Արիտունցիները միացան «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին

Օգոստոսի 5-ին «Արի տուն-2016» ծրագրի 6-րդ փուլի մասնակիցները ներկա գտնվեցին Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Վրաստանի, Լիբանանի, Եգիպտոսի, Էստոնիայի, Սիրիայի, Իրանի, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի երգչախմբերը:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ մինչ համերգային ծրագրի սկսվելը արիտունցիները նախաձեռնեցին իրենց ուրույն համերգը Ազատության հրապարակում: Երևանի Եղ. Չարենցի անվան դպրոցում հայոց լեզվի ամենօրյա դասընթացների ժամանակ 6-րդ փուլի մասնակիցները սովորել էին հայկական պարերը և ոգևորված ստացած գիտելիքներով` համախմբված պարում էին` իրենց շուրջպարով գրավելով անցորդներին և փոխանցելով տարիների ընթացքում իրենց մեջ արմատացած հայրենիքի և հայ մշակույթի հանդեպ սերը:

Այնուհետև արիտունցիները միացան «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներին և լցնելով դահլիճը ջերմ ծափողջույններով` ավելի ոգևորեցին Սփյուռքից ժամանած երգչախմբերին: Համերգի ավարտին բեմ բարձրացան միջոցառման մասնակից բոլոր խմբերը և միասին կատարեցին Ալեքսանդր Հարությունյանի «Հայրենիքիս հետ» երգը: Հանդիսատես-մասնակից կապը դարձավ Հայրենիք-Սփյուռք ամրության խորհրդանիշը, հայ ժողովրդի միասնության և հավերժության ապացույցը:

Մարիաննա Անանյան

արի տունարի տուն1 արի տուն2արի տուն3 արի տուն4արի տուն5 արի տուն7 արի տուն56

Scroll Up