Նոյեմբերի 16-ին մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը

Heraxosamaraton

Նոյեմբերի 16-ից 20-ը «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն անցկացնում է իր 17-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին ավանդաբար մասնակցում են նաեւ Գերմանիայի եւ Շվեյցարիայի տեղական մարմինները: Դրամահավաքի հասույթը կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի շարունակական զարգացմանը:

Հունաստանի տեղական մարմինն էլ դրամահավաքին կմիանա նոյեմբերի 19-ից 20-ը Աթենքում անցկացվելիք հեռախոսամարաթոնով եւ ստացված հասույթով կհամաֆինանսավորի Արցախի Քարին Տակ գյուղի մանկապարտեզի կառուցումը:

Հեռախոսամարաթոն 2016-ի կնքահայրն է Ֆրանսիայում հայտնի լրագրող եւ հաղորդավար Նիկոս Ալագասը, կնքամայրը՝ ֆրանսիական ՞Revue des Deux Mondes՞ ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանը, ովքեր համախմբման եւ ակտիվ մասնակցության կոչով կդիմեն եվրոպաբնակ մեր հայրենակիցներին: Շուրջ 600 կամավորներ էլ Փարիզ, Լիոն, Մարսել եւ Տուլուզ քաղաքներից մարաթոնի հինգ օրերի ընթացքում հեռախոսազանգերով կդիմեն հայ ընտանիքների ու կազմակերպությունների՝ հորդորելով սատարել Արցախի, Հայաստանի ու Սիրիայի մեր հայրենակիցներին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված ավելի քան 1.3 միլիոն եվրո գումարն ուղղվել է Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսական ծրագրերի իրագործմանը, Արցախի գյուղական համայնքներում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ ծանր վիճակում հայտնված սիրիահայերի ու իրաքահայերի օժանդակությանը:
Արդեն 17 տարի է, հայկական համայնքներ ունեցող եվրոպական որոշ երկրներ իրենց համայնքներում հանգանակություններն իրականացնում են դրամահավաքի այս եղանակով, որը տարեցտարի նոր նվիրատուներ է ներգրավում եւ ավելի մեծ հասույթ ապահովում: Ամերիկայի մայրցամաքում էլ հեռախոսամարաթոնի միջոցով են դրամահավաքներ իրականացնում Հիմնադրամի Արգենտինայի եւ Բրազիլիայի տեղական մարմինները: Խոշոր դրամահավաքների բոլորաշրջանն այս տարի կեզրափակի Բրազիլիայի տեղական մարմինը՝ նոյեմբերի 26-ից 27-ն անցկացնելով իր հեռախոսամարաթոնը: Ուշագրավ է, որ հեռախոսամարաթոնների կամավորականների շարքում կան բազմաթիվ այլազգիներ, ում մասնակցությունն արդեն իսկ վկայում է դրամահավաքի աճող հեղինակության մասին:

Հեռուստամարաթոն 2016-ի գլխավոր հովանավոր – ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ
Գործընկեր – ՀԱՅՓՈՍՏ