«Ցանկալ ի է, որ «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը շարունակական լինի». Րաֆֆի Դեմիրճյան

«Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովի ընթացքում հնչած գրեթե բոլոր ելույթներում շեշտադրումը հիմնականում դրվում էր համացանցի կարևորության, անվտանգության պահպանման  միջոցների և հայկական համացանցի հզորացման խնդիրների վրա: Լիբանանահայ գաղութի ազգային ինքնության և սոցիալական ցանցերի մասին զեկուցումով հանդես եկավ Լիբանանի ազգային առաջնորդարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու, «Զգույշ» առողջապահական նախազգուշական պարբերաթերթի խմբագիր, «Վանա ձայն» ռադիոկայանի հաղորդավար Րաֆֆի Դեմիրճյանը, ում հետ «Հայերն այսօր»-ի համար արված հարցազրույցիս ընթացքում առավել մանրամասնությամբ  Րաֆֆին ներկայացրեց իր  կարծիքը նման գիտաժողովներ անցկացնելու  մասին և հանդես եկավ ուշագրավ առաջարկություններով:

-Պարո՛ն Դեմիրճյան որքանո՞վ եք կարևորում նման գիտաժողովների կազմակերպումը և որքանո՞վ  կարող է գիտաժողովը նպաստել հայկական աշխարհի հզորացմանը համացանցում:

-Այսպիսի գիտաժողովները շատ կարևոր են և ունեն առարկայական հիմունքներ,  հստակ հեռանկարային մոտեցում, դուրս են ցուցադրական երևույթ լինելու միտումից, հասկացությունից: Բնականաբար, առաջին հերթին Սփյուռքի տարբեր գաղութներից  ներկայացուցիչների մեկտեղվելու գաղափարը, փորձառությունների փոխանակումը էական են, և դա  գիտաժողովի անցկացման այս երկու օրերի ընթացքում հստակ ու թափանցիկ դարձավ: Երևանի պետական համալսարանի, ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն, իհարկե, էական է, և դա տեսանելի է, ողջունելի, սակայն այս բոլորից անդին՝ հաջորդ քայլը պետք է լինի  աշխատանքների հստակ համատեղումը, փորձառությունների փոխանակումը, նաև  համագործակցությունը՝ բառիս լայն իմաստով: Կտեսնենք, որ ինչ-որ տեղ մեկը մի լավ բան է անում և կմտածենք ՝ ինչու՞ մեր գաղութում չունենանաք, և հե՛նց այս փոխադարձ շրջանառությունը պետք է կատարվի: Ես կարծում եմ, որ այսպիսի աշխատանքները ծրագի՛ր պետք է լինեն, ոչ թե՝ նպատակ, միջո՛ց պետք է լինեն՝  նպատակների իրականացման համար, որովհետև մեր մեջ մի տեսակ շփոթություն կա. երբեմն  գիտաժողովները, համաժողովները նպատակների են վերածվում, և երբ մենք  դրանք միջոցի ենք վերածում ու նպատակի հասնելու համար հավելյալ եռանդ, ճիգ ենք գործադրում, բնականաբար, այդ ժամանակ գործնական իմաստով այս բոլորը կարտահայտվի:

-Կարելի՞ է ասել, որ  սա հաջողված գիտաժողով  է…

-Բնականաբար, հաջողվա՛ծ գիտաժողով է, որովհետև իր տեսակի մեջ առաջին այսպիսի նախաձեռնությունն է, բայց  կշեշտեմ, որ այս գիտաժողովի հաջողությունը, արդյունքը կարտահայտվի հաջորդ հանդիպմանը, երբ շոշափելի  կլինեն  դրական քայլերը: Ցանկալի է և պարտադիր, որ լինի նաև հաջորդ  գիտաժողովը, սակայն երկու օրը քիչ է, այդ ժամանակը չի բավականացնում անգամ ծանոթությանը: Ցանկալի է, որ ներառվեն նաև մյուս գաղութները, Հայաստանի՛ց էլ լինեն շատ մասնակիցներ: Անպայմա՛ն պետք է շարունակություն լինի:

-Պարո՛ն Դեմիրճյան, ո՞րն է լիբանանահայ գաղութում ինքնության խնդրո առարկան:

-Միջերկրական ծովի արևելյան ափին գտնվող Լիբանանը արաբական փոքր երկիր է, ուր հայերը հաստատավել են հնագույն ժամանակներից: Այն Միջին Արևելքի ամենաազդեցիկ, հայ հոգևոր ու մշակութային արժեքներ ունեցող համայնքներից է: Հայերն ունեն բազմաթիվ մշակութային, երիտասարդական, մարզական, հայրենակցական ու բարեգործական կազմակերպություններ, վարժարաններ, դպրոցներ, Հայկազյան համալսարան, տասնյակ թերթեր, ամսագրեր, ռադիոկայաններ, եկեղեցիներ: Լիբանանահայ գաղութն իր ստեղծման օրվանից մինչ այսօր մնայուն կերպով քաղաքական ու ապահովական ցնցումների մեջ է ապրում, և այս բոլորը, բնականաբար, իր բացասական անդրադարձն է ունենում գաղութի ներքին կյանքի վրա: 1975-ից մինչև 1989-ի քաղաքացիական պատերազմը, 2006-ի Հարավային Լիբանանի պատերազմը  ցնցումներ են առաջացրել Լիբանանում ապրող ժողովրդի վրա, որից անմասն չի մնացել լիբանանահայությունը: Գաղութն առաջնորդվում է կուսակցություններով և հարանվանական համայնքներով. կառույցնե՛րն են առաջնորդում, անհատական խմբավորումներ, անհատական հասկացողություններ այնտեղ գոյություն չունեն: Գաղութում կարևոր դերակատարում ունի հոգևոր կենտրոնների ներկայությունը, ներքին  իմաստով միակամություն կա ընդհանուր հարցերի շուրջ, բայց այդ բոլորից անկախ, բնականաբար, դժվարություններ կան, մարդուժի տագնապ կա, իսկ վերջին 15-20 տարիների ընթացքում գաղութի համար նաև հարց էր ֆիզիկական համախմբվածությունը:

Երևի լսել եք հայկական  Բուրջհամուտ թաղամասի մասին, որը հայությունը ներկայացնող շրջան էր, այսօր իրողությունն այլ է, և այնտեղ օտար ազգերի ներկայությունն առավել զգալի է: Հայաստանում դեռևս խնդիր չէ ինքնության հարցը, սակայն գաղութներում, Լիբանանում ինքնություն ունենալու, կազմելու  և  այն  պահպանելու խնդիր կա: Առաջին հարցը, որ գոյություն ունի, այս է՝ ո՞վ ենք մենք. այսօր այստեղ թերևս դյուրին է պատասխան տալ այս հարցին, սակայն պետք է ասեմ, որ գաղութի իրականության մեջ լուրջ տագնապ է այս հարցումը. լիբանանահա՞յ ենք, լիբանանցի՞ հայ ենք, արմատներո՞վ հայ ենք, ուղղակի՞ հայ ենք…Այս խնդիրները, ենթադրում եմ, որ բոլոր գաղութներում գոյություն ունեն և, բնականաբար, պատճառը ազգային ինքնություն, ազգային գաղափարախոսություն, ուղղվածություն չունենալն է…

Մեզ համար նույնիսկ Հայրենիքի գաղափարը խնդիր է, որովհետր դեռևս քիչ ենք խոսում Հայրենիքի մասին: Մեր ծրագրերն այս իմաստով՝ ինչ ենք անում, ինչ պիտի անենք,  դեռևս հստակ  չեն, հստակ պատկերացում չունենք,  մոտակա և հեռահար ծրագրեր չունենք. այստեղ բացթողում կա. պատկերացում չունենք, թե 10 տարի հետո գաղութն  ինչ պայմաններում կլինի. դեպի ուր կգնա. այս մեկը նաև առիթ է հանդիսանում խառնամուսնությունների, բարոյական արժեքների խախտումների, հայկական արժեքներից հեռացման: Այս բոլորն ասում եմ, որովհետև գաղութն իր ստեղծման օրերից մինչ ներկա օրերը, լինելով պատերազմական, քաղաքատնտեսական, ընկերատնտեսական ցնցումների մեջ, այնուամենայնիվ, իր գոյությունը պաշտպանել է անգամ առկա դժվարությունների մեջ:

-Խոսենք ընկերային ցանցերում լիբանանահայության ներգրավվածության մասին:

– Ինձանից առաջ ելույթ ունեցող վարդապետերը նշեցին և պարզ է, որ ընկերային ցանցերը դրական ու ժխտական անդրադարձ ունեն. ես  կանդրադառնամ  ընկերային ցանցերի հանդեպ ունեցած մեր գաղութի վերաբերմունքին: Առաջին մի քանի տարիներին ընկերային ցանցերը մեզ համար անընդունելի երևույթ էին, որովհետև գաղութը պահպանողական պայմաններում էր գոյատևում, և այս  պահպանողական վիճակում երիտասարդությունը մուտք գործեց սոցիալական ցանցեր: Լիբանանում ամենից տարածվածը ֆեյսբուքն է, մնացած ընկերային ցանցերն այնքան էլ տարածում չունեն մեր գաղթօջախում: Երիտասարդությունը մուտք գործեց ֆեյսբուքյան էջեր, սակայն մեր միություններն ու կառույցներն իրենց կրավորական կեցվածքով փորձեցին հեռու մնալ, հեռու պահել…Երբ արդեն Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանի ֆեյսբուքի պաշտոնական էջը պետք է ստեղծեինք, երկար ժամանակ համոզելուց հետո՝ այն տրամաբանությամբ, որ եկեղեցին պետք է ժողովրդին մոտ գնա, և այսօր ժողովուրդը պետք է ընկերային ցանցերում գտնվի, փորձեցինք, գնացինք, բայց իրականությունն այլ էր. ժամանակի հարց կար, և երիտասարդներն  արդեն ունեին իրենց  հետաքրքրությունները: Ընկերային ցանցերը հաղորդակցության երկկողմանի միջոց են. թերթը, նախկին ավանդական միջոցները միակողմանի են, սակայն  կարծում եմ, որ այսօր մենք,մեր գաղութը երկկողմանի երկխոսություններ, քննարկումներ կատարելու տրամաբանությունից տակավին հեռու ենք: Մեր միությունների պաշտոնական էջերը (ոչ բոլորն են այստեղ ներկայացված) կրավորական վիճակի մեջ են, մասնակիցների թիվն այն չէ, ինչ որ գաղութի պատկերն է: Օրինակ բերեմ Լիբանանի հայոց թեմը. հնարավոր չէ, որ 2000 հետևող ունենա այնպիսի կառույցը, որը 50 հազարից ավելի անդամներ ունի…Ուստի, պետք է հաշվի առնել, որ 50 տոկոսից ավելին դուրս են մնացել:

Անշուշտ, սոցցանցերն ունեն նաև իրենց  բացասական ազդեցությունը. Դուք համամի՞տ եք…

– Ասեմ, որ ընկերային ցանցերը գաղութում անժխտելի  հետևանքներ ունեցան՝ մարդկային զգացողության բացակայություն, որն արտահայտվում է  ներգաղութային կյանքում, ինքնության հասկացության մեջ, անպատասխանատվության զգացում, որն արտահայտվում է մեր գաղութի կառույցների գործունեության մեջ, անսահման, անծայրածիր ազատության մոտեցում( սա նաև Հայաստանում է գործում), մասնակցություն՝ ոչ ազգային հոսանքներին: Հաջորդ կարևոր կետը լեզվի և մշակույթի պահպանման խնդիրներն են. թերևս Հայաստանում առավել նվազ է այդ խնդիրը, իսկ գաղութներում դա ինքնության պահպանման կարևոր ազդակներից մեկն է: Ընկերային ցանցերի թերություններից մեկն էլ այն է, որ մեր տեղեկությունները դառնում են բոլորի սեփականությունը, սպասարկողների տրամադրության տակ են լինում, մեր անհատական, նաև միությունների տեղեկությունները կարող են օգտագործվել:

-Ի՞նչ առաջարկություններ ունեք, պարո՛ ն Դեմիրճյան:

Ստեղծել տեղեկատվական համահայկական ցանց, առաջին հերթին՝ գաղութներում, հայկական համայնքներում, երկրորդ՝ կրթական համակարգում  ներառել համացանցը օգտագործելու հանրակրթկան ծրագրեր, այսինքն ՝ մեր աշակերտներին սովորեցնել նախազգուշական գիտելիքներ, համացանցից ճիշտ օգտվելու ձևը, սովորեցնել, թե ինչպես  որոշեն դրականն ու մերժելին: Կարծում եմ, որ խոսքի սահմաններից դուրս գալու  մարտահրավերը  կա և հավատում եմ, նաև հուսով եմ, որ այս գիտաժողովը չի ավարտվի ընդամենը լուսանկարներ տեղադրելով, այլ կդառնա նոր գործերի հստակ նպատակների մեկնարկը….

-Շնորհակալությու՛ն, պարո՛ն Դեմիրճյան, հուսանք, որ ակնկալվող  հաջորդ գիտաժողովին ևս կմասնակցեք և իրագործված կլինեն Ձեր առաջարկությունները:

Կարինե Ավագյան

 

Scroll Up