«Դուդուկի փառատոնի» մասնակիցները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Նախարար-Դուդուկ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Դուդուկի փառատոնի» մասնակիցներին:

Շնորհակալություն հայտնելով փառատոնի մասնակիցներին՝ դուդուկի միջոցով աշխարհի տարբեր երկրներում և հատկապես Սփյուռքում հայ ազգային երաժշտությունը լսելի դարձնելու համար, նա նշեց. «Ուրախ եմ ողջունելու ձեզ Սփյուռքի նախարարությունում: Անշուշտ, մեծ գնահատանքի են արժանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երեկ տեղի ունեցած հիանալի համերգին ձեր կատարած հրաշալի ելույթները: Ցանկանում եմ այս փառատոնը առանձնացնել նրանով, որ այն նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Այսօր մենք տոնում ենք մեր պետության գոյության ամենագեղեցիկ տոներից մեկը, և  գլխավորն այն է, որ մենք պահում, պահպանում ենք մեր ազգայինը, հայկականը՝ մեր ազգային ծիրանափողը: Փառատոնն առիթ է, որ դուք ավելի նախապատրաստվեք, նոր գործեր սովորեք, նոր հադիսատես նվաճեք, ինչպես նաև ծանոթություններ հաստատեք տարրբեր երկրների և մշակույթների կրողների հետ: Փառատոնը նաև մեծ հնարավորություն է տալիս վարպետության դասեր վերցնել մեծանուն երաժիշտներ Գևորգ Դաբաղյանից,  Ջիվան Գասպարյանից: Եվս մեկ անգամ ցանկանում եմ  շնորհակալություն հայտնել ձեզ՝ նվիրումի և ստեղծած արվեստի համար: Հավատում եմ՝ Հայաստանը այնքան եք սիրել, որ այսուհետ առավել հաճախ կայցելեք ծիրանփողի երկիր:

Նախարարի պաշտոնակատարը  նաև հավելեց, որ մտադրություն կա կազմակերպել ազգային նվագարանների միջազգային փառատոն, որը հնարավորություն կընձեռի մեկ բեմում համախմբելու հայ և օտար երաժիշտներին:

Գերմանացի երաժիշտ Սորեն Բիրկեն նշեց, որ հինգերորդ անգամ է, ինչ Հայաստանում է, և ամեն անգամ հայ հանդիսատեսի ջերմությունը,  մշակույթն իրեն մեծապես ոգեշնչում են: Հայ մեծանուն դուդուկահարներ Ջիվանը և Գևորգը իսկապես կարողանում են դուդուկը տարածել աշխարհով մեկ՝ կամուրջ ստեղծելով հայ և մյուս ժողովուրդների մշակույթների միջև:

Շնորհակալություն հայտնելով փառատոնին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար՝ Արցախի մասնակից Հակոբ Բաբայանը նշեց, որ մեկ բեմում բազմաթիվ հայ և օտար երաժիշտների հետ հանդես գալը ոգևորում և մեծ ուժ է տալիս իրեն:

Այնուհետև նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը փառատոնին մասնակցելու համար Հակոբ Բաբայանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան»  հուշամեդալով և հանձնեց հավաստագիր:

Փառատոնի մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով, կարծիքներով և նշեցին, որ  նմանօրինակ  փառատոները յուրահատուկ հարթակ են համախմբելու  ինչպես հայ, այնպես էլ օտար երաժիշտների:

1 2 3 Dud]