Սփյուռքի մեր շնորհալի նախարարն իր կյանքն ապրում է մեղվի փութաջանությամբ. Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ

Այսու հայտնում ենք, որ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը, ի պատասխան իր ծննդյան 70-ամյակի առիթով ՀՀ սփյուռքի նախարար Ազնվափայլ տկն. Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակի, հետեւյալ շնորհակալական նամակը հղեց Ազնվափայլ նախարարին.

10 նոյեմբեր 2016

Ազնվափայլ

Տկն. Հրանուշ Հակոբյան

Սփյուռքի Նախարար

Հայաստանի Հանրապետության

Երեւան

Ազնվափայլ և Սիրելի Տիկին Հակոբյան,

Սրտի խոր գոհունակությամբ եւ շնորհակալության անկեղծ զգացումներով կարդացի Ձեր շնորհավորական նամակը նվաստիս ծննդյան 70-ամյակի առիթով:

Խորապես շնորհակալ եմ ու զգացված Ձեր անկեղծ ու հարազատ զգացումների և բարեմաղթությունների համար:

Մենք բոլորս մեր ազգի և եկեղեցու ծառաներն ենք եւ անում ենք այն ինչ, որ մեր պարտականությունն է: Ավետարանական բառերով. «Անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտավոր էինք անել` կատարեցինք» (Ղկ. 17:10): Երանի նրան, ով կկարողանա ծառայել իր ազգին, եկեղեցուն, հայրենիքին, որովհետև մարդ իր տվածով է մեծանում և ոչ անպայման իր ունեցածով: Դրա համար Քրիստոս ասում է. «Տալը ավելի լավ է քան առնելը»: Մեր հայրերը պատմության ընթացքում տվին իրենց մտքի լույսից, հոգու հավատքից և մարմնական ուժից: Երեք իրականություններ, որոնցով նրանք կառուցեցին մեր և՛ նյութական, և՛ հոգևոր տաճարները:

Միշտ ասել եմ ու շարունակում եմ ասել, որպես վկայություն ճշմարտության, որ Սփյուռքի մեր շնորհալի նախարարն իր կյանքը ապրում է մեղվի փութաջանությամբ, առանց դադարի և ամենից կարևորը՝ առանց հոգնության և անձանձրույթ: Երանելի են բոլոր նրանք, ովքեր Ձեր նման մեղվաջան աշխատանքով իրենց կյանքը հարստացնում և իմաստավորում են:

Կրկին անգամ յուրահատուկ շնորհակալություն և աստվածային օրհնություն Ձեզ, Ձեր նախարարության ողջ անձնակազմին և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին:

Մնանք քրիստոնեական ջերմ սիրով և օրհնությամբ:

ԱՂՈԹԱՐԱՐ`

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ