ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Փարիզում հանդիպել է ՍԴՀԿ անդամներին

Նոյեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Փարիզի ՀԲԸՄ-ի «Ալեք Մանուկյան» կենտրոնում հանդիպում է ունեցել ՍԴՀԿ անդամների հետ:

ՍԴՀԿ Ֆրանսիայի շրջանի ատենապետ Գևորգ Սաջլյանը «Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունելով ներկաներին՝ ներկայացրել է նախարարության կողմից Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերը և հորդորել միասնաբար աշխատելով՝ հասնել համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող խնդիրներին, որից հետո նախարարը պատասխանել է ներկաների հարցերին:

Գևորգ Սաջլյանի փոխանցմամբ՝ ՍԴՀԿ-ն, բարձր գնահատելով ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը, խոստացել է ամեն ջանք գործադրել՝ երիտասարդների հոգում վառ պահելու սերն առ Հայրենիք և նպաստելու Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության հզորացմանը:

«Անհրաժեշտ է ֆրանսահայ երիտասարդների համար ծրագրեր կազմակերպել, որպեսզի ամառային արձակուրդին Հայաստան այցելեն, շահել փոքր և միջին գործարարների վստահությունը՝ Հայաստանում ներդրումներ կատարելու և մասնաճյուղեր հիմնելու նպատակով, ինչից հետո աշխատանքներն ավելի դյուրին կընթանան: Եվ ՍԴՀԿ-ն հավատում է, որ այս աշխատանքները ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և համատեղ համագործակցությամբ պետք է իրականացվեն »,-ասաց Գևորգ Սաջլյանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպված հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում գործող հայկական կառույցների ներկայացուցիչները և այլք:

 

Scroll Up