«Վարանդա» և «Այգ» երգչախմբերն առաջին անգամ հանդիպեցին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շնորհիվ

«Հայերն այսօրի» զրուցակից  Լիբանանի պետական կոնսերվատորիայի և Հայկազյան համալսարանի  դասախոս  Զաքար  Քեշիշյանը երկար տարիներ իր հիմնած երգչախմբերով Սփյուռքում զբաղվում է հայկական մշակույթը պահպանելու, տարածելու և զարգացնելու ուղղությամբ:

Շուշիի «Վարանդա» աղջիկների մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախումբը Զաքար Քեշիշյանը հիմնադրել է 1992թվականին: Այժմ երգչախումբը ստեղծագործական ընթացքը շարունակում է երեք՝ մանկական, պատանեկան և երիտասարդական կազմերով:

Երգչախումբն ավելի քան 200 համերգներով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, զորամասերում, դպրոցներում, ինչպես նաև Հայաստանում և Լիբանանում:  Համատեղ համերգներ է ունեցել Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» երգչախմբի հետ: Ստեղծման օրվանից երգչախմբում երգել են շուրջ 400 պատանիներ և աղջիկներ՝ կատարելով 200 երգ:

Հայ ականավոր բանաստեղծների և երգահանների շուրջ 150 երգ հարստացրել է  երգչախմբի երգացանկը: Խմբի մասին պատրաստվել է 2 վավերագրական ֆիլմ, իսկ 2004 թվականին ձայնագրել է «Բերդաքաղաք» խտասալիկը: 2012 թվականին երգչախմբի 20-ամյակի առթիվ նկարահանվել է երգչախմբի ստեղծագործական տարեգրության մասին պատմող «Երգող ամառներ» վավերագրական ֆիլմը:

Զաքար Քեշիշյանն արդեն 24 տարի ամառային արձակուրդներին երգչախմբի հետ պարապելու համար Արցախ է գալիս, իսկ նրա բացակայության ընթացքում աշխատանքները չեն տուժում. հեռակա կարգով փորձեր անցկացնելուց բացի, երգչախմբի հետ այլ խմբավարներ են աշխատում, որոնք խմբի նախկին սաներից են եղել: «Վարանդան» առաջիկայում պատրաստվում է նշել հիմնադրման 25-ամյակը:

Լիբանանում Զաքար Քեշիշյանը հիմնել է «Կարկաչ» մանկապատանեկան, «Այգ» քառաձայն և «One voice quaid»  օտարների երգչախումբը:

Բեյրութի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Այգ» երիտասարդական երգչախումբը Զաքար Քեշիշյանը ստեղծել է 2008 թվականին՝ նպատակ ունենալով համալսարանական երիտասարդությանը հավաքել երգչախմբային արվեստի շուրջ` կատարելու հայ և օտարալեզու դասական, ժամանակակից ու ժողովրդական խմբերգեր:

Տարեկան համերգներին զուգահեռ՝ երգչախումբը գործուն մասնակցություն է ցուցաբերում լիբանանահայ համայնքային կյանքում` մասնակցելով զանազան միջոցառումների: Ակապելլա երգեցողությունից բացի՝ երգչախմբին նվագակցում են ժողովրդական և էստրադային զույգ նվագախմբեր:

2015 թվականին  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ «Այգ»-ը կատարել է Խաչատուր Ավետիսյանի «Երգեր սիրո, պանդխտության հայրենյաց» օրատորիան: Մասնակցել է «Պեյրութ Չանթս» և Լիբանանի խմբերգային միջազգային փառատոներին, երկու անգամ ելույթ է ունեցել Կիպրոսում:

Երգչախմբի առաքելությունն է հայ երգը ներկայացնել օտար հանդիսատեսին, որի նպատակով համերգներ է կազմակերպում լիբանանյան զանազան համալսարաններում:

«Այգ» երգչախմբի կազմում միայն լիբանանահայ 18-23  տարեկան երիտասարդներն են ընդգրկված, որոնք «Կարկաչի» նախկին սաներն են: Երգչախմբի 40 անդամներից 30-ը այս տարի մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Զաքար Քեշիշյանը և հավելեց, որ օտարազգի երիտասարդների երգչախումբը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում է ստեղծվել: Անդրանիկ համերգը տեղի է ունեցել  սույն թվականի հուլիսի 11-ին: Երգչախումբը հիմնականում արաբ կատարողներից է բաղկացած, կան նաև լիբանանահայեր:

Պարզ դարձավ, որ խումբը բազմալեզու երգացանկ ունի, որի մեջ, անշուշտ, հայկական երգն  իր ուրույն տեղն ունի: Զաքար Քեշիշյանի վստահեցմամբ՝ նրանք մեծ սիրով և հաճույքով են հայերեն երգերը կատարում:

Զրույցի վերջում Զաքար Քեշիշյանը, ադրադառնալով նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, նշեց. «Բոլորը խանդավառված են եկել մասնակցելու մշակութային միջոցառմանը: Փառատոնի շրջանակներում կարողանում ենք Սփյուռքի տարբեր համայնքներում գործող երգչախմբերի հետ մտերմանալ, հետագա համագործակցության դաշտ ստեղծել, որը կարևոր հանգամանք եմ համարում: Սփյուռքահայ երիտասարդները, հայրենի հողից նոր եռանդ ու ավյուն ստացած, վերադառնում են իրենց երկրներ՝ աշխատանքի նկատմամբ առավել պատասխանատվություն ցուցաբերելով: «Այգի» անդամների մեծ մասն առաջին անգամ էին լինում Հայաստանում և ցանկանում էին հնարավորինս շատ պատմամշակութային վայրեր այցելել՝ բացահայտելու համար Հայոց աշխարհը:

Փառատոնին մասնակցելը մեզ համար կարևորվեց նաև այն պատճառով, որ «Վարանդա» և «Այգ» երգչախմբերը Երևանում առաջին անգամ հանդիպեցին և ծանոթացան միմյանց»:

Գևորգ Չիչյան

Scroll Up