ՀԲԸՄ Հայաստանը կհյուրընկալի «Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» միջազգային համաժողովը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կհյուրընկալի «Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» եռօրյա միջազգային համաժողովը սեպտեմբերի 17-19-ը, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ՀԲԸՄ մամուլի ծառայությունից:

«Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» միջազգային համաժողովը կազմակեպել է «Women in War» կազմակերպությունը (Ֆրանսիա)՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀԲԸՄ Հայաստանի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դվվ Ինթերնեյշնլ) հետ համագործակցությամբ:

Համաժողովը մի հարկի տակ է համախմբելու աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 50 բանախոսի՝ քննարկելու ցեղասպանության անձնական, քաղաքական և սոցիալական հետևանքների գենդերային բնույթը։

Բանախոսների թվում են ֆեմինիստ մտածողներ, ակտիվիստներ, պատմաբաններ, սոցիոլոգներ, մարդաբաններ, հոգեբաններ և իրավաբաններ, որոնք տարբեր մոտեցումներ կներկայացնեն ցեղասպանությունների և զանգվածային բնաջնջումների վերաբերյալ, այդ թվում Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, ամերիկյան հնդկացիների, աֆրոամերիկացիների, Ավստրալիայի բնիկների, Կամբոջայի, Ռուանդայի, Բոսնիայի և Մյանմարում Ռոհինգիայի ցեղասպանությունը:

Մեր օրերում հալածված ազգերի՝ Եզդիների, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և քրդերի ճակատագրերը կուսումնասիրվեն համաժողովի ընթացքում, անդրադարձ կլինի նաև փոխհատուցման և հաշտեցման հնարավորություններին՝ նպատակ հետապնդելով կանխել հետագա ցեղասպանությունները:

 Այս նախագիծը իրականացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության և մյուս գործընկերների առատաձեռն հովանավորության շնորհիվ։ Համաժողովին կարող եք հետևել նաև ուղիղ կապի միջոցով՝ www. agbu.am կայքում:

Ցուցահանդեսը 

Սեպտեմբերի 16 – Նոյեմբերի 1

«Քարտեզագրելով ինքնությունը․ կերպարներ, սահմաններ ու ազգություններ»

Դանա Ուալրաթի հեղինակած գրքերը, նկարները և ձեռակերտ թղթի վրա արված աշխատանքները ՀԲԸՄ-ի ցուցահանդեսի համար

«Քարտեզագրելով ինքնությունը. կերպարներ, սահմաններ և ազգություններ»-ը հայտնի արվեստագետ, հեղինակ և մարդաբան Դանա Ուոլրաթի աշխատանքների ընտրանու անհատական ցուցահանդեսն է։ Ուոլրաթի «Հայացք բարձունքից» ցուցադրությունը ներկայացնում է ապամարդկայնացումը (ճանաչողական փոփոխությունը, որը թույլ է տալիս մարդկանց վերաբերվել միմյանց նույն անարգանքով, որով մարդիկ հաճախ վերաբերվում են կենդանիներին)՝ որպես ինտերակտիվ գործընթաց։ Ապամարդկայնացումը ցեղասպանության չորրորդ փուլն է։ Շարքը բաղկացած է վերջին 500 տարիների 9 ցեղասպանություններին (ամերիկյան հնդկացիների, աֆրոամերիկացիների, Ավստրալիայի բնիկների, հայերի, Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Բոսնիայի և Մյանմարում Ռոհինգիայի ցեղասպանությունը) անդրադարձող ձեռագործ գրքերից։ Ձեռագործ գրքերը ինտերակտիվ են. դրանք ստիպում են մարդկանց զգալ ապամարդկայնացումը, էջերը թերթելիս իրենց բառացիորեն մեղսակցի դերում պատկերացնել։ Ինը բնօրինակներից երկուսը բաղկացած են նկարներից և հին կենդանաբանական տեքստից՝ պատված թերթաքարով: Այս նմուշները կցուցադրվեն ՀԲԸՄ-ում՝ ի թիվս նրա «Հայկական քարտեզներ» շարքի, թղթի վրա արված ավելի ծավալուն աշխատանքների, որոնք վերհանում են ազգայնականության սահմանները, ինքնությունը և ֆետիշականացումը:

Scroll Up