Մեկնարկում է Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը

Լրագրողներ

Հոկտեմբերի 20-ին, ժ.10:40-ին կմեկնարկի «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը հոկտեմբերի 20-22-ը  կանցկացվի Երևանում (Սփյուռքի նախարարություն, 9-րդ հարկ Վ. Սարգսյան 3), իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում:

Համաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և  Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:

Համաժողովին կմասնակցեն 140 լրագրողներ՝ աշխարհի 31 երկրից:

Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը նվիրվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կընթերցվի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը:

Համաժողովը ուղիղ կհեռարձակվի համացանցով, կլինի ինտերակտիվ․ աշխարհի տարբեր երկրներից հայ լրագրողները հնարավորություն կունենան մասնակցելու համաժողովի աշխատանքներին համացանցի միջոցով, հարցեր տալ, առաջարկություններ անել, ելույթներ ունենալ:

Համաժողովի նպատակը համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումն է, լրատվական ներուժի համախմբումը և արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայակական հիմնախնդիրների լուծման  գործընթացում:

Քննարկվելու են՝ ՀՀ պետականաշինության գործում Սփյուռքի ներուժի ներգրավման, ճգնաժամային պայմաններում համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերի ու լրատվամիջոցների համագործակցության ուղիների, հեռուստատեսության, ռադիոյի և էլեկտրոնային մամուլի համագործակցության հեռանկարների, տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրներ և այլ հարցեր:

Համաժողովի մասնակիցները հանդիպումներ կունենան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հնարավորություն կունենան լինել առաջին գծում, տեսնել զինվորների առօրյան, շփվել նրանց հետ, հարցազրույցներ անցկացնել: