Կոստանայի հայկական համայնքի «սիրտը» համարվող Մարտիրոսյանների ընտանիքը

IMG_2593

ՀՀ սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը 2010 թվականից իրականացնում են «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:

Հոկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած մրցանակների հանձնման արարողության ժամանակ «Հայկական ավանդական ընտանիք-2015» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակին արժանացավ Ղազախստանի Կոստանա քաղաքում ապրող Մարտիրոսյանների ընտանիքը:

Օրեր առաջ Կոստանայի հայկական համայնքի նորանշանակ նախագահ Տիգրան Բադալյանի ուղեկցությամբ ընտանիքի մայրը՝ Հրաչուհի Գևորգյանը, դստեր՝ Գայանեի հետ հյուրընկալվել էին ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ ստանալու մրցանակը և իրենց ուրախությունն ու շնորհակալությունը հայտնելու հաճելի անակնկալի համար:

Համայնքի նախագահ Տիգրան Բադալյանը «Հայերն այսօրի» հետ զրույցի ընթացքում ասաց, որ ճիշտ ընտրություն է կատարվել. Մարտիրոսյանների ընտանիքն արժանի է այդ ուշադրությանը: Նրանք համայնքի «սիրտն» են համարվում, պահպանում են հայկական ընտանիքը խորհրդանշող բոլոր ավանդույթները, երեխաներին իբրև արժանապատիվ հայ մեծացնում և համայնքային ակտիվ գործունեություն ծավալում՝ նեցուկ լինելով բոլոր հարցերում: Ի դեպ, Հրաչուհի Գևորգյանը համայնքի փոխնախագահն է:

«Երբ 1992 թվականին ստեղծվեց համայնքը, առաջին իսկ օրերից ընտանիքով մասնակցություն ունեցանք կազմակերպչական աշխատանքներում: Միաժամանակ Ղազախստանում բնակվող հայերին բացատրում էինք, թե որն է օտար հողի վրա հայկական համայնքի նշանակությունը:

Երեխաներիս մեջ միշտ հայրենասիրություն և Հայաստանին օգտակար լինելու գաղափար եմ սերմանել, բացատրել, որ օտարության մեջ գտնվելով՝ ամեն ինչ պետք է անենք ինքնությունը պահպանելու համար»,-ասաց  Հրաչուհի Գևորգյանը:

Այնուհետև նախաձեռնել են այնպիսի միջոցառումներ, որոնց միջոցով այլազգիներին ներկայացրել են հայի տեսակը, հայկական մշակույթն ու ազգային ավանդույթները:

Այս ընտանիքը նաև բարեգործական ծրագրեր է իրականացնում: 2005 թվականից այցելում են Ղազախստանի մանկատներում գտնվող հայ երեխաներին՝ նրանց և մյուս փոքրիկներին տարատեսակ օգնություններ տրամադրելով:

image

Հրաչուհի Գևորգյանը Ղազախստանում ՀՀ դեսպանատան և համայնքի հետ աշխատելով՝ փաստաթղթային աջակցություն է ցուցաբերում Ղազախստանում նոր հաստատված կամ փաստաթղթերի հետ խնդիրներ ունեցող հայերին, օգնում նրանց աշխատանք, բնակարան գտնել, միաժամանակ թարգմանչական աշխատանքներ կատարում: «Բարիդրացիական հարաբերություններ ունենք նաև Ղազախստանում ապրող ադրբեջանցիների հետ, եթե ինչ-որ հարցով՝ դիմում են մեզ, անպայման օգնում ենք և մարդկային վերաբերմունք ցուցաբերում: Առհասարակ, Ղազախստանում ապրող բոլոր ազգերի հետ ջերմ հարաբերություններ ունենք»,-ընդգծեց Հրաչուհի Գևորգյանը:

Զրույցի վերջում շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ համայնքի փոխնախագահն ասաց, որ շարունակելու են մշտական կապի մեջ գտնվել նախարարության հետ՝ համատեղ ազգաշահ աշխատանքներ կատարելով: Ուրախ է, որ իր երեխաները՝ Հրաչն ու Գայանեն, մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց և մի շարք այլ ծրագրերին, որոնց շնորհիվ անմոռաց տպավորություններ ու գիտելիքների հարուստ պաշար են ամբարել, լավ ընկերներ ձեռք բերել, և որն ամենակարևորն  է՝ վերարժևորել Հայրենիքի հանդեպ սերը:

45

Հրաչուհու որդին՝ Հրաչը, մինչև 2015 թվականը Կոստանա քաղաքի հայկական համայնքի երիտասարդական միության նախագահն է եղել: 2016 թվականին նշանակվել է Ղազախստանի Կոստանայի մարզի «Ազգային էթնոմշակութային երիտասարդական կենտրոն»-ի նախագահ: Նույն թվականին «Нур Ота́н» կուսակցության կողմից արժանացել է «Ոսկե երիտասարդություն» դափնեկրի կոչմանը:

Ղազախստանում հայկական մշակույթի և ավանդույթների պահպանման ու տարածման համար Հրաչը 2015 թվականին Ղազախստանի Հանրապետության նախագահ Նորսուլթան Նազարբաևի կողմից արժանացել է մեդալի և պատվոգրի:

Հրաչ Մարտիրոսյանի Կոստանայի քաղաքային խորհրդի պատգամավորական թեկնածությունն առաջադրվել է 2017 թվականին կայանալիք ընտրություններին:

Հրաչուհու դուստրը՝ Գայանեն, մասնագիտությամբ իրավաբան է, զբաղվում է նաև լրագրությամբ: Կոստանայի հանրային հեռուստաընկերությամբ վարում է հայ և Կոստանայում ապրող արվեստագետներին նվիրված «Զուգահեռներ» հաղորդումը: Գայանեն նաև երգում և պարում է, դերասանական տաղանով է օժտված: Վերջերս Հայաստանում ապրող ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանի կողմից գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, որը սիրով է ընդունել:

Գևորգ  Չիչյան

IMG_2589IMG_2591