«Պետք է նոր շունչ հաղորդենք հոգևոր երաժշտությանը». պոլսահայ երաժիշտներ

IMG_1835

Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վոկալ երաժշտության երեկո էր: ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում ելույթ ունեցան պոլսահայ  երգիչ, բարիտոն  Արթուր Բաղդասարյանը և երգեհոնահար Էդվին սրկ. Գալիփյանը: Երաժիշտները միասին առաջին անգամ էին մասնակցում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին:

Արթուր Բաղդասարյան.

Մենք երկուսով երկրորդ անգամ ենք համերգ ունենում Հայաստանում: Առաջին համերգը տեղի ունեցավ անցյալ տարի, երբ  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից հրավեր ստացանք  Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ելույթ ունենալու, որտեղ ներկայացրինք հոգևոր երգեր:

Ես և երգեհոնահար Էդվին սրկ. Գալիփյանը միասին առաջին անգամ ենք մասնակցում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին: Ես երկու տարի առաջ եմ մասնակցել՝ մեներգել եմ դուդուկի փառատոնին, այցելել եմ Գավառ քաղաքի երաժշտական դպրոց: Շատ ուրախ էի, որ մաս էի կազմում այդ փառատոնին: Գովելի է, որ կա նման համահայկական նախագիծ, որը միավորում է մեզ, և մշակութային կապ է ստեղծում Սփյուռքի և Հայրենիքի միջև: Ապագայում ցանկություն ունենք հոգևոր ծրագիրը ներկայացնել աշխարհի տարբեր հայկական համայնքներում, որպեսզի իրենք էլ լսեն և գիտենան, որ հոգևոր երաժշտությունը միայն եկեղեցում չի հնչում: Նպատակ ունենք նաև աշխարհին ներակայացնել, թե ինչ է հայկական հոգևոր երաժշտությունը: Մեր երգացանկում ընդգրկված են նաև ժամանակակից հոգևոր երաժշտության մոտիվներ: Հույս ունենք, որ ապագայում էլ կայցելենք Հայաստան, բայց այս անգամ արդեն՝ ելույթ կունենանք սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Էդվին սրկ. Գալիփյան

– «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին ներկայացանք  հոգևոր երաժշտությամբ: Ներկայացրեցինք նաև երաժիշտ  Էդգար Մանասի աշխատանքներից, որը երկար ժամանակ ուսումնասիրել է Ռիխարդ Վագների ստեղծագործությունները: Եթե փորձեք լսել Էդգար Մանաս, Ձեզ կթվա, թե Վագներ եք լսում: Մանասը նաև բազմաթիվ հոգևոր գործեր ունի: Նա մեծ երգահան է, բայց մեր օրերում, դժբախտաբար, իր ստեղծագործություններն ուսումնասիրող մասնագետ չկա: Նրա բոլոր գործերն այսօր պահպանվում են Եղ. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Մեր ծրագրում առաջին անգամը չէ, որ ներկայացնում են Էդգար Մանասի ստեղծագործությունները:

Այս ծրագրի վրա աշխատել ենք մոտ տասը տարի, համերգներ ենք ունեցել մի շարք երկրներում: Ես և Արթուրը շատ ենք կարևորում հոգևոր երաժշտությունը: Բացի Մանասի ստեղծագործություններից, ներկայացնում ենք նաև հայ կոմպոզիտոր Արա Միհրանի Պարթևյանի գործերը: Կատարում ենք նաև Կոմիտասի ստեղծագործություններից: Ես նվագում եմ նաև Ալան Հովհաննեսի աշխատանքներից:

Արթուրի հետ համագործակցում եմ շուրջ տասը տարի, և այդ ընթացքում մենք աշխատել ենք հոգևոր երաժշտության ուղղությամբ: Այդ տասը տարիները եղել են պրպտումի տարիներ: Դժվար էր գտնել երգերի նոտաները, կարևոր էր նաև ուսումնասիրել երգահանների կենսագրությունը, որպեսզի կարողանայինք ունկնդրին հաղորդել նրանց մտքերը:

Հույս ունեմ, որ ապագայում էլ կկարողանանք միասին աշխատել թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում: Պետք է նոր շունչ հաղորդենք հոգևոր երաժշտությանը, այն մեր մշակույթի հարստություններից է:

Տաթև Դավթյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

IMG_1934