«Սփյուռք» ամառային դպրոց-2016. Սփյուռքահայ ուսուցիչներն այցելեցին Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոց

1

Ավարտին է մոտենում «Սփյուռք» ամառային դպրոցը, որի շրջանակներում սփյուռքահայ ուսուցիչները կատարեցին իրենց վերջին այցելությունը:

Հուլիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում»  դասընթացի մասնակիցներն այցելեցին Երևանի Դերենիկ Դեմիրճյանի  անվան թիվ 27 հիմնական դպրոց:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ սփյուռքահայ ուսուցիչներին ուղեկցում էր մ.գ.թ. դոցենտ Արմինե Աշիկյանը, և չնայած դպրոցում ընթացող վերանորոգման աշխատանքներին սփյուռքահայ ուսուցիչներն արժանացան ջերմ ընդունելության: Արմինե Աշիկյանը իր խոսքում նշեց, որ սիրով են ընտրել այս դպրոցը և հույս ունի, որ ուսուցիչներն իրենց հետ այստեղից կարևոր փորձ կտանեն, որը կկարողանան օգտագործել իրենց դպրոցներում:

Դպրոցի աշխատակիցները հյուրերին ծանոթացրեցին դպրոցի առօրյային, կազմակերպեցին փոքրիկ շրջայց: Դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը ներկայացրեց փոքրիկ տեսանյութ դպրոցի մասին: Նա իր խոսքում նշեց, որ իրենց դպրոցը Հայաստանում առաջինն է, որ ներառական կրթության կարիք ունեցող երեխաներին  ընդգրկեց ուսումնական գործընթացի մեջ:  Տնօրենը ծանոթացավ ուսուցիչների հետ, եղավ հարց ու պատասխան, որի ընթացքում ուսուցիչները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

«Դպրոցում հետաքրքիր տպավորություններ ստացա, առաջին անգամ էի այցելում այս դպրոց: Դպրոցն հետաքրքիր փորձ ունի՝ կապված ներառական կրթության հետ, այստեղ կարծես դպրոց է գործում դպրոցի մեջ: Հաշվի առնելով այն, որ այս դպրոցը ներառական կրթության հիմքն է հանդիսանում,  ինձ հետաքրքրեց, թե այստեղ ինչպիսի երեխաներ են սովորում: Հիացած եմ, որ խնդիրներ ունեցող երեխաները հավասար իրավունքներով սովորում են դպրոցում»,- «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակից, Ռուսաստանի Դաշնության Բրյանս քաղաքի ուսուցչուհի Անի Խաչատրյանը:

Լուսինե Գրիգորյան
«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի կամավոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի ուսանող

2 3 4 5 6 1