Արյան կանչը, արյան պարտքը հեռավոր Ռուսաստանից՝ Արցախ

Պարը եղել է մարդկության զարգացման յուրաքանչյուր փուլի անբաժան ուղեկիցը։ Պարելու ցանկությունն ու դրա հանդեպ հետաքրքրությունը երբեք չի նվազել, պարզապես փոխվել են արտահայտման ձևերը։ Պարի միջոցով մարդը ոչ միայն ստեղծագործում է, այլև արտահայտում  իր զգացմունքները, ազատվում բացասական հույզերից, վատ տրամադրությունից. պարն ինքնարտահայտման միջոց է։

Հայկական ազգային պարարվեստը ունի հազարամյակների պատմություն և սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում` պատմական Հայաստանի գոյության հեթանոսական ժամանակներում: Պարը հանդիսանում է հայ ժողովրդի բնավորության և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, հոգեկան աշխարհը, բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Այն մեր մշակույթի անբաժան մասն է, և հայը, ճակատագրի բերումով աշխարհի որ ծայրում էլ ծվարել է, միևնույնն է, չի մոռացել իր մշակույթը, երգն ու պարը, կառչել է իր արմատներին ու հայ մնացել:

Քրիստինե Աբրահամյանը, լինելով պարարվեստի նվիրյալ, ևս չէր կարող օտար հողում հայտնվելուց հետո չտարածել և չուսուցանել հայ ազգային պարը, չփոխանցել այն սերունդներին: Միանգամից ռուսական երկու քաղաքներում՝ Տոլյատիում և Սամարայում դասավանդելով հայ պարը՝ տասնյակ մանուկների բերել է դեպի իրենց արմատները, հաղորդակից դարձրել հայրենի ավանդույթներին, մշակույթին, պատմական անցյալին: Դժվարություններ շատ են եղել և հիմա էլ շատ կան, սակայն դրանք խոչընդոտներ չեն հանդիսացել նպատակին հասնելու, երազանքները իրականացնելու համար: Այսօր էլ մեկ առ մեկ հիշում է իր առաջին սաներին, նրանց անունները յուրահատուկ սիրով ու ջերմությամբ արտասանում: «Ինքս ՀՀ պարարվեստի և պարագետների միության անդամ եմ: 2013 թվականին Ռուասատանի Դաշնության Տոլյատի քաղաքի հայ համայնքի ղեկավար Ռաֆայել Հարությունյանը հրավիրեց ինձ հիմնելու ազգային պարի խումբ: Մեծ ջանքերի շնորհիվ խումբը հիմնվեց, կայացավ և սկսեց իր ստեղծագործական ուղին: Իհարկե, սա նաև իմ սաների, նրանց հետևողական ու նվիրված ծնողների շնորհիվ իրականություն դարձավ: Շատ հաճախ համերգներից առաջ երեխաների ծնողներն են տարազները կարել իրենց ձեռքերով, երբեմն նաև՝ ես: Սա մի բան է ապացուցում. հայկական ազգային պարի, հայ մշակույթի, հոգևոր սննդի պակասը կար, և մենք որոշեցինք լրացնել այդ բացը, ստեղծել հայկականության մթնոլորտ»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում նշում է պարուսույցը:

Տոլյատի քաղաքի «Արգիշտի» պարային համույթը բազմաթիվ մրցույթների, համերգների ու փառատոնների է մասնակցել, մշտապես հաղթող ճանաչվել, հայ պարը ներկայացրել ու ճանաչելի դարձրել նաև օտարներին: Այդպիսի մի փառատոնի շրջանակներում էլ խումբը ներկայացրել է իր արվեստը Սամարա քաղաքում: «Ազգերի փառատոն էր, որտեղ տարբեր  մշակույթների ներկայացուցիչներ ներկայացնում էին իրենց ազգային արժեքները, իսկ այդ արժեքներից ամենատիպիկն ու ներկայանալին նաև հենց պարն է: Մեր փոքրիկների և մեծահասակների խմբերն առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրին: Մենք շատ հպարտ էինք. չէ որ հաղթեց նաև մեր մշակութը, և դա ոչ թե միայն մեր հաղթանակն էր, այլ նաև հայ պարի, հայկականի: Փառատոնից հետո Սամարա քաղաքի Սուրբ Խաչ Հայ առաքելական եկեղեցի այցելեցինք՝ օրհնություն ստանալու: Ծանոթություն հաստատվեց եկեղեցուն կից Հայորդյաց տան տնօրեն Ազատուհի Ղուկասյանի հետ, և առաջարկ եղավ դասավանդելու նաև տեղի հայկական պարախմբին»,- պատմում է Քրիստինե Աբրահամյանը:

Շաբաթական երկու անգամ կտրելով Տոլյատի-Սամարա ճանապարհը, որը երկու ժամից ավելի է տևում, պարուսույցը ջանասիրաբար և սիրով է դասավանդում նաև Սամարայում: Կեսկատակ-կեսլուրջ ասում է՝ արվեստագետը մի փոքր էլ խենթ պիտի լինի: Սակայն սա ոչ միայն արվեսագետի ներքին խենթություն է, այլև մեծ ցանկություն ու նվիրում պահելու, ատամներով կառչելու հայ մշակույթից, ազգային ժողովրդական պարից, այն դարձնելու հայրենիքից հեռու ապրող հայ մանուկի առօրյայի մի մասը: «Սաներիս ծնողները միշտ պատմում են, որ երեխաները ամբողջ օրը տանը պարում են, տեսազանգով ներկայացնում իրենց պարային բեմադրությունները  հայաստանցի հարազատներին: Սա ինձ ոգևորում է, թևեր տալիս առաջ շարժվելու, նոր գաղափարները իրականություն դարձնելու: Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում, և ուրախ եմ, որ այդ սերը փոխանցվում է նաև իմ սաներին, որոնք առանց պարի իրենց կյանքն այլևս չեն պատկերացնում: Պարի հաճախելը նրանց համար տոն է»,-պատմում է Քրիստինեն:

Նա հուզմունքով է հիշում իր սաների յուրաքանչյուր ելույթը: «Տյառընդառաջին, երբ դրսում -20 աստիճան ցուրտ էր, երեխաները իրենց բարակ տարազներով այնպես էին պարում, այնքան ոգի դնելով պարի մեջ, որ ներկաները պարզապես ապշել էին: Ու նույն ոգով ու հոգով ներկայանում են յուրաքանչյուր համերգին: Սա ինձ ուժ է տալիս: Բնական է՝ խնդիրներ շատ կան, մենք փորձում ենք հաղթահարել դրանք, չկոտրվել, շարունակել սկսած գործը, գնալ միայն ու միայն առաջ»,-հպարտորեն նշում է Քրիստինե Աբրահամյանը:

Այս ամենին պարուսույցը հասել է  պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ՝ անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր սանին: Պարի դասը դառնում է նաև մշակույթի, արվեստի, հայապահպանության ու հայ մնալու դաս: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք բոլորս դարձել էինք մի միասնական ուժ: Հայրենիքից հեռու էինք, սակայն կարծես հայրենիքի սրտում լինեինք, բոլորս ցավում էինք, փորձում օգտակար լինել: Մենք համերգ կազմակերպեցինք, որը ուներ «Արյան կանչը,  արյան պարտքը» խորագիրը: Արյան կանչը, որովհետև հայրենիքն էր կանչում, գենն էր կանչում, և արյան պարտքը, որովհետև պիտի ստանձեինք հայրենիքի հանդեպ մեր պարտավորվածությունը, դառնայինք միասնական ուժ, հասնեինք հայրենիք: Երեխաները այնպես էին պարում, կարծես զինվոր լինեին, և ես վստահ եմ, որ նրանց ոգեղեն ուժը հասավ սահմանին կանգնած մեր իրական զինվորներին»,- նշում է Քրիստինե Աբրահամյանը:

Ամալյա Կարապետյան

արգիշտի6արգիշտի4արգիշտի2արգիշտի3 արգիշտի5արգիշտի7արգիշտի1

Scroll Up