«Դուդուկի ելևէջներն ինձ կտրում են երկրային կյանքից, ասես ձուլվում եմ բնությանը, երկնային անհունին». Հակոբ Բաբայան

Հակոբ-դուդուկահար

ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Հայաստանի անկախության տոնի 25-ամյակին նվիրված  «Իմ Հայաստան-2016» փառատոնի շրջանակներում անցկացվող «Դուդուկի և հայկական այլ նվագարաններ» միջոցառմանր տարբեր երկրներից ժամանած մասնակիցներից՝  արցախցի երիտասարդ դուդուկահար Հակոբ Բաբայանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

 

-Հակո՛բ, ո՞ր տարիքից եք սկսել դուդուկ նվագել և ինչու՞ ընտրեցիք հենց դուդուկը. գերդաստանում եղե՞լ են դուդուկահարներ:

Ինը տարի է, ինչ սկսել եմ շվի եմ նվագել. մասնագիտական գործիքս շվին է, սակայն արդեն երկու տարի է, ինչ  սկսել եմ դուդուկ նվագել: Հոգումս վաղուց է եղել երաժշտության հանդեպ մեծ սերը, սակայն  երաժշտական որևէ գործիք նվագելու հնարավորություն չունեի: Ես  սովորում էի Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում: Մեր դպրոց եկավ շվիի հատուկ մասնագետ, ես սկսեցի հաճախել շվիի խմբակ ու կապվեցի այդ հրաշք գործիքին: Սկսեցի ավելի խորանալ երաժշտության մեջ, այն դարձավ իմ աշխարհը, իմ ապագան: Գերդաստանում ոչ մի երաժիշտ չի եղել, ես առաջինն ու միակն եմ:

-Առաջի՞ն անգամ եք մասնակցում այս փառատոնին:

-Երկու տարի առաջ՝ 2014-ին էլ եմ մասնակցել «Իմ Հայաստան» փառատոնին, անցյալ տարի  մասնակցել եմ Կոմիտասին նվիրված համահայկական փառատոնին և արդեն 3-րդ անգամ եմ մասնակցում, որի համար շատ ուրախ եմ, որովհետև այս միջոցառումները  հնարավորություն են ընձեռում ոչ միայն ինքնահաստատվելու, ներկայանալու  հասարակության լայն շերտերին, այլև՝ շփվելու  աշխարհի տարբեր ծայրերից փառատոնին մասնակցող երաժիշտների հետ. ստեղծվում է բարեկամության, ընկերության նոր հարթակ, նոր ծանոթություններ են սկիզբ առնում, նորություններ ենք սովորում մեկս մյուսից: Անչափ շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարին՝ նման միջոցառումներ կազմակերպելու համար. սա նաև շատ լավ հնարավորություն է՝ ինքդ քեզ հաշվետվություն տալու, ստուգելու քո առաջխաղացման աստիճանը:

-Մեր հրաշք ծիրանափողն ի՞նչ է տալիս քեզ, ի՞նչ են պատմում քեզ նրա թախծանուշ ելևէջները, ի՞նչ զգացումներ են պարուրում  հոգիդ…

-Անգամ, եթե ես չեմ նվագում, միայն լսում եմ այդ գործիքով կատարումներ, հոգիս լցվում է մի անբացատրելի զգացումով. կարծես մտովի, հրաշքի նման հայտնվում եմ Պատմական Հայաստանում, տեսնում եմ այդ չքնաղ երկրի անձեռակերտ, հարուստ  բնությունը,սրբասուրբ եկեղեցիները…Դուդուկն ինձ մի տեսակ հեռացնում է այս երկրային կյանքից:

-Ո՞ր գործն ես առավել սիրով կատարում, ո՞րն է քո հոգու երգը, մեղեդին:

-«Դլե յաման»-ը, «Քելե լաո»-ն…Վերջինիս կատարման ժամանակ, երբ ունկնդիրները  հիմնականում սփյուռքահայեր են լինում, չեք կարող պատկերացնել նրանց արձագանքը:

-Հակո՛բ,  ի՞նչ ծրագրեր ունեք ներկայի և ապագայի համար:

-Ներկայում կատարելագործում  եմ երաժշտական գիտելիքներս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, սովորում եմ մագիստրատուրայի երկրորդ կուրսում, իսկ ապագայի համար երազանք ունեմ Արցախում առավել զարգացնելու  մեր հայկական մշակույթը, զարգացնելու դուդուկի մշակույթը…

-Գուցե Դո՞ւք դառնաք Արցախում դուդուկի դպրոցի հիմնադիրը…

-Կա՛ն երաժշտական դպրոցներ, որտեղ ունենք դուդուկի դասարաններ. իհարկե, հրաշալի գաղափար է, կերազեի ինքս հիմնել Դուդուկի դպրոց…

-Սիրելի՛ Հակոբ, շնորհակալությո՛ւն այս գեղեցիկ ու սրտառուչ հարցազրույցի համար, հաջողություններ և ավելի մեծ բեմեր նվաճելու ձգտում, հաղթանակներ եմ մաղթում քեզ, մեր ազգային նվագարանը աշխարհով մեկ  քո մատներով, քո սրտի զարկերով հնչեցնելու հնարավորության եմ ցանկանում:

Զրուցեց Կարինե Ավագյանը

IMG_3919 IMG_4130