Այս հեղինակավոր գրական մրցույթին առաջին տեղը զբաղեցնելը պատիվ է ողջ հայության համար. Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Վարուժան Ոսկանյանին

Varujan Voskanyan

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Վարուժան Ոսկանյանին «Անգելուս» մրցանակին արժանանալու առթիվ

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՐ, ՌՈՒՄԻՆԱՀԱՅՈՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ

Մեծահարգ՛ պարոն Ոսկանյան,

ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կենտրոնական Եվրոպայի «Անգելուս» 11-րդ մրցանակաբաշխությանը «Շշուկների մատյան» վեպի՝ տարվա բոլոր մրցանակներին արժանանալու առիթով:

Այս հեղինակավոր գրական մրցույթին առաջին տեղը զբաղեցնելը պատիվ է ողջ հայության համար, և ինչու չէ նաև, հայ և ռումինական գրականության մեջ մեծ հաջողություն՝ համաեվրոպական մակարդակով հայկական արժեքները ճանաչելի դարձնելու գործում:

Վեպն աշխարհի 18 լեզուներով թարգմանելը լուրջ հայտ է Հայոց ցեղասպանության մասին հասարակության լայն շրջանակներին իրազեկելու, արտասահմանցի հազարավոր ընթերցողներին հայերի ողբերգության և Օսմանյան Կայսրության կողմից տարբեր տարիներին իրականացված վայրագությունների մասին:

Պետք է ևս մեկ անգամ նշեմ, որ անչափ տպավորված եմ «Շշուկների մատյան» վեպով, դրա դրվագների այդքան պատկերավոր նկարագրություններով, հիշողությունների և մարդկային զգացողությունների գեղեցիկ վերաշարադրմամբ, անցյալի ու ներկայի հոգեհույզ իրադարձություններով, որոնք կարծես շշնջալով բացահայտում ու արտացոլում են մեր ժողովրդի անցած խրթին ճանապարհը:

Հպարտ ենք, որ ունենք Ձեզ նման տաղանդավոր հայրենակից, ով քաղաքականությամբ զբաղվելու զատ, իր կարևոր ներդրումն է բերում հայապահպանությանը և իր բարձր դիրքով, բարի կամեցողությամբ աջակցում նաև համայնքի յուրաքանչյուր խնդրի լուծմանը:

Այն ինչ անում եք Դուք, իսկապես արժանի է բարձր գնահատանքի: Մենք բոլորս սրտատրոփ սպասում էինք այս հաղթանակին՝ վստահ լինելով, որ վեպն իսկապես լավագույնն է:

Մաղթում ենք Ձեզ հաջողություններ՝ Ձեր հայանպաստ գործունեությունը շարունակելու գործում:

Ջերմ բարեմաղթանքներով՝

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ