Տեղի ունեցավ Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

pp

Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո 2016թ. իրականացվող «Իմ Հայաստան» համահայ­կական փառատոնը  նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:

Համերգը Արամ Խաչատրյանի «Լեզգինկա»-ի կատարմամբ բացեց Հայկական ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ  Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:

Ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը: Հայկական ժողովրդական խաղիկների շարանով հանդես եկան Գավառի Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի սաները:

 Այնուհետև ելույթ ունեցավ դուդուկահարների մանկական եռյակը (Գագիկ Սահակյան, Թաթուլ Համբարձումյան, Գևորգ Ստեփանյան, դասատու` Ժիրայր Հարությունյան):

Ժողովրդական, ազգագրական երգերի և հայ մեծանուն կոմպոզիտորների, գուսանների (Արամ Խաչատրյան,  Սայաթ-Նովա, Առնո Բաբաջանյան, Ալեքսեյ Հեքիմյան, Խաչատուր Ավետիսյան, Աշուղ Աշոտ) ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Վալերի Նամը և Յուրա Սարգսյանը՝ Ռուսաստանից, Իվանե Մկրտչյանը՝ Վրաստանից, Էդվարդ Ջերջիյանը և Մադիանա Թորոսյանը՝ Կանադայից, Ճորճ Վանեսյանը` Սիրիայից, Հակոբ Բաբայանը, Նորայր Սահակյանը, Համլետ Դաշյանը և Սեդրակ Ավագյանը՝ Արցախից, ինչպես նաև այլ երաժիշտ-կատարողներ Հայաստանից: Բեմից առաջին անգամ հնչեցին մեղեդիներ՝ գրված դուդուկի համար:

Շնորհակալություն հայտնելով գերմանացի ժողովրդին և Բեռլինի Բունդեսթագին 2016թ. հունիսի 18-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունելու համար՝ հանդիսավար Սարգիս Նաջարյանը բեմահարթակ  հրավիրեց գերմանացի դուդուկահար Սյորեն Բիրկեին (նվագակցողներ՝ Ուվե Ֆիշեր, Աքսել Լորենց և կոմպոզիտոր՝ Դիրկ Միքաելիսը) և Գրեգոր Շուլենբերգին:

Հայաստանի քանոնահարների անսամբլի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողավրդական արտիստ Հասմիկ Լեյլոյան) հնչեցին Սայաթ-Նովայի «Լալանին» և «Բռոի-Բռոի» ստեղծագործությունները:

Ցուցադրվեցին հայկական հնագույն նվագարանների՝ ծիրանափողի, քանոնի, պարկապզուկի ստեղծման և պատմության մասին տեսաֆիլմեր:

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Դուդուկի փառատոնի մասնակիցները համերգային ծրագրով հանդես կգան Թալինում: Իսկ սեպտեմբերի 24-ին Գավառում տեղի կունենա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:

Փառատոնի մասնակիցները կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստանի ազգային պատկերասրահ, կլինեն Գառնու հեթանոսական տաճարում և Գեղարդի վանքում, Օշականում ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, իսկ Երևանում՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանին:

772 (1)

14 6 7