«Սփյուռք» ամառային դպրոց-2016. Հայրենիքից հազարավոր մղոններ հեռու

Պսկով

ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի, նրա մասնակիցների, դասախոսների, ստեղծված ջերմ ու գեղեցիկ մթնոլորտի մասին կարելի է երկար պատմել: Այս տարի ամառային դպրոցը  մեկնարկեց և տևեց մեկ ամիս, որը, չնայած անցավ ակնթարթի նման, այնուամենայնիվ, աչքի ընկավ մեծ արդյունավետությամբ, փորձի փոխանակմամբ, նոր կապերի հաստատմամբ, դարձավ հիշողությունների, հայրենիքը զգալու մեկամսյակ, որը Հայաստանը նորովի տեսնելու ու ընկալելու հիանալի հնարավորություն էր:

Ամառային դպրոցը յուրահատուկ է մեկ առումով ևս. Սփյուռքի բազմափորձ ուսուցիչները, որ սերունդներ են կրթել, ունեն իրենց առաքելությունը և աշխատանքը նպատակ ու կոչում են դարձրել, համալսարանական նստարաններին մեկ ամսով նորից դառնում են ուսանող՝ ամառային դպրոցից նոր հմտություններ, գիտելիքներ, մեթոդներ ու ծանոթություններ տանելու ակնկալիքով: Նրանք, որ սերունդների հերթափոխում ամենալավն են զգում հոսող ժամանակի արագությունը, այն գիտակցումն ունեն, որ կյանքը հավերժ սովորելու, կրթվելու, ինքնակատարելագործվելու մի հարթակ է: Ահա այս ընկալումով են նրանք մասնակցում ամառային դպրոցին, ամեն դասաժամին դառնալով զգայուն աչք ու ականջ, որ փորձում է որսալ յուրաքանչյուր նոր միտք ու գաղափար: Փորձառու ուսուցիչների կողքին կան նաև սկսնակներ, որ չնայած երբեմն ունեն այլ աշխատանք ու մասնագիտություն ևս, սակայն գիտեն հայապահպանության կարևորությունը, զգում են  նահանջի վտանգը և բռնել են ուսուցիչ լինելու պարտավորեցնող ու նվիրական ճանապարհը:

«Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացը հայրենիք էր բերել նաև ՌԴ Պսկովի համերկրացիների սոցիալական օգնության «Մաշտոց» մարզային հայկական կազմակերպության համանուն կիրակնօրյա հայկական դպրոցի տնօրեն Իրինա Գևորգյանին և ուսուցչուհի Հեղինե Հարությունյանին: Մանկավարժները առաջին անգամ էին մասնակցում ամառային դպրոցին՝ փորձելով դասընթացից վերցնել ու սերտել այն ամենը, ինչը հետագայում կօգնի նրանց առավել արդյունավետ ու հետաքրքիր կազմակերպել իրենց գործունեությունը:

«Մաշտոց» կիրակնօրյա հայկական դպրոցն արդեն բավականին ժամանակ է՝ գործում է: Իհարկե, համեմատած ավանդական Սփյուռքի մյուս կենտրոնների դպրոցների հետ՝ այն դեռ նոր է կերտում իր պատմությունը: Դպրոցի հիմնադրումը օրվա պահանջն էր, քանի որ օտար միջավայրը, լեզուն դառնում էին առավել գերակայող, մայրենին մղվում էր հետին պլան: Սա ահազանգող իրողություն էր, որի միակ լուծումը, թերևս, պիտի լիներ հայկական դպրոցի հիմնումը»,- «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում նշում է դպրոցի տնօրեն տիկին Գևորգյանը:

Նա նաև կարևորում և ընդգծում է հենց «Մաշտոց» հասարակական կազմակերպության դերն ու նշանակությունը, առանց որի դժվար կլիներ հայրենիքից հազարավոր մղոններ հեռու պահպանել հայկական արժեքները, ավանդույթները, լեզուն, մշակույթը և իրականացնել հայապահպանությանն ուղղված գործունեություն: «Կազմակերպության գլխավոր նպատակն է ավելացնել երեխաների քանակը հայկական դպրոցներում, աջակցել դպրոցի ուսուցիչներին, խրախուսել երիտասարդներին՝ մասնակցելու ՀՀ կառավարության կողմից կազմակերպվող մշակութային, երիտասարդական, մարզական, կրթական ծրագրերին, օգնել հայրենակիցներին աշխատանքի և այլ հարցերում: Հայերի շրջանակում իրականացվում են բազմազան միջոցառումներ՝ նվիրված ազգային մշակույթի և ավանդույթների պահպանմանը, նշվում են բոլոր հայկական տոները: Մեկ խոսքով՝ ստեղծվում է հայկականության մթնոլորտ, որը ձգում, դեպի իրեն է բերում այն հայերին, որոնք գուցե առօրյայի դժվարությունների թելադրանքով, գուցե ճասկատագրի բերումով մի փոքր հեռացել են հայկականից, սակայն ունեն իրենց հոգում այդ բացը լրացնելու պահանջը»,- նշում է Իրինա Գևորգյանը:

Փոխկապակցված աշխատանքի շնորհիվ տարեցտարի նոր արդյունքներ է գրանցում նաև դպրոցի գործունեությունը: Համառ և նվիրված աշխատանքը տալիս է իր պտուղները: «Երբ ամեն տարի նշում ենք Մայրենիի օրը, երեխաները հատուկ պատասխանատվությամբ են մոտենում այս տոնին՝ փորձելով անթերի պատրաստվել: Շատ հետաքրքիր և ոգևորիչ է, որ միջոցառմանը ակտիվորեն մասնակցում են նաև աշակերտների ծնողները, ինչը մեզ շատ է ուրախացնում: Մեծ շուքով է նշվում նաև մայիսի 9-ը՝ որպես Եռատոն, որի ժամանակ երեխաները արտասանում են հայրենասիրական բանաստեղծություններ, երգում են ռազմական երգեր, ծաղիկներ խանարհում զոհված ազատամարտիկների հուշահամալիրին: Եվ այսպես բոլոր տոները՝ Մարտի 8, Ապրիլի 7, Մայիսի 28,  Սուրբ  Զատիկ և այլն: Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր տարելիցին ևս կազմակերպվում են միջոցառումներ, հարգանքի տուրք է մատուցվում զոհված միլիոն ու կես հայերի հիշատակին»,- պատմում է դպրոցի ուսուցչուհի Հեղինե Հարությունյանը:

Դպրոցը շարունակական կապի մեջ է հայրենիքի հետ. դեռևս 2012 թվականին «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման  ծրագրին, Համահայկական կրթական 5-րդ համաժողովին, իսկ ահա դպրոցի սաները մասնակցել են  ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: 2014-ին դպրոցը Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության «Մայրենիի պաշտպան» անվանակարգում արժանացել է դիպլոմի, նաև ստացել պատվոգիր և դրամական պարգև, որը դպրոցը փոխանցել է սիրահայերի օգնելու նպատակով բացված հաշվեհամարին: Նույն տարվա ամռանը դպրոցը մասնակցութուն է ունեցել նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնին: «Մենք գիտենք, որ հայրենիքի հետ կապերը օր օրի պիտի ավելի սերտանան. դա նախևառաջ մեզ է հարկավոր, քանի որ մեր ստանձնած հայապահպանության գործը առանց հայրենիքի հետ առանչությունների չի կարող հասնել մեր նպատակադրած  արդյունքին »,- նշում է տիկին Իրինան: Դպրոցին կից գործող հայկական երգի ու պարի խմբակները ևս օգնում են երեխաներին կապված մնալ հայրենիքին, սիրել իրենց մշակույթը:

«Կիրակնօրյա դպրոցը իր խնդիրներն ունի. հասցնել շաբաթվա մեջ մեկ օրում աշակերտին պահել կրթական ծրագրի մեջ, ներգրավել դպրոցի կյանքին, դարձնել ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցը: Սա բարդ է, բայց ջանք ու եռանդ չխնայելու դեպքում հնարավոր է իրագործել: Մենք այսօր գերխնդիր ունենք նաև հայերենը կիրառելի դարձնել դպրոցի պատերից դուրս՝ ընտանիքներում և երեխաների առօրյայում: Համագործակցում ենք ծնողների հետ, փորձում այս հարցը ևս լուծել»,- նկատում է ուսուցչուհի Հարությունյանը:

Առկա խնդիրները լուծելու ճանապարհին ուսուցիչներին մեծապես օգնում են Սփյուռքի նախարարությունից ուղարկված գրքերը, մասնագիտական ու մեթոդական ձեռնարկները, ծրագրերը: «Մեծ փորձառություն և ձեռքբերում էր նաև «Սփյուռք» ամառային դպրոցին մասնակցությունը՝ նոր գիտելիքներ, հմտություններ, գաղափարներ, ծանոթություններ, որոնք արդեն վերածվում են համագործունեության: Այսքան մեծ աշխատանքի համար շնորհակալություն ՀՀ սփյուռքի նախարարությանը: Երախտիքի խոսք եմ հայտնում նաև «Մշատոց» մարզային հայկական հասարակական կազմակերպությանը՝ հանձին պարոն Ռադիկ Գինոսյանի, ՌԴ Պսկովի մարզի ինքնակառավարման մարմիններին՝ մեր հանդեպ տածած հարգանքի և համագործունեության համար»,- եզրափակում է իր խոսքը տիկին Գևորգյանը:

Ամալյա Կարապետյան

Պսկով2Պսկով1Պսկով3 Պսկով4