ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանին

2

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանին 21.09.2016թ.-ին կայանալիք ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված տոնախմբության կապակցությամբ

ՁԵՐ՛Դ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՆ ԴԵՍՊԱՆ,

ՍՐԲԱԶԱ՛Ն ՀԱՅՐ,

ԹԵՔԵՅԱՆ ԽՆԱՄԱԿԱԼ ՄԱՐՄՆԻ ԵՎ

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԻՐԵԼԻ՛ ԱՆԴԱՄՆԵՐ,

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՊԱՏՎԱՐԺԱՆ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

ՏԻԿՆԱ՛ՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱ՛ՅՔ,

Սիրով և ջերմությամբ ողջունում եմ ձեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի և ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված մեծաշուք տոնախմբության կազմակերպման առիթով:

Այս և նմանատիպ ձեռնարկներն ավելի են սերտացնում ու ակտիվացնում համայնքը, համախմբում համազգային նպատակների շուրջ, ուժ, ոգի ու նոր լիցքեր հաղորդում հայությանը՝ միասնաբար գործելու համար: Հենց այս միասնականության շնորհիվ է համայնքը զորանում և դժվարությունները հաղթահարելով՝ ավելացնում նախորդ տարիների հաջողություններն ու նվաճումները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ժողովրդի վերջին դարերում ունեցած ամենամեծ ձեռքբերումը մեր երկու՝ հայկական պետություններն են՝ ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հայրենիքը կերտողները հայ ժողովուրդն է, ուստի մեր երկիրը  միասին պետք է պահենք, հզորացնենք, զարգացնենք ու փոխանցենք գալիք սերունդներին:

Վերջին շրջանում նոր աշխուժություն է հաղորդվել Հայրենիք-Սփյուռք գործակցությանը, և այս առումով մեր երախտագիտությունն ենք հայտնում Մեծ Բրիտանիայի հայ համայնքի բոլոր այն գործիչներին ում շնորհիվ, նաև, գնալով է՛լ ավելի է ամրապնդվել կապը Հայաստանի և բրիտանահայ համայնքի միջև: Դրա վառ վկայությունն է նաև ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող տասնյակ մշակութային ձեռնարկներին ու երիտասարդական ծրագրերին, հավաք-քննարկումներին, համաժողովներին և այլ միջոցառումներին համայնքի անդամների ակտիվ մասնակցությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին բրիտանահայության  կարևոր ներդրումը:

Մեր համազգային հեռանկարների հիմքում պետք է լինի հզոր, զարգացած ու կայուն Հայաստանը, Արցախի հիմնախնդրի արդարացի լուծումը, հայապահպանությունն ու Հայոց ցեղասպանության  ճանաչումը, դատապարտումը և հետևանքների վերացումը: Այս խնդիրները մեր ապագայի տեսլականն են, որոնց լուծմանը պետք է ներգրավենք հայկական կարող ուժերին:

Սիրելի՛ բրիտանահայեր,

Հայ-բրիտանական հարաբերությունների խորացման և զարգացման ակունքներում կանգնած է հանրահայտ դեսպան պարոն Սարգսյանը, որի դիվանագիտական, քաղաքական ջանքերի շնորհիվ նոր որակ է հաղորդվում Հայաստան-Մեծ Բրիտանիա կապերին, որոնց, անշուշտ, իրենց էական ներդրումն են բերում համայնքի հայ հայտնիները, կառույցներն ու կազմարեպությունները և հայ համայնքն ամբողջությամբ:

Գնահատանքի իմ խոսքն առանձնահատուկ ուզում եմ հղել Լոնդոնի Թեքեյան մշակութային միության խնամակալ մարմնին և մշակութային միությանը՝ համայնքում նման կարևոր միջոցառման կազմակերպման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Թեքեյան մշակութային միությունը բոլոր ժամանակներում իրեն նվիրել է հայ ինքնության պահպանման, մշակույթի զարգացման ու տարածման, Հայրենիքին օգտակար լինելու գործին: Դրա վառ հավաստումն է նաև ապիրլյան քառօրյա պատերազմից հետո միության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնությունն Արցախում զոհված Հայրենիքի պաշտպանների ընտանիքներին:

Կրկին շնորհակալ եմ բոլորիդ այս հիանալի նախաձեռնությանը մաս կազմելու համար, և վստահ եմ, որ տոնախմբությունը կանցնի բարձր մակարդակով, իսկ «Կոմիտաս» երգչախմբի, «Ախթամար» պարային համույթի, «Բատակյան» լարային քառյակի և մենակատար երգիչների  ելույթներն իրենց բարձր որակներով և կատարողական արվեստով առանձնակի շուք կհաղորդեն և կզարդարեն այս միջոցառումը:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ բոլոր գալիք նախաձեռնություններում՝ ի նպաստ բրիտանահայ համայնքի զորացման, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, ինչպես նաև հանուն համայն  հայության իղձերի իրականացման:

 ՀՐԱՆՈՒՇ  ՀԱԿՈԲՅԱՆ