Ամենազոր են արմատների խորհուրդն ու հայրենի հողի ձգողական ուժը

Ամեն անգամ «Հայերն այսօր»-ի խմբագրությունում որևէ հայրենադարձի հետ  ունեցած զրույցի ընթացքում անհնար է չհուզվել նրանց հետ, չդառնալ նրանց հոգեկիցը, չհիանալ նրանց հայրենասիրությամբ: Նրանցից մեկը՝ ընդամենը 10-15 օր առաջ Լիբանանից հայրենադարձված պայծառադեմ հայորդին՝ Վարուժան Մաջարյանը, հարցազրույցի էր եկել իր հմայիչ տիկնոջ՝ Մերիի և փոքրիկ, հրաշագեղ որդու՝ Նազարեթի հետ: Իմ հարցերին ամուսինները պատասխանում էին նույնկերպ. ասել է, թե՝ հայրենադարձվելու մասին որոշումը երկուստեք էին կայացրել՝ առանց  դույզն-ինչ  երկմտելու, և երկուսն էլ երջանիկ էին, որ վերջին հանգրվանը դարձել է Հայրենիքը:

«Հայաստանում շատ եմ եղել, եկել եմ պտույտի, սակայն չեմ ապրել. մեկ այլ բան է Հայրենիքում գտնվել զբոսաշրջիկի կարգավիճակով, մեկ այլ բան՝ ապրել, կենցաղավարել: Միշտ էլ հայրենադարձվելու մասին մտածել եմ, որովհետև աշխարհաքաղաքական վիճակն անսպասելիորեն կարող է փոխվել այդ տարածաշրջանում, և մի օր էլ, Աստված չանի, պատերազմ տեսած Լիբանանը կարող է Սիրիայի ճակատագրին արժանանալ: Բացի այդ՝ցանկությունս մեծ էր, որ զավակս մեծանա Հայրենիքում, բացառապես՝ հայկական միջավայրում: Իմ ծննդավայրն էլ գեղեցիկ է, հարազատ, սակայն Հայրենիքն ավելի թանկ հասկացություն է. այստեղ ապահովության զգացում ունենք, շուրջբոլորը խոսում են հայերենով, ուրիշ է Հայրենիքի օդը, Հայաստանի ջրի նման աշխարհում չկա: Ծնողներս չկամեցան տեղափոխվել, դեմ էին նաև մեր տեղափոխվելուն, քանի որ ընտանիքի միակ տղան եմ, նաև ասում էին, որ Հայաստանում աշխատատեղեր չկան, դժվար կլինի…Եվ, այնուամենայնիվ, Հոկտեմբերի 28-ին մենք եկանք Հայաստան, մեզ հետ Հայաստան եկավ նաև մեր հորաքույրը: Լսել էի ՀՀ սփյուռքի նախարարության ծավալած հայանպաստ գործունեության մասին, մտածեցի, որ կգամ Հայաստան և կդիմեմ Սփյուռքի նախարարին, խորհուրդ կհարցնեմ, որպեսզի ինձ ճիշտ ուղղորդի: Առայժմ աշխատանք չունեմ, ոսկերիչ եմ, սակայն Լիբանանում տարիներ շարունակ մենեջեր եմ աշխատել: Ես ոչ մեկի հույսին չեմ կամենում մնալ, սիրում եմ իմ աշխատանքով, իմ վաստակով ապրել ու պահել ընտանիքս. ես հրաշալի տիրապետում եմ համակարգչային բոլոր ծրագրերին, գերազաց գիտեմ անգլերեն, արաբերեն… Իմ գիտելիքներով կարող եմ օգտակար լինել թե՛ Հայրենիքիս, թե՛ ընտանիքիս: Որդիս 2 տարեկանն անց է, սակայն դեռևս չի խոսում. դա ընտանիքում տարբեր լեզուներով՝ արևելահայերենով, արևմտահայերենով, արաբերենով խոսելու հետևանք է: Եթե աշխատանք ունենամ, զավակիս կտանեմ խոսքի զարգացման որևէ կենտրոն: Հույս ունեմ, որ շուտով աշխատանք կգտնեմ: Կինս հայաստանցի է. նա իմ ընկերոջ կնոջ ընկերուհին էր, նրանց միջոցով ծանոթացանք, նաև համացանցով շփվեցինք և ամուսնացանք 2013-ին»,- ասում  է Վարուժանը, իսկ  նրա խոսքը ներդաշնակորեն շարունակում է Մերին. «Ես էլ եմ աշխատանք փնտրում, վարսահարդար եմ, հույս ունեմ, որ շուտով կաշխատեմ: Ամեն տեղ էլ դժվարություններ, խնդիրներ կան. թո՛ղ մարդկանց չթվա, թե դրսում իրենց դրախտն է սպասում: Ես կեղծել չգիտեմ և պետք է ասեմ, որ մի ժամանակ ինքս էլ շատ էի ցանկանում Հայաստանից գնալ: Չնայած աշխատում էի և ֆինանսական խնդիրներ չունեի, սակայն ուրախ էի գնալուս համար. շատ հիասթափված էի… Ապրեցի այնտեղ և զգացի, թե Հայրենիքը որքա՜ն իմաստավորվեց ինձ համար, թե ինչ բան է Հայրենիքի կարոտը: Մենք կարող էինք մեկնել Ֆրանսիա, սակայն նախընտրեցինք արժանապատիվ ապրել մեր Հայրենիքում, փախստականի կարգավիճակով չապրել օտար երկրում, վրանների տակ, որոշեցինք, որ մեր զավակը մեծանա, դաստիարակվի, կրթություն ստանա հայկական միջավայրում, մկրտվի Հայրենիքում, մոտ լինի իր արմատներին: Չենք զղջում մեր որոշման համար. մենք տո՛ւն ենք եկել»:

Մերիի ու Վարուժանի հետ ունեցած այս հարցազրույցից հետո, այս էլ որերորդ անգամ, համոզվում եմ, որ արյան կանչի, արմատների խորհուրդն ու Հայրենիքի ձգողական ուժն ամենազոր է:

Կարինե Ավագյան

Scroll Up