«Այստեղ ապահովության զգացում ունենք». Վարուժան Մաջարյան

Նոյեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանից հայրենադարձված երիտասարդ ամուսիններ Վարուժան և Մերի Մաջարյաններին:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հայրենիքում ապրելու և աշխատելու Վարուժանի և Մերիի որոշումը: Նա մասնավորապես նշեց. «Հայրենիքը ձեր տունն է, այստեղ հողը, ջուրը, լեզուն, մշակույթը, ամեն ինչը ձերն է, հարազատ է, հայկական: Դժվարություններ էլ կան, իհարկե: պետք է կարողանաք հաղթահարել, ամուր մնալ»:

Վարուժան Մաջարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար ու նշեց. «Հայաստանում շատ եմ եղել, եկել եմ շրջագայության: Միշտ էլ հայրենադարձվելու մասին մտածել եմ, ցանկությունս մեծ էր, որ զավակս մեծանա Հայրենիքում, բացառապես՝ հայկական միջավայրում: Հայրենիքը թանկ հասկացություն է. այստեղ ապահովության զգացում ունենք, շուրջբոլորը խոսում են հայերենով, ուրիշ է Հայրենիքի օդը, Հայաստանի ջրի նման աշխարհում չկա: Լսել էի Ձեր գործունեության մասին, մտածեցի, որ կգամ Հայաստան և կդիմեմ Ձեզ, խորհուրդ կհարցնեմ, որպեսզի ինձ ճիշտ ուղղորդեք: Դեռևս աշխատանք չունեմ, բայց հույսս չեմ կորցնում, որ շուտով աշխատանք կգտնեմ»:

Մերին հավելեց. «Որոշեցինք, որ մեր զավակը մեծանա, դաստիարակվի, կրթություն ստանա հայկական միջավայրում, մկրտվի Հայրենիքում, մոտ լինի իր արմատներին: Չենք զղջում մեր որոշման համար. մենք տո՛ւն ենք եկել»:

IMG_2468 IMG_2488

Scroll Up