Լոս Անջելեսի «Գրանդ պարկ» այգում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվել

Լոս Անջելես քաղաքի «Գրանդ պարկ» այգում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան։ Այդ մասին հաղորդում է Horizon Weekly։

Տեղեկատվության համաձայն, հուշարձանի բացումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: 5 տոննա կշռող հուշարձանը կերտել է Գլենդելում բնակվող ճարտարապետ Վահագն Թոմասյանը, ով հուշարձանի համար որպես հումք օգտագործել է Արարատյան դաշտից բերված հրաբխային կրաքար: Սեւ ժայռաքարը խորհրդանշում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւ գոյատեւումը:

Այն մեջտեղից երկու մասի բաժանված ժայռաքար է, որի մի կողմը հարթ է, իսկ մյուս կողմը` ընդգծված խորդուբորդություններով:

Հուշարձանը շրջապատված է գետնի մեջ ներկառուցված մետաղական շրջանակով, որի վրա փորագրված են Վիլյամ Սարոյանի խոսքերը. «Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը»:

iravunk.com

Scroll Up