«Աստված իր անելիքն արել է՝ օրհնել է մե՛զ, մեր հո՛ղը, մնում է, որ մենք պահպանենք այն, պահպանենք մեր Անկախությունը». Հայկազուն եպիսկոպոս Նաջարյան

«Հայրենիքն այն է, որը  խոսում է հոգուդ հետ»

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի ներկայացուցիչ, ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ Հայկ Լեփեջյանը և Ավստրալիայի հայկական համայնքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Էդվարդ Դարբինյանը եղան նաև «Հայերն այսօր»-ի խմբագրությունում, ուր և  ծավալվեց  մեր զրույցը Հայկազուն եպիսկոպոս  Նաջարյանի  հետ:  

-Սրբազա՛ն, գիտեմ, որ առաքելությամբ եք եկել Հայաստան՝ մասնակցելու Արցախում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին. խնդրում եմ ասել՝ այդ  հավաքը տվե՞ց սպասված, ցանկալի արդյունքներ, հասա՞վ իր նպատակին:

-Մի քիչ դժվար է ամբողջական իմաստով պատասխանել այդ հարցին, սակայն այս տարի Գերագույն հոգևոր խորհրդի մեր ժողովը (սովորաբար այն տեղի է ունենում սեպտեմբեր ամսին՝ Հայաստանի Անկախության տոնի օրերին) Վեհափառ Հայրապետը որոշել էր, որ գումարվի սեպտեմբերի սկզբին, Արցախում: Ինչպես երևում է՝Վեհափառի մտքում այն գաղափարը կա, որ տարբեր առիթներով, տարբեր թեմերում և նույնիսկ տարբեր երկրներում գումարվեն  մեր ժողովները, որպեսզի կարողանանք ավելի մոտիկից շփվել տվյալ թեմերի, հայկական տարբեր գաղութների հետ, և նրանք զգան, որ Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգված է իրենց խնդիրներով եթե ոչ՝ամբողջությամբ, ապա՝ մասնավորաբար, ինչպես օրինակ՝ Արցախի առնչությամբ: Մենք ոչ միայն մեր ժողովը գումարեցինք Ստեփանակերտում, այլև առիթ ունեցանք հանդիպելու Արցախի նախագահ Բակո Սահակյանին, իշխանության ներկայացուցիչներին, վարչապետին, զորավարներին, եղանք նաև զորամասերում: Շուրջ 350 զինվորներ միաբերան ասում էին՝ օրհնեցե՛ք, Վեհափա՛ռ Տեր…Շատ հուզիչ էր. զրուցեցինք յուրաքանչյուր զինվորի հետ, իմացանք, թե ով որտեղից է եկել ծառայության, լսեցինք նրանց կարծիքները, մտորումները, հիացանք նրանց մարտունակությամբ, հայրենասիրությամբ ու քաջությամբ: Զորամաս այցելելու մեր նպատակն էր ցույց տալ, որ հայ եկեղեցականը, Կաթողիկոսից սկսած, իր զինվորի կողքին է: Մենք հպարտություն տեսանք մեր զինվորների մոտ, վախկոտության ո՛չ մի նշույլ. հաճելի էր դա զգալ: Վերջին օրն այնպես ստացվեց, որ առաջին գիծ գնացինք, ուր երբևէ ես չէի եղել. (մի քանի հարյուր մետրի վրա թշնամու դիրքերն էին), տեսանք զինվորի մի տեսակ չարքաշ կյանքը՝ խորդուբորդ ճանապարհներ, խրամատային կյանք, որը բնական է, որովհետև զինվորական կյանքը շքեղ անկողինն ու փափուկ բարձը չէ. մեր դիրքերը  շատ ամուր, շատ լավ էին պատրաստված, բայց նայում էի այդ երեխաներին (վախենում եմ նրանց երիտասարդներ անվանել) ու զարմանում, որ մեր առաջնագիծը, մեր սահմաններն այդպես կորովի նրա՛նք՝ այդ 18,19,20 տարեկան տղաներն են պաշտպանում: Զորավարները, հրամանատարները մեզ հավաստիացրեցին, որ այդ տղաները կտրիճներ են, և հե՛նց նրանց նմանների շնորհիվ, նրանց թափած արյան գնով ապրիլյան քառօրյայում կարողացանք ետ մղել ազերիների նախապատրաստված  հարձակումը, որ զինվորներից որևէ մեկն անգամ իր դիրքերից չի նահանջել: Ես տեսա, որ մեր ռազմական տեխնիկան էլ պակաս չէ: Կարելի՛ է վստահել Հայոց բանակին, հայի ոգուն, անպարտելի էությանն ու արիությանը:

-Սրբազա՛ն,  ո՞րն էր Գերագույն հոգևոր ժողովի բուն նպատակը, ի՞նչ խնդիրներ քննարկվեցին:

-Եկեղեցական կառույցների և թեմերի գործունեությանն առնչվող զեկույցներ եղան, եկեղեցական կանոնադրության լրամշակման ընթացքին վերաբերող խնդիրներ քննարկվեցին: Հարցերից մեկն էլ այն էր, թե այս 25 տարիների ընթացքում ինչ է արվել Արցախում, որի մասին խոսեց Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանը: Մենք երբեմն լսում ենք, թե մի մատուռ այսինչ տեղում, մի եկեղեցի այնինչ տեղում է կառուցվել, վերանորոգվել, եկեղեցականների թվի մասին ենք լսում. շատ հետաքրքիր էր լսել այդ մասին և աչքով տեսնել արվածը: Ես այն սակավաթիվ հայերից եմ, ով խորհրդային տարիներին դրսից եկել և իր աչքերով տեսել է Շուշին, որտեղ ազերիաբնակ մոտ 40.000 ժողովուրդ կար, այցելել եմ այդ մզկիթը, տեսել եմ թանգարանը, տեսել եմ, թե ինչպես է այնտեղ ներկայացվում իրենց չունեցած մշակույթը, ձեռքբերումները. հայկականության մասին խոսք անգամ չկար: Շուշիում կային 20-ական թվականներին այրված հայկական թաղամասերի մնացորդներ, որտեղից ազերիները ավերակներից, հայկական գերեզմանոցներից հանում էին այդ խաչքարերը և նետում հեռու ճանապարհների վրա: Կապույտ ժամը նրանք դարձրել էին հանքային ջրերով լոգանք ընդունելու վայր: Ղարաբաղի մեր ժողովուրդը կարողացավ հերոսացման գնալ Հայաստանի հետ միասին, թոթափեց իր վրայից ազերիական լուծը, կայացրեց ինքնորոշման իրավունքի իր վճիռը: Հիմա անկախ Արցախը պահելու խնդիրն ունենք, որն ունի զանազան դժվարություններ: Մենք պետք է կարողանանք պահել ու պահպանել մեր բոլոր ձեռքբերումները, պետք է փայփայենք մեր անկախությունը:

– Շրջապատված լինելով  թշնամիներով՝  մի  սրտաչափ Հայաստանն ու Արցախը կարողանում են դիմակայել  ամեն մի դժվարության՝ տնտեսական շրջափակման, պատերազմական գործողությունների, ամեն տեսակ նեղությունների. չե՞ք կարծում արդյոք, որ վերջին տարիներին արցախցիների վերականգնված հավատքի զորությո՛ւնն է այդ չքնաղ բնաշխարհի անառիկության, անպարտելիության գրավականը:

-Անշու՛շտ, հավատքն  իր մեծ դերն ունի, բայց ինձ թվում է, որ Արցախի պարագայում  ազնվականության մնացորդացն է նաև գրավականը: 1400 թվականից հետո մեր բոլոր իշխանական տները վերացան, և մնացին միայն Ղարաբաղի մելիքություններն ու  Պատմական Հայաստանի մի շարք նահանգներում՝ Սասունում, Զեյթունում, մի քանի գյուղապետեր…և երբեք էլ, հետևաբար, պատահական չէ, որ  1441-ին Մայր Աթոռը Կիլիկիայից՝ Սսից  Էջմիածին տեղափոխվելուց հետո՝ 1500-ական թվականներին արդենիսկ առաջին ազատագրական շարժումը հե՛նց Ղարաբաղից սկսվեց. այդ ամենը խոսում է այն մասին, որ այնտեղ, որտեղ ազնվականություն շոշափող կա, արմատնե՛րը կան ազնվականության, մանավանդ՝ լեռնային շրջաններում, հայն իր անկախությունն ու ազատությունը կորցնելու, զիջելու հետ երբեք չի հաշտվի, կպայքարի: Ղարաբաղն իրականության մեջ երբեք չի նվաճվել ազերիների կողմից, պայմանները պարտադրել են, անկախության ոգին նրանց մեջ երբեք չի  մարել…

Հիշում եմ՝ 1973 թվականն էր, «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթարշավի, վերազարթոնքի տարիներն էին, ես Արցախի հեռավոր գյուղերից մեկում էի, երկու փոքրիկների տեսա, ովքեր «Արարատ»-ի ֆուտբոլային երգն էին երգում, որն արձագանքվում էր լեռներում ու ձորերում: Մտածում ես, որ այդ երեխաների երգի՛ մեջ է միասնականության ու հաղթանակի ոգին, և, հետևաբար, հենց  դրա՝ այդ միասնականության արձագանքն էր, որ արցախցի՛ն, ժողովու՛րդը ոտքի կանգնեց, պաշտպանեց իր իրավունքներն ու հաղթեց: Երբ ժողովուրդը միացյալ է, կհաղթանակի ամեն ինչում: Մենք մեր հույսը մեր  ուժերի վրա պետք է դնենք. Աստված իր անելիքն արել է՝ խելք է տվել, օրհնել է մեզ, մենք էլ մեր անելիքը պե՛տք է անենք, պետք է կարողանանք պահպանել մեր անկախությունը,Արցախի անկախությունը, մեր սուրբ հողը, պետք է այնպես անենք, որ բարգավաճի մեր երկիրը:  Ես ուզում եմ Սինգապուրի օրինակը բերել, որն ընդամենը մի փոքր կղզի է,   իր սեփական ջուրն անգամ չունի, ոչինչ չունի, ամեն ինչ դրսից է գալիս, սակայն այդ փոքր կղզին կերակրում է իր 3,5 միլիոնից ավելի ժողովրդին, և, ըստ որում, այդ փոքրիկ կղզին երբեմն մեծացնում են ծովի հաշվին, որպեսզի կարողանան շենքեր կառուցել. Սինգապուրի համեմատ մենք հսկայական երկիր ունենք. Դուք ասում եք, որ նրանք ծով ունեն, մենք չունենք… պետք է ասեմ, որ խնդիրը  դրանում չէ, մենք ծրագի՛ր պետք է ունենանք, տեսլական և այդ տեսլականի հիման վրա մեր հեռանկարները մշակենք, որպեսզի իմանաք, թե եկող տարիներին ուր ենք հասնելու: Այս 25 տարիների կառուցողական կողմը շատ չեմ տեսնում. անշո՛ւշտ, եղել են ու կան ձեռքբերումներ, բայց պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք այդ ձեռքբերումները շատացնել:

Պետք է դրսից եկող հսկայական ներուժը ճիշտ նպատակի համար օգտագործվի, արդյունավետ լինի. հավատացե՛ք, դրսում, մարդիկ տեսնելով արդյունավետությունը, իրենք էլ կհավատան ու ներդրումներ կանեն: Քրիստոնեական հավատքին համահունչ պետք է ապրենք՝ մոռանալով մեր եսը, անձնասիրությունը և մեր ներուժը ծառայեցնենք Հայրենիքի բարգավաճմանը: Մենք Աստվածընտիր ժողովուրդ ենք. այդ գիտակցությունը, իմաստնությունը դարերի ընթացքում եղծանվել է ինչ-որ ձևով: Կոմիտասն ինչպե՞ս հայ երգը մաքրեց ամեն տեսակի մոլախոտերից, իսկ հիմա  տեսեք, թե ժողովրդի մեծ մասի մակարդակն ինչքա՜ն է իջել և գնում է արևելյան կլկլոցների ետևից. մենք մեր հոգի՛ն, մեր խո՛սքը, մեր երգը պետք է մաքրենք ամեն տեսակի տիղմից, օտար, մեր ազգային ինքնությանը խորթ տարրերից և հասկանանք, թե ով ենք մենք, որն է մեր առաքելությունը…

Սրբազա՛ն, Հայաստանի և Արցախի պարագայում, ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում:

-Իմ կարծիքով, հատկապես Արցախի պարագայում, պակասում է ժողովրդի թվաքանակը. 1973-ին, երբ  ես Շուշի էի գնացել, այնտեղ բնակչության թիվը հասնում էր 40.000-ի, գուցեև՝ ավելի, իսկ հիմա  այնտեղ 3000-5000 հայ է ապրում. դա ինձ համար անընդունելի է. երբ լինի այդ համաձայնությունը, պայմաններից մեկն էլ կլինի գաղթականների վերադարձը, ուստի պետք է տները բնակեցվեն, քաղաքը պետք է հնարավորինս բնակեցվի շատ հայերով: Արցախում մենք պետք է առնվազն կես միլիոն ժողովուրդ ունենանք. 120.000-ով ո՛չ հող, ո՛չ սահման պահել չի լինի: Պետք է ծրագիր ունենանք, միջոցներ տրամադրենք ընտանիքներին. կհիշեք երևի, որ Արցախում 500 զույգ միանգամից ամուսնացավ նույն օրը, նրանց միջոցներ հատկացրեցին: Այս մասի՛ն է պետք մտածել: Պետք է մտածենք նաև եկեղեցու մասին. դժբախտաբար, այս 100 տարիների ընթացքում հայ եկեղեցին իր արմատներից գրեթե կացնահարվեց, այսինքն՝          մեր ունեցած դպրեվանքերի, ճեմարանների, եկեղեցիների , եկեղեցականների թիվը  քչացավ. մի կողմից ջարդը, մյուս կողմից ՝հետագայում աթեիստական հայացքների գերիշխանությունն ու ժողովրդի մոլորությունը:1915-ից առաջ միայն Արևմտյան Հայաստանում մենք 3000-ից ավելի եկեղեցականներ ենք ունեցել, իսկ ներկա օրերում Հայաստան-Սփյուռք եկեղեցականների թիվը 1000-ի  չի հասնում: Մենք այսօր հազիվ այնտեղ ենք, որտեղ պետք է լինեինք:

-Գերաշնո՛րհ Հայր, Ձեր այցը Հայաստան համընկավ մեր երկրի Անկախության 25-րդ տարեդարձին. ի՞նչ մաղթանք ունեք այդ առիթով:

25 տարի անկախ, ազատ երկիր ենք ունեցել, սակայն մենք վատնելու ժամանակ չունենք: Մաղթում եմ, որ մեր երկրի բոլոր ոլորտներում ժամանակը Ճիշտ օգտագործվի. շատ ասպարեզներում աշխարհն այսօր այնքա՜ն արագ է առաջ ընթանում, մենք էլ պետք է կարողանանք, որովհետև ունե՛նք այդ ներուժը, ունենք ճշգրիտ գիտությունների ասպարեզում խելացի մասնագետներ, ուստի պետք է կարողանանք  առաջ գնալ, մեծ քայլեր անել:

-Ծնվել եք Հալեպում, այն Ձեր ծննդավայրն է, սովորել եք Բեյրութում, Էջմիածնում, աշխատել տարբեր երկրներում. Երկիր մոլորա՛կն է Ձեր և բոլորիս մեծ տունը, իսկ ի՞նչ է Հայրենիքը Ձեզ համար:

-Հայրենիքը հո՛ղն է, ջո՛ւրն է, մարդի՛կ են, Հայրենիքի զգացողությունը ոչ մի տեղ չես կարող ստանալ. երբ Արցախ գնացինք, թվում էր, թե սարերը խոսում  էին  մարդու  հետ: Ավստալիան շատ գեղեցիկ երկիր է՝ հրաշալի բնությամբ, սակայն չի խոսում  իմ հոգու հետ: Հայրենիքն ա՛յն է, որը խոսում է իր զավակի հոգու հետ:

-Շնորհակալությու՛ն, Սրբազան. քաջալերող և հուզիչ էր  Ձեր խոսքր: Աշնանային, տոնական օրերի բարի վայելումն եմ մաղթում Հայրենիքում:

Կարինե Ավագյան

Արցախ

 

Scroll Up