Երևանում կբացվի պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը՝ Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսը

պաստառ

Նոյեմբերի 24-ին՝  ժամը՝ 17:00-ին,  ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա պոլսահայ ժամանակակից  լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը՝ Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա կգտնվի նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ավելի վաղ՝ ժամը 16:40-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում տեղի կունենա ճեպազրույց Նուրան Աքքայայի և ցուցահանդեսի կազմակերպիչների հետ:

Ցուցահանդեսում կներկայացվեն Նուրան Աքքայայի 6 տարվա աշխատանքները: Լուսանկարների առանցքում պոլսահայ հասարակությունն է, նրա տարբեր խավերի ներկայացուցիչների դիմանկարները, հետքեր՝ Պոլսից ու Անատոլիայից, Վանի Աղթամար կղզու Ս.Խաչից ու Մուսա լեռան հայկական վերջին՝ Վաքըֆլի գյուղից, Կարսից ու Կեսարիայից: