Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված դասական երաժշտության համերգ Աստանայում

Հոկտեմբերի 6-ին Աստանայի «Շաբիտ» ստեղծագործական կենտրոնում Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Սահակյանի ջանքերով կազմակերպվել էր հայ դասական երաժշտության համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում է Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի մայրենիի ուսուցչուհի Հայաստան Մնեյանը՝ մասնակցում էին Հայաստանից ժամա­նած դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, օպերային երգչուհի Անահիտ Մխիթարյանը և Բար­սեղ Թումանյանը, ով արդեն երեք տարի պայմանագրով աշխատում է Աստանայի օպե­րային թատրոնում և Աստանայի սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգին հրավիրված էին դիվանա­գետներ, Աստանայի քաղաքապետարանի աշխատակիցներ, հայկական համայնքի ներ­կա­յացուցիչներ։

Համերգի սկզբում ելույթ ունեցավ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, ով շնորհավորեց մեր հայրենակիցներին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ։

Ներկաները մեծ բավականությամբ ունկնդրեցին համերգային ծրագիրը, որը կազմված էր հայ դասական երաժշտության կարկառուն դեմքերի՝ Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Տիգրանյանի և այլոց ստեղծագործություններից։ Ծափահարությունների տարափը, ծաղկեփնջերի և զամբյուղների առատությունը, հանդիսատեսի բուռն օվացիաները հավաստում էին, որ համերգը մեծ բավականություն պարգևեց բոլորին։

«Դուք Հայաստանի գույներով և ոգեղեն գանձերով լցրիք մեր սրտերը,- երաժիշտներին ասացին Աստանայի «Վան» հայկական մշակութային կենտրոնի կիրակնօրյա դպրոցի սաները,-Շնորհակալություն հոգեպարար կատարումների համար»։

Համերգից հետո մենք վերհիշելու և քննարկելու շատ բան ունեինք։ Ես հիշեցի մեր դպրոցը Սարուխանում, նրա վաստակաշատ տնօրենին՝ Հրանտ Հակոբյանին, հիշեցի ուսուցչական գործունեությունս Սարուխանի №1 և №2 դպրոցներում… Հիմա այստեղ՝ Ղազախստանի մայրաքաղաքում, ես փորձում եմ իմ սաների մեջ ներարկել ազգային արժանապատվություն և հպարտություն, որ հայ ենք ծնվել։ Դպրոցական տարիներին այդ կարևոր դասն ինձ տվել է իմ սիրելի տնօրենը։

Աստանա1Աստանա2Աստանա3ԱՍտանա4

Scroll Up