որ ցանկացած վառարանից ավելի է տաքացնում: Քրտնել ենք,  մի գուցե մեր կրած բեռից ենք քրտնել…

Բերել ենք ով ինչ կարող է` հաց ու բրինձ, սոխ ու կարտոֆիլ,  բերել ենք ինչ ունենք: Եվ նամակներ ենք գրել`թե մենք ՁԵԶ հետ ենք,   և արևներ ենք նկարել,  որ տաքացնեն ՁԵԶ,  և մեր սրտերն ենք  նկարել, դիմացեք …

Եվ երգում ենք,  երգում ենք բարձր,  երգում միասին, երգում ենք այնպես,  կարծես լսելու եք մեզ,  այնտեղ` հեռու դիրքերում,  մեր սուրբ սահմաններին,  թշնամու պիղծ երախում:

Հայ ֆիդայիներ,  ջան ֆիդայիներ, մենք ձեզ մատաղ… Դուք մեզ մատաղ դարձաք,  արյուն թափեցիք` ի սեր մեր հողի,  հանուն մեր ազգի:  Զոհվեցիք,  որ մենք ապրենք : Եվ  դուք էլ եք երգում, երգում եք, քանզի գիտեք,  որ երգելով ենք հաղթելու:

Ստելլա Ղամբարյան

Մյունխենի հայ հայրենակցական միության մեկօրյա դպրոցի ուսուցչուհի

Scroll Up