Հայրենիքն ու եկեղեցին մեկ միասնական ուժ են. Ազատուհի Ղուկասյան

սամարա

«Սփյուռք» ամառային դպրոցի   «Հայոց  լեզվի  և  պատմության  ուսուցիչների,  կրթական  գործի կազմակերպիչների   վերապատրաստում»  դասընթացն այս տարի հյուրընկալել էր հայկական տարբեր համայնքներից եկած ուսուցիչների, ովքեր հայրենիքում փորձի փոխանակման, նոր ու արդիական գիտելիքների ձեռքբերման, ծանոթություններ հաստատելու, օգտակար և ճանաչողական այցեր կատարելու հնարավորություն ունեցան, ստացան նոր լիցք ու գաղափարներ: Այս դասընթացին մասնակցելու էր եկել նաև Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքի Սուրբ Խաչ Հայ առաքելական եկեղեցուն կից Հայորդյաց տան տնօրեն և կիրակնօրյա հայկական դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Ազատուհի Ղուկասյանը: Տիկին Ղուկասյանն ամառային դպրոցի ավարտից հետո չի շտապել վերադառնալ Սամարա, դեռևս հայրենիքում է:

Ուսուցչուհու հետ «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է կիրակնօրյա դպրոցի խնդիրների ու առօրյայի, հայկականության մթնոլորտը պահպանելու անհրաժեշտության և «Սփյուռք» ամառային դպրոցի արդյունավետության մասին:

   -Ազատուհի´, ուրախ եմ Ձեզ նորից տեսնելու համար՝ այս անգամ արդեն «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներից դուրս: Խնդրում եմ՝ մի փոքր պատմեք Սամարայի Հայորդյաց տան գործունեությունից և այնտեղ Ձեր առաքելությունից:

-Սամարա քաղաքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն կից Հայորդյաց տունը հայապահպանության իրական կենտրոն է, որտեղ էլ ծավալում եմ իմ գործունեությունը՝ դասավանդելով նաև կիրակնօրյա հայկական դպրոցում: Գործում ենք եկեղեցու հովանու ներքո՝ առաջնորդվելով հայ առաքելական հովվապետության գերազանցությամբ: Եվ պատահական չէ, որ մեր ղեկավարը Սուրբ Խաչ եկեղեցու հովիվ Տեր Կիրակոս քահանա Աղոսյանն է: Փորձում ենք քրիստոնեական դաստիարակությամբ նաև կրթել մեր սաներին՝ մեր մեջ ունենալով այն համոզումը, որ հայրենիքն ու եկեղեցին մեկ միասնական ուժ են: Հայապահպանության գործընթացը ամբողջ ծավալով իրականականացնել և արդյունքի հասնել չէինք կարող, եթե չլիներ հայկական կիրակնօրյա դպրոցը, որն այս տարի կնշի իր գործունեության տասնամյակը: Տարեցտարի մեր սաների թիվն աճում է՝ 2015-2016  ուսումնական տարում արդեն հասնելով մոտ 50-ի: Համալրվել է նաև մեր ուսուցչական կազմը, այսօր ունենք մանկավարժական հզոր կազմ: Աշակերտները կանոնավոր հաճախում են դասերին, ներգրվված են դասապրոցեսին: Իհարկե, ունենք նաև  մեր ներքին կանոնակարգը, ըստ որի՝ երեք անընդմեջ անհարգելի բացակայության դեպքում աշակերտը հեռացվում է: Հասկանալի է՝ առանց այդ էլ դասերը անցկացվում են շաբաթական մեկ անգամ, և յուրաքանչյուր բացակայություն կտրում է աշակերտին դպրոցից, դասերից, դասընթացը դարձնում անարդյունավետ:

-Ենթադրում եմ՝  հայեցի դաստիարակությունը միայն դասապրոցեսով չի սահմանափակվում:

-Այո´, ճիշտ եք: Դպրոցից զատ գործում է երգի, պարի «Վարագա» խումբը, ուր մեր սաները մեծ ոգևորությամբ և հաճույքով են այցելում: Իհարկե, առանց ազգային երգ ու պարի, մշակույթի հայեցի դաստիարակությունը կիսատ կլիներ, իսկ մեր գերնպատակն է մեր սաների մեջ տեսնել հայի կեցվածք: Ես, որ ամեն օր շփվում եմ աշակերտների հետ, զգում եմ, որ նրանք ցանկանում են ստանալ այդ հայեցի, հայկական հոգևոր սնունդը:

Շատ բան, բնականաբար, ուղղակիորեն և էապես կախված է նաև ծնողներից, որոնք ևս շահագրգռված և ոգևորված են պահելու հայկականը: Կան ընտանիքներ, որ շուտ են մերվել ռուսական միջավայրին, գործի և առօրյայի բերումով արագ են ինտերգրվել օտար շրջանակներին, սակայն մենք ջանք չենք խնայում բոլորին հայկականին վերադարձնելու, ազգային արժեքները վեր հանելու, ճանաչելի դարձնելու, դրանց կարևորությունը ընգծելու համար: Մենք փորձում ենք ցույց տալ, որ ինքնությունից հեռացող մարդը գնալով դառնում է անդեմ, կորցնում է արմատների հետ կապը: Այս առումով պետք է շատ աշխատանք տարվի հատկապես երեխաների հետ: Դպրոցի պատերից դուրս էլ շարունակում ենք ստեղծել մտերմիկ միջավայր, ստեղծել շփումներ, թեկուզ հավաքվել այգում և հայկական խաղեր խաղալ, ընթացքում խոսել հայերեն:

Տպագրվում է նաև «Նարեկ» թերթը, որը պատմում է եկեղեցու, Հայորդյաց տան ու կիրակնօրյա դպրոցի առօրյայի մասին, անդրադառնում յուրաքանչյուր մշակութային իրադարձության, լուսաբանում մեր միջոցառումները: Թերթի խմբագիրը կիրակնօրյա դպրոցի պատմության ուսուցիչ Արեգնազ Խաչատրյանն է:

-Ազատուհի´, Ռուսաստանի հայկական դպրոցների ուսուցիչներից շատերը դժգոհում են, որ հայերենը կիրառելի է մնում միայն դպրոցի պատերի ներսում: Աշակերտները հիմնականում հաղորդակցվում են ռուսերենով: Ո՞րն է պատճառը և ինչպե՞ս  փոխել այս կարծրատիպը:

-Այո´, այս խնդիրը արդիական է: Այն տարբեր պատճառներ ունի: Երբեմն պարզապես երեխաներին ավելի հարմար է ռուսերենով հաղորդակցվելը, երբեմն էլ ծնողներն  են սկսում երեխաների հետ խոսել ռուսերենով, այսպիսով՝ բարելավելով լեզվի իրենց գիտելիքները: Պատճառները շատ են, ի վերջո՝ այլ միջավայր է՝ իր մշակույթով, լեզվով, բարքերով: Անդադար աշխատանքի միջոցով փորձում են հայերենը դարձնել հաղորդակցման լեզու, արթնացնել այն գիտակցությունը, որ մայրենին հայի հիմնական բնորոշիչն է, որ հայը պիտի խոսի հայերենով: Դպրոցն այս դեպքում մեծ առաքելություն ունի: Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը դասագրքրրի և ողջ գրականության համար, առանց որի դասընթացը կազմակերպելը շատ դժվար կլիներ: Իհարկե, ցանկալի կլիներ ունենալ նաև մշակված հատուկ ծրագիր եռամյա և քառամյա դպրոցների համար, սակայն պիտի նկատեմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ ինքն էլ ամեն տարի մշակում է նոր ծրագիր, յուրովի կազմակերպում դասընթացը: Բացի հայոց լեզվից, դասավանդում ենք նաև քրիստոնեություն և հայոց պատմություն՝ աշխատելով տրամադրել համակողմանի հայեցի կրթություն:

-Եռամյա պարտադիր կրթությունից հետո սաները ցանկություն հայտնու՞մ են ուսումը շարունակելու: Արդյո՞ք նրանց շարքերում կան նաև օտարազգիներ:

-Անցյալ ուսումնական տարեվերջին ունեցանք սաներ, ովքեր, ավարտելով եռամյա պարտադիր ուսուցումը, ցանկություն հայտնեցին շարունակելու իրենց կրթությունը: Մենք ստեղծեցինք թարգմանչած խումբ, որտեղ աշակերտները ավելի խորացված հայագիտական կրթություն են ստանում: Կան երիտասարդներ, ովքեր ցանկանում են նաև կրթությունը շարունակել հայրենիքում:

 Դպրոցը տարիքային սահմանափակում չունի: Մեր ամենատարեց սանը 73-ամյա Ժաննա Տիգրանովնան է (այդպես ենք բոլորս դիմում նրան): Ծնվելով և ապրելով Վրաստանում, այնուհետ տեղափովելով Ռուասատան՝ տիկին Ժաննան այդպես էլ չի հասցրել հայերեն սովորել: Գերմաներեն է դասավանդել, իսկ ահա այսօր ինքն է սովորում, ցանկանում տիրապետել մայրենիին: Ունենք նաև ազգությամբ ռուս աշակերտներ, ովքեր ևս մեծ հաճույքով են գալիս:

-Այս  տարի  մասնակցեցիք  «Սփյուռք»  ամառային  դպրոցին: Ի՞նչ  տվեց  այն  Ձեզ:

-Իհարկե, արդյունավետ մեկամսյա դասընթաց ունեցանք: Նոր գիտելիքներ, կապեր, ծանոթություններ, որոնք մեզ համար հետագայում շատ արժեքավոր կլինեն: Նաև հնարավորություն էր հասկանալու, որ դասապրոցեսի կազմակերպման հարցում ճիշտ ուղու վրա է մեր դպրոցը, պետք է շարունակել նույն ոգով, նոր գաղափարներով: Շատ կցանկանայի, որ մյուս տարի ամառային դպրոցի «Հայոց  լեզվի  և  պատմության  ուսուցիչների,  կրթական  գործի կազմակերպիչների   վերապատրաստում»  դասընթացին մասնակցող սփյուռքի ամենօրյա և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները առանձին խմբերում լինեն: Կարծում են՝ առավել արդյունավետ կլինի: Նոր գաղափարների, գիտելիքների և փորձի փոխանակման հիանալի հարթակ էր ամառային դպրոցը:

-Շնորհակալություն, Ազատուհի´: Թո´ղ նոր ուսումնական տարին նորանոր հաջողություններ բերի, և ապագայի հետ կապված բոլոր ծրագրերը թո´ղ իրականություն դառնան:

Ամալյա Կարապետյան

սամարա2սամարա8սամարա7սամարա9սամարա3սամարա4սամարա5սամարա6