«Հայ երգի օր»` նվիրված Կոմիտասին

Հայ երգի օր

Սեպտեմբերի 26-ին, ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ  «Հայ երգի օր» համերգային ծրագիրը՝ նվիրված Կոմիտասին:

Երաժշտական երեկոն մեկնարկեց Կոմիտասի մասին պատմող տեսաֆիլմով:

Երեկոն վարում էր հաղորդավար Սարգիս Նաջարյանը: Հնչեցին հայկական-ժողովրդական, դասական և էստրադային ստեղծագործություններ:

Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը ներկայացրեց Նարեն (Լիբանան):

Սայաթ-Նովայի «Քանի վուր ջանիմ» երգի կատարմամբ հանդես եկավ Սոսե Գրիգորյանը (Իսրայել):

«Գուսանի երգը» կատարեց  Արթուր Բաղդասարյանը (Թուրքիա):

Այնուհետև հնչեց Կոմիտասի «Հոյ նազան» ստեղծագործությունը՝ Շվեդիայից ժամանած Քրիսթեր Վիկմարկի և Կարինե-Հելման Գևորգյանի կատարմամբ:

Առնո  Բաբաջանյանի  «Երևան» երգով հանդես եկավ  Ճապոնիայից ժամանած Ստեֆանիա Թոփալյանը:

Լիբանանահայ Գևորգ Հաճյանը կատարեց Գուսան Հայկազունի «Պիտի գնանք վաղ թե ուշ» ստեղծագործությունը:

Կոմիտասի և մյուս երգահանների ստեղծագործությունները ներկայացրին նաև Ադել Ազրոյանը՝ Ռուսաստանից, Բեթինա Հովսեփյանը՝ Իրանից, Վահե Թիլբյանը՝ Եթովպիայից, Մարինա Բերբերյանը և Իռենա Կոֆմանը՝ ԱՄՆ-ից,  Քրիսթեր Վիկմարկը՝ Շվեդիայից, Սար Սարգսյանը՝ Արցախից, Արաքս Ավագյանը, Սիլվա Պետրոսյանը, Աննա Պողոսյանը՝ Հայաստանից:

Հաղորդավար Սարգիս Նաջարյանը ներկայացրեց Փանոս Թերլեմեզյանի հուշերը Կոմիտասի մասին:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով. «Հարգելի° ներկաներ, սիրելի հայրենակիցներ, 2014թ. ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ դրվեց Կոմիտասի ծննդյան  օրը տոնելու հիմքը, որը հնարավորություն տվեց ոչ միայն մեր հարգանքն ու խոնարհումը բերելու հայ երգի Մեսրոպ Մաշտոցին, այլև համախմբելու Հայրենիքի և Սփյուռքի հայ կատարողներին մեկ հարկի ներքո: Այսօր մենք նաև ավարտում ենք դեռևս հուլիս ամսին մեկնարկած «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: Սփյուռքից ժամանած 25 պարախմբեր, 12 երգչախմբեր, դուդուկահարներ և երգիչներ մշակութային անկրկնելի զգացողություն հաղորդող միջոցառումներով հիանալու առիթներ ստեղծեցին մեզ համար: Եվ այսօր, ձեր շնորհիվ, մենք վայելեցինք հայ երգի հրաշալի մեղեդիներ, կրկին համոզվեցինք, որ մեր ազգային երաժշտության մեջ ամփոփված է հայկական ջերմ ու հարազատ աշխարհը, որը ուժ է հաղորդում մեր համայնքներին, նպաստում, որ սերունդները հայ մեծանան՝ չենթարկվելով օտար ազդեցություններին: Այսօր մենք բոլորս հիացանք Ճապոնիայից ժամանած Ստեֆանիա Թոփալյանի կատարմամբ, ով դեռ չի տիրապետում մայրենիին, սակայն մեծ հուզականությամբ հայերեն ներկայացրեց Առնո Բաբաջանյանի  «Երևան» ստեղծագործությունը: Ձեզ մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Թո°ղ, որ ՀՀ 25-ամյա տարեդարձին նվիրված «Իմ Հայաստան» փառատոնը և Հայրենիքում անցկացրած օրերը նոր նպատակների ու ձեռնարկների իրականացման մտահղացումներ առաջացնեն՝ նպաստելով համայնքների մշակութային կյանքի ակտիվացմանն ու Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցության ամրապնդմանը»:

Համերգային ծրագրի ավարտից հետո ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը փառատոնի մասնակիցներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության « Իմ Հայաստան» հուշամեդալներ ու հավաստագրեր:

Նշենք, որ մինչ համերգը Սփյուռքի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ փոխնախարար Սերժ Սրապիոնյանի գլխավորությամբ, այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին վարդապետի շիրիմին:

4 5 1 - Copy 1 2 3