ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես Լոս Անջելեսում

Լոս Անջելեսում շարունակվում են Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները: ՀՀ գլխավոր հյուպատոսության և Գլենդեյլի քաղաքային խորհրդի համատեղ ջանքով Գլենդեյլի քաղաքապետարանի շենքում բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ցուցահանդեսին ներկայացված 150 լուսանկարները պատմում են 1990-2016թթ. ժամանակաշրջանում Հայաստանի մշակութային, տնտեսական, քաղաքական, գիտական ու հասարակական ոլորտներում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին:

Բացման արարողությանը ցուցահանդեսի հեղինակ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանը նշեց, որ միջոցառման նպատակն է հայ և օտարազգի հանրությանը ներկայացնել ՀՀ անկախության ճանապարհը:

ՀՀ հյուպատոս Արմելլա Շաքարյան իր ելույթում ընդգծեց, որ ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ հնարավոր է եղել բազմաթիվ խնդիրներ հաղթահարել ու հաջողություններ արձագանքել:

Գլեդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանը իր խոսքում կարևորեց նման ցուցահանդեսի բացումը Գլենդեյլում, որով քաղաքի բազմազգ բնակչությանը լրացուցիչ հնարավորություն է ընձեռվել լուսանկարների միջոցով ծանոթանալու Հայաստանի նորագույն պատմությանը և հայ համայնքին:

Միջոցառմանն Արմելլա Շաքարյանը շնորհակալագիր հանձնեց Վարդան Ղարպետյանին՝ հյուպատոսության հետ համագործակցելու և նմանատիպ միջոցառման կազմակերպելու հարցում օժանդակություն ցուցաբերելու հարցում:

Scroll Up