«Ես Աստծո և իմ ազգի զավակների համար եմ անում և չունեմ ոչ մի ակնկալիք».Սիրան Միսակյան-Բասմաջյան

555

80-ամյա Սիրան Միսակյան-Բասմաջյանը 16 տարի առաջ է հայրենադարձվել Մարսելից ու հաստատվել Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում: «1999-ին մեկ ամսով եկա Հայաստան, իսկ 2000-ին տուն գնեցի Ջրաշեն գյուղում և մինչ այսօր ապրում եմ այստեղ: Ցավոք, ամուսինս 25 տարի է, ինչ մահացել է. 4 տղա և 2 աղջիկ ունեմ, 15 թոռնիկ, 3-4 ծոռ. հարուստ եմ ու երջանիկ նրանցով: Մենք 1966-ին ենք Բեյրութից Ֆրանսիա գնացել: Ես հիմնականում կար եմ արել, ասեղնագործել, երեխաներիս խնամել: Այստեղ՝ Ջրաշենում, երկու տնամերձ ունեմ, իսկ այգի ունեցողը միշտ էլ գործ է ունենում, երբեք պարապ չի մնում»,- ասում է Սիրան մայրիկը և ցավով խոսում  հայ ժողովրդի անցած տառապալից ճանապարհների, սիրիական պատերազմի, կործանվող Հալեպի ու անմեղ զոհերի մասին, հիշում ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունները, բայց չի խոսում իր արած բարեգործության մասին: Եվ, այնուամենայնիվ, թեև դժվարությամբ, սակայն ինձ հաջողվում է  տիկին Սիրանից պարզել, որ այս նշխար-հայուհին, ղարաբաղաադրբեջանական շփման գծում ապրիլյան քառօրյայի  դեպքերից  անչափ ազդված, ցանկացել է ինչ- որ կերպ իր մայրական սրտի գորովանքը հասցնել սահմանները պաշտպանող մեր զինվորներին՝  հագուստի կտորներից բաղկացած կապոցներ ուղարկելով Շամշադին, Հադրութ, Ասկերան, Արալեզ, Եղնիկներ և սահմանային այլ տարածքներ: Ամեն անգամ  գումարային տարբեր  չափերի հասնող ապրանքը նա ձեռք է բերել   Գյումրիի «Լենտեքս» ձեռնարկությունից. միայն վերջերս գնել է մոտ կես միլիոնի ապրանք, սակայն վերջին անգամ գնած ապրանքի որակից դժգոհ է և գտնում է, որ հայերի  մատներն արարող են, միտքը ՝սուր, ստեղծագործ, որ հայերը կարող են հե՛նց իրենք հրաշալի հագուստեղեն արտադրել, և այլևս կարիք չի լինի թուրքական՝ որակյալ համարվող  արտադրանք գնել, ինչպես նաև՝ աշխատատեղեր կբացվեն: Մեր զրույցի ընթացքում  այս զարմանահրաշ հայուհին դժվարությամբ «խոստովանեց» իր արած բարեգործության մասին, իսկ իմ այն հարցին, թե արդյոք այդ առիթով իրեն  շնորհակալագիր, պատվոգիր որևէ կազմակերպություն տվե՞լ է, Սիրան Միսակյան-Բասմաջյանը պատասխանեց.

«Իմ գործունեությունից տեղյակ է ՀՕՄ-ը, գիտի նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկորությունը, նրանք պետք է գնային զորամաս, իրենց հետ ուղարկեցի կապոցները:  Այդ կապոցների մեջ  60-ական  ձեռք ներքնահագուստ, գուլպաներ են  դրված, կապոցների վրա գրված է՝ Դանիել Վարուժան, գրված է իմ հասցեն, անուն-ազգանունս և հեռախոսահամարս, որպեսզի կարիքի դեպքում գտնեն ինձ, ստացական ունենամ, իմանամ, որ այն հասցեատերերին է հասել: Հիմա  էլ ունեմ պատրաստած կապոցներ, սակայն վստահելի մարդ եմ փնտրում, որ տեղ հասցնի: Մի անգամ Թալիշից  զանգահարեցին և շնորհակալություն հայտնեցին. ես Աստծո և իմ ազգի զավակների համար եմ անում և,  չունեմ ոչ մի ակնկալիք, չեմ սպասում որևէ գնահատանքի. ես մա՛յր եմ, հայուհի, այդ բոլոր  զինվորները նաև իմ զավակներն են»:

…Սիրան Միսակյան-Բասմաջյանը չասաց նաև, որ ինքը, բացի զինվորներից, օգնել է իրեն օգնության խնդրանքով դիմող շատ կարիքավորների, որ իր հանապազօրյա հացը կիսել է շատ նեղյալների հետ…Այս 80-ամյա հայուհին իր ապրած կյանքով ու գործով հայրենասիրության քայլող օրինակ է. նա այն երանելիներից է, ով, լռելյայն, ձեռք մեկնելով դիմացինին՝ իր անունը գրել է Կյանքի գրքում:

Կարինե Ավագյան

555555