Աշոտ Հակոբյան. «Պլանավորում ենք առաջիկայում ստեղծել Ախալցխայի մեծերի միացյալ թանգարանի ստեղծման հանձնաժողով»

Akhaltskha.Net-ի հարցերին է պատասխանում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը:

-Պրն. Հակոբյան այս տարի ՋԱՀ-ը ավարտին հասցրեց Ջիվանու տուն թանգարանի վերանորոգումը: Այժմ ինչ ծրագրեր ունի հիմնադրամը Սամցխե-Ջավախքում:

Օգոստոսին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում բացվեց Ջիվանու տուն-թանգարանի ցուցասրահի հատվածը, որի առթիվ ուզում եմ շնորհավորել Սամցխե-Ջավախքի ազգաբնակչությանը և ողջ հայությանը: Վստահ եմ, որ տուն-թանգարանը ոչ միայն կակտիվացնի Կարծախում մշակութային կյանքը, կդառնա աշուղագիտական կենտրոն, այլ նաև տուրիստական մեծ հոսքեր կապահովի. Ջիվանու պես մեծ բանաստեղծ-փիլիսոփայի և բարոյագետի ծննդավայր լինելու հանգամանքն ու հրաշալի բնության առկայությունը արդեն իսկ կարևոր նախապայմաններ են Կարծախում զբոսաշրջության զարգացման համար: Այժմ ընթացքի մեջ է Ջիվանու տուն-թանգարանի ուղղությամբ տարվող աշխատանքների երկրորդ փուլը՝ հին տան հատվածի վերականգնման և համալրման աշխատանքները, որտեղ ապրել է Ջիվանին: Ակտիվորեն սկսվել են տուն-թանգարանի՝ աշուղագիտական կենտրոն դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Ջավախքում մշակութային արժեքների պահպանումն ու մշակութային կյանքի ակտիվացման հիմնահարցը մշտապես ՋԱՀ-ի ուշադրության կենտրոնում է, և այդ ուղղությամբ նախագծվող ծրագրերը իսկապես բազմաթիվ են, սակայն դրանցից կուզեի առանձնացնել ներկայումս նախապատրաստվող Ախալցխայի մեծերի միացյալ թանգարանի հիմնման ծրագիրը:

-Պրն. Հակոբյան ինչու հենց միասնական տուն թանգարան եք պլանավորում հիմնել Ախալցխա քաղաքում եւ որն է այդ գաղափարի առավելությունը:

Ախալցխայում թանգարան հիմնելու գաղափարը ծնվել էր դեռևս երկու տարի առաջ` Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագրի քննարկումներին զուգահեռ, և որոշվել էր Ջիվանու տուն-թանգարանի բարեհաջող հիմնումից հետո թանգարան հիմնել նաև Ախալցխայում: Իսկ մեծերի միացյալ թանգարանի գաղափարը առաջացավ ախալցխացիների և արվեստագետների հետ համատեղ քննարկումների արդյունքում. Ախալցխան աշխարհին ու հայությանը բազմաթիվ մեծանուն արվեստագետներ, քաղաքական-հասարակական գործիչներ է տվել, որոնցից յուրաքանչյուրն արժանի է հավուր պատշաճի մեծարման, սակայն բոլորի համար տուն-թանգարաններ կառուցելը ավելի շատ ռեսուրսներ և ժամանակ է պահանջում, իսկ միացյալ թանգարանը հնարավորություն կտա 1-2 տարվա ընթացքում հիմնել մեկ մեծ թանգարան, որտեղ ներկայացված կլինեն տեղի բոլոր մեծերը: Ախալցխայի մեծերի միացյալ թանգարանի նախագծման աշխատանքները ավարտման փուլում են և շուտով կներկայացվեն պոտենցիալ նվիրատուներին: Ջիվանու տուն-թանգարանը բազմաթիվ արվեստագետների, թանգարանագետների, շինարարների կողմից արդեն իսկ հասցրել է արժանանալ բարձր գնահատականների՝ և որպես հաստատություն, և՛ որպես կառույց, շինություն: Սա թույլ է տալիս հավաստիացնել, որ ՋԱՀ-ը, արդեն իսկ այդ գործում ունենալով նշանակալի փորձառություն, կկարողանա կյանքի կոչել նաև Ախալցխայի մեծերի միացյալ թանգարանի ծրագիրը՝ էլ ավելի արդյունավետ կերպով:

-Դուք տեղյակ եք, որ Լուսինե Զաքարյանի տունը վաճառքի է հանվել. չե՞ք պատրաստվում արդյոք ձեռք բերել Լուսինե Զաքարյանի տունը և Մեծերի միացյալ թանգարանը հիմնել հենց այդ տանը:

Մենք պլանավորում ենք առաջիկայում ստեղծել Ախալցխայի մեծերի միացյալ թանգարանի ստեղծման հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն մշակույթի ոլորտի մասնագետներ, ճարտարապետներ, շինարարներ, Ախալցխայի համայնքի ներկայացուցիչներ, որտեղ և կբարձրացնենք այդ և մի շարք այլ հարցեր. Լուսինե Զաքարյանի տունը թանգարան դարձնելու նպատակահարմարությունը կորոշի հանձնաժողովը:

-Պրն. Հակոբյան Ախալցխան դարերով իվեր հանդիսացել է Սամցխե-Ջավախքի զարկերակը: Այն եղել է տարածաշրջանի հոգեւոր, մշակութային ու քաղաքական կենտրոն: Ինչպես եք կարծում ինչու այսօր Ախալցխան առավել անտեսված է Հայաստանի ու սփյուռքի տարբեր կազմակերպությունների կողմից եւ ինչպես կարելի է ուղղել տվյալ իրավիճակը:

Կարծում եմ՝ Ախալցխայի և, առհասարակ, Ջավախքի հարցում պետք է հնարավորինս միասնական մոտեցում ցուցաբերել: Այսօր Հայաստանն ու Սփյուռքը ևս կանգնած են բազմաթիվ մարտահրավերների և խնդիրներ առջև, սակայն ուժերն ու ջանքերը միավորելու դեպքում հնարավոր կլինի առավել համակարգված և արդյունավետ կերպով աշխատանքներ տանել և՛ Ախալցխայում ու Սամցխե-Ջավախքի մյուս շրջաններում, և՛ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում: Որպես հարցի լուծում տեսնում եմ միասնականությունը, ինչին և ձգտում է ՋԱՀ-ը և այդ ուղղությամբ արդեն որոշակի հաջողություններ ունի արձանագրած:

-Երեք տարվա ընթացքում ձեր կազմակերպությունը բավականին ճանաչելի է դարձել Ախալցխայում: Ինչ եք կարծում Ախալցխայի հայերը ինչ սպասելիքներ ունեն հիմնադրամից, որոնք են նրանց խնդիրները եւ ընդհանրապես ինչ ձեւով եք աշխատում ՋԱՀ-ը ժողովրդի հետ, որպեսզի ավելի լավ հասկանա ժողովրդին:

2014թ.-ին ՋԱՀ-ը իր համախոհների, գործընկերների, շահառուների մասնակցությամբ պաշտոնապես սահմանեց իր առաքելությունը, այն է՝ նպաստել Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը և հայ-վրացական համագործակցությանը: Այդ առաքելության իրականացման համար ՋԱՀ-ն ունի մշակված հստակ մեխանիզմներ, որոնց իրականացմանը մեծապես նպաստում է ՋԱՀ-ի՝ Վրաստանում իրավական գրանցում ստանալը և Ախալքալաքում գրասենյակի հիմնումը: Վրաստանի տարբեր շրջաններում ունենք ներկայացուցիչներ և գործընկերներ, իսկ ՋԱՀ-ի գործադիր վարչությունը և հոգաբարձուների խորհուրդը իր հերթին պարբերաբար այցեր է կատարում Ջավախքի տարբեր շրջաններ, որոնց ընթացքում բացահայտվում են Ջավախքի հասարակական կյանքի տարբեր ոլորտների առաջնահերթ խնդիրներ, քննարկվում ոլորտային հանձնաժողովներում և վերածվում ծրագրերի:

Ախալցխա կատարած նմանօրինակ այցելությունների, շփումների արդյունքում բարձրաձայնվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց արդյունքում էլ առաջացած ծրագրերից հենց մեկը Ախալցխայի մեծերի միացյալ թանգարանի հիմնման ծրագիրն է:

Ախալցխայի հայերի ակնկալիքները հիմնականում կապված են ՋԱՀ-ի՝ Ախալցխայում ավելի ակտիվ լինելու, ավելի շատ խնդիրների լուծմանը մասնակցություն ունենալու հետ: ՋԱՀ-ն էլ պատրաստակամ է իր կարգախոսին՝ միասին ավելի ուժեղ լինելու գաղափարին հավատարիմ մնալով, միասնական և համակարգված ուժերով կյանքի կոչել բազմաթիվ առաջնահերթ ծրագրեր:


Հարցազրույցը` Էդուարդ Այվազյանի

Scroll Up