«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակիցները Արցախում

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Ռուսասատանի Դաշնության, Հունաստանի, Իրանի և Արցախի պարախմբերի և անհատ կատարողների համատեղ համերգը` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, հասարակական, մշակութային գործիչներ, արտերկրից ժամանած հյուրեր:

Ելույթ ունեցան Թեհրանի «Զարթոնք» (գեղարվեստական ղեկավար՝ Լորետա Ավետիսյան), Հունաստանի «Ավետիս» (գեղարվեստական ղեկավար՝ Շուշանիկ Սեմերջյան), ՌԴ Սանկտ-Պետերբուրգի «Նաիրի» (գեղարվեստական ղեկավար՝ Զավեն Վիրաբյան), Սոչիի «Լոո» (գեղարվեստական ղեկավար՝ Ենոք Բադալյան), Մայկոպ քաղաքի «Վարդանանք» և «Նաիրի» (գեղարվեստական ղեկավար՝ Սյուզաննա Բաբայան), և Դոնի Ռոստովի «Զվարթնոց» (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Գրիգորյան) պարախմբերը:

Իրենց կատարումներով փառատոնի մասնակիցներին և ներկաներին ողջունեցին Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի, Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի, «Արցախ» ազգագրական և Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթների և «Արցախի ձայներ» նախագծի մասնակիցները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Միջին և Հարավ-ասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Զոհրաբյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին՝ արցախյան հողում փառատոնի մասնակիցներին հյուրընկալելու, ջերմ ընդունելության և համերգը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը փառատոնին ակտիվ մասնակցության համար Թեհրանի «Զարթոնք» պարախմբի և Արցախի պարի պետական  համույթի կատարողներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության հավաստագրեր և հուշամեդալներ:

2 3 4 5 6 7 8 9

Scroll Up