Հռիփսիմե Կիրակոսյանը միշտ օգնության կարիք ունեցողների կողքին էր. ՀՀ սփյուռքի նախարարությունը ցավակցում է

ՀՌԻՓՍԻՄԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Խորին ցավով տեղեկացանք մեր գործընկեր, ակտիվ հասարակական գործիչ, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի անժամանակ մահվան մասին:

Տիկին Հռիփսիմեն միշտ օգնության կարիք ունեցողների կողքին էր՝ սատար կանգնելով թե՛ Սպիտակի երկրաշարժից տուժած, թե՛ 80-ականներին Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին և թե՛ պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերին: Նրան բնորոշ էին ազնվությունն ու արդարամտությունը, որոնց շնորհիվ նրա բոլոր ձեռնարկումները կյանքի էին կոչվում՝ արժանանալով բարձր վստահության:

Համոզված ենք, որ Հռիփսիմե Կիրակոսյանի բարի անունն ու հիշատակը միշտ վառ կմնան նրա հարազատների և մերձավորների, նրան ճանաչողների հիշողություններում:

Ընդունեք մեր վշտակցությունը:

Թող Աստված լուսավորի մեր ազգի արժանավոր զավակի հոգին:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Scroll Up