Զույգ մեդալներ զույգ հանրապետությունների Անկախության 25-րդ տարեդարձին առընթեր

հեջինյան

Ամերիկահայ նկարիչ և համայնքային գործիչ Դանիել Վարուժան Հեճինյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց Երախտագիտության մեդալով, ինչպես նաև ՀՀ ազգային ժողովի կողմից ազգային ժողովի նախագահի ոսկե մեդալով:

Այս տարվա սեպտեմբերին Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում հայտնվեցին էլեկտրոնային վահանակներ շնորհավորանքի ուղերձով՝ նվիրված ՀՀ և Արցախի անկախությունների 25-րդ տարեդարձին:

Էլեկտրոնային վահանակների հեղինակը ամերիկահայ նկարիչ և համայնքային գործիչ Դանիել Վարուժան Հեճինյանն էր, ով տվյալ ժամանակաշրջանում գտնվում էր Հայաստանում՝ անկախությանը նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով:

Վահանակներն արտացոլում են Երևանի Կասկադը՝ վերածննդի խորհրդանիշով, Ծիծեռնակաբերդը, Արարատ լեռը, Արցախի դրոշի գույնի թևերով հաղթական արծիվը, որոնցով նկարիչը պատկերում է մեր կարևորագույն ձեռքբերումը՝ Արցախի ազատագրումը:

«Իմ և «Արվեստի խաղաղութունը» կազմակերպության www.peaceofart.org անունից շնորհավորում եմ Հայաստանի և Արցախի անկախության 25-րդ տարեդարձը`բարձրացնելով 6 էլեկտրոնային վահանակներ ԱՄՆ -ի Մասաչուսեթս նահանգի ամենաբանուկ մայրուղիների վրա՝ ցանկանալով Հայաստանում  և Արցախում տեղի ունեցող զույգ հանրապետությունների անկախության 25-րդ տարելիցին նվիրված տոնակատարություններին մասնակից դարձնել նաև սփյուռքահայությանը, ինչպես նաև օտարերկրացիներին՝ ամրապնդելով հայրենիք-սփյուռք կապը»,- իր խոսքում ասաց «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության  www.peaceofart.org հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանը:

«Արվեստի խաղաղությունը» www.peaceofart.org անշահույթ կրթական կազմակերպություն է՝ հիմնված 2003 թ-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում,որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն՝ նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը՝ առանցք ընդունելով Հայոց ցեղասպանության միջազգաին ճանաչումը, ինչպես նաև Հայաստանի հեղինակության բարձրացումը արտերկրում: Հաճախակի բարձրացնելով նմանատիպ վահանակներ՝ կազմակերպությունը խթանում է Հայաստան-սփյուռք կապերի սերտացմանը, ինչպիսիք են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բոստոն ողջունող վահանակը, Արցախի քառօրյա պատերազմին նվիրված վահանակը. «Աջակցենք Արցախում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորմանը» խորագրով, ինչպես նաև ԼՂՀ կառավարության կողմից Արցախին աջակցելու համար ստեղծված կայք-էջի հասցեով:

Սեպտեմբերի 20-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանման գործում ներդրած ավանդի, մշակույթի և արվեստի բնագավառներում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար Դանիել Վարուժան Հեճինյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց Երախտագիտության մեդալով, ինչպես նաև հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվեց ՀՀ ազգային ժողովի նախագահի ոսկե մեդալով, որը հոկտեմբերի 11-ին նրան փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հատկանշական է նշել նաև, որ 2015թ-ին ՀՀ անկախության 24-րդ տարելիցի առիթով և իր հայրենանվեր գործունեության համար Դանիել Վարուժան Հեճինյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց Մովսես Խորենացի մեդալով, իսկ 2014թ-ին Երևանի ազգային պատկերասրահում՝ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված անհատական ցուցահանդեսի կապակցությամբ արժանացավ ՀՀ սփյուռքի նախարարության Արշիլ Գորկի մեդալին:

Հեղինե Գևորգյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»