Միասնականությունը պիտի լինի մեր շարժիչ ուժը. «Սփյուռք» ամառային դպրոց-2016

Մարինա1

Հայ-ֆիննական առնչությունները սկիզբ են առել դեռևս 17-րդ դարում, երբ Նոր Ջուղայի վաճառականները առևտրական կապեր են հաստատել Սկանդինավիայի հետ: Հետագայում այդ կապերը առավել են զարգացել: 20-րդ դարի առաջին կեսին Ֆինլանդիա են այցելել հայ մտավորականներ Ալեքսանդր Աբելյանը, Գարեգին Լևոնյանը, Լևոն Բաշալյանը, Ստեփան Շահումյանը, Վահան Տերյանը, Վահրամ Փափազյանը (Հելսինկիում «Օթելլոյի» 4 ներկայացում է տվել ֆինն դերասանների հետ): Սակայն այսօր քչերը գիտեն, որ Ֆինլանդիայում հիմա նույնպես կա հայկական համայնք, որը դեռևս մեծ հեռանկարներ ունի: Հյուսիսային Եվրոպայի հենց այս գեղեցիկ երկրից է եկել Մարինա Դանոյանը՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի   «Հայոց  լեզվի  և  պատմության  ուսուցիչների,  կրթական  գործի կազմակերպիչների   վերապատրաստում»  դասընթացին: Հայուհի ուսուցչուհու հետ «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է ֆինլանդահայ համայնքի, հայկական փոքրիկ դպրոցի և հետագայի հեռանկարների մասին:

 -Մարինա´, ֆինլանդահայ համայնքի մասին քիչ է խոսվում: Ինչպիսի՞ն է համայնքն այսօր և ինչպիսի՞ առօրյա ունի:

– Հայ-ֆիննական առնչություններ եղել են պատմության մեջ, սակայն Ֆինլանդիայում հայկական կազմակերպված համայնքը կարճ պատմություն ունի: Համայնքը փոքր է, այնուամենայնիվ՝ հայեր կան ինչպես մայրաքաղաք Հելսինկիում, այլնպես էլ՝ Տամպերե և Տուրկու քաղաքներում: Հայերի թիվը մոտ երկու հազար է: Չնայած համայնքը մեծ չէ ու հիմնավորապես կայացած, այնուամենայնիվ՝ արդեն ունենք երկու հայկական կենտրոններ՝ Ֆինլանդիա-Հայաստան ընկերակցությունը, որը մշակութային և կրթադաստիարակչական գործն է ստանձնել, և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչությունը, որն ավելի շատ հոգևոր ուղղվածություն ունի:

Սակայն երկու կենտրոնների գերնպատակը մեկն է. համախմբել հայերին, ստեղծել միասնականության մթնոլորտ: Իհարկե, հայրենիքից հեռու միշտ էլ ձուլման վտանգ կա, սակայն մեր համայնքի հայերի մեծամասնությունը, համենայնդեպս ում ես ճանաչում եմ կամ գիտեմ, Ֆինլանդիայում են հաստատվել վերջին տասնամյակներին միայն, եկել են հիմնականում Հայաստանից: Վերջին տարիներին մեր համայնքն ավելի մեծացավ Մերձավոր Արևելքում սկսած զինված գործողություններից հետո, երբ այդ տարածաշրջանի, հիմնականում՝ Սիրիայի հայերը տեղափոխվեցին եվրոպական երկրներ, այդ թվում նաև՝ Ֆինլանդիա: Նրանք, իհարկե, հայկականության առումով բավականին պահպանողական են, և հիմնականում հաստատվել են Տուրկու քաղաքում, որտեղ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչությունը աշխատում է նրանց հետ, փորձում լրացնել հայկական մթնոլորտի ու հայեցիության պահանջն ու պակասը: Ստոկհոլմից շատ հաճախ Հելսինկի է գալիս նաև հայր Եղիշեն, հանդիպում է հայերի հետ, զրուցում, պատարագ մատուցում:

-Սակայն ենթադրում եմ՝ համայնքն իր խնդիրներն ու դժվարությունները ևս ունի:

-Խնդիրներ, բնական է, կան, քանի որ հայկական համայնքն ամեն օր ավելի է կազմակերպվում, փորձում նոր ձեռքբերումների հասնել, իսկ մեր ընտրած ճանապարհը, ինչպես հաջողության տանող յուրաքանչյուր ճանապարհ, ամենևին էլ հարթ չէ: Առաջնային նպատակ է հայկականության մթնոլորտի պահպանումը: Մենք խոսեցինք ձուլումից: Ես պիտի նկատեմ ու արձանագրեմ, որ ովքեր ակտիվ մասնակցում են համայնքային կյանքին, շատ նպատակասլաց անհատներ են և ուզում են պահպանել իրենց հայ ինքնությունը: Այսինքն, ոչ թե նահանջ կա ազգային պատկանելիությունից և հայ լինելու զգացողությունից, այլ ընդհակառակը՝ վերադարձ կա:

Սակայն մի բան էլ չեմ կարող չնշել. համայնքի առօրյային հայերի ընդամենը մի փոքրիկ մասն է մասնակցում: Սա խնդիր է: Մեր համայնքի հայերը շատ տարբեր են. տարբեր են համայնքի կյանքին իրենց ինտեգրման աստիճանով, մասնագիտությամբ, աշխատանքով, հայացքներով, բայց մեզ մի բան է ընդհանրացնում՝ մենք հայ ենք, և միասնականությունը պիտի լինի մեր շարժիչ ուժը: Ես գիտեմ, որ ամեն ինչ դեռ նոր-նոր է սկսվում, այնուամենայնիվ, ես գիտեմ նաև, որ մեր համայնքը մեծ ներուժ ունի, մարդկային լավ ռեսուրս: Եթե յուրաքանչյուրը փորձի համայնքի զարգացման և հզորացման մեջ իր փոքրիկ ներդրումը ունենալ, ապա հաջողության ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելի կլինի:

– Ֆինլանդիայում հայերի մասին խոսվու՞մ է, ճանաչու՞մ են մեզ, թե՞ մեր պետությունների միջև եղած հեռավորությունը, այնուամենայնիվ, կանգնեցրել է տեղեկատվական հոսքերը:

– Հայաստանի մասին շատ չգիտեն, եթե անգամ գիտեն, ապա Հայոց ցեղասպանության թեմայի շրջանակներում: Սակայն երբ խոսում եմ Հայաստանից, շատ են հետաքրքրվում: Նրանց ոգևորում է մեր դարամյա պատմությունը, այն փաստը, որ աշխարհում առաջինն ենք պետականորեն ընդունել քրիստոնեությունը, և այս ամենը նրանց բերում է Հայաստան՝ նոր բացահայտումների: Հելսինկիում ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ կա՝ վանական Սերաֆիմը, որը մեր երկրի ու պատմության երկրպագու է, գրքեր է գրել Հայաստանի, Հայ առաքելական եկեղեցու մասին: Նրա շուրջը հավաքվել են նաև այլ ֆիններ, որոնք, ուսումնասիրելով մեր երկիրը, պատմական անցյալը, դարձել են Հայաստանի սիրահարներ: Այցելում են Հայաստան, իսկ ովքեր գոնե մեկ անգամ գալիս են, տեսնում են Հայաստանը, կապվում են մեր երկրի հետ մեկընդմիշտ: Նրանք էլ են ընդգրկված մեր համայնքի գործունեության մեջ, ուզում են իրենց ներդրումն ունենալ:

-Ինչպե՞ս ստեղծվեց հայկական մեկօրյա փոքրիկ դպրոցը: Մեկամյա գործունեությունն ի՞նչ է ցույց տալիս:

-Դպրոցը ստեղծվեց Ֆինլանդիա-Հայաստան ընկերակցության կողմից, որի փոխտնօրենն եմ նաև: Դասական իմաստով չենք կարող ասել դպրոց, քանի որ մեկօրյա է, դասաժամերը բավականին քիչ են, սակայն իր առաքելությամբ այն իրոք դպրոց է, որը կրթական և հայապահպանական մեծ գործունեություն է ծավալում: Ինչպես նշեցիք, հիմնադրվել է ընդամենը մեկ տարի առաջ: Հիմնական և առաջնային նպատակը եղել է հայոց լեզվի դասավանդումը: Երեխաները ընտանիքներում հիմնականում խոսում են հայերեն, բայց գրել և կարդալ չգիտեն: Հավաքվեց խումբ՝ մոտ 15 երեխա: Ինձ առաջարկ եղավ աշխատել որպես ուսուցիչ: Մեծ հաճույքով ընդունեցի առաջարկը: Երբ տեսա, թե աշակերտներն ինչ ոգևորվածությամբ են գալիս դասերին, ինչքան պատրաստակամ են սովորելու, ինքս էլ շատ ոգեշնչվեցի: Դեռ շատ փոքր ճանապարհ ենք անցել, դասաժամերը քիչ են, և ժամանակային կտրվածքն է մեծ, սակայն դեռևս շատ անելիք կա: Մեծ ծրագրեր ունենք, պիտի շարունակենք սկսած գործը, փոքր, բայց հաստատակամ քայլերով գնանք առաջ: Ծնողներն էլ են շատ ոգևորված, ուսումնական տարվա վերջին ունեցանք հանդես: Առաջին անգամն էր, և երեխաները ներկայացրին մեկ տարվա ընթացքում իրենց սերտածը, սովորածը, երգեցին, անգամ բեմադրություն եղավ: Մեկ տարվա մեջ որոշակի արդյունքի հասանք: Խմբում միաժամանակ սովորում են 5-12 տարեկան երեխաներ: Դժվար է բոլորին նույն մեթոդով դասավանդել, նամանավանդ որ նրանց հայերենի նախնական գիտելիքներն էլ են տարբեր: Կա նաև տեղի և ռեսուրսների սահմանափակություն, սակայն սրանք խնդիրներ են, որ վաղ թե ուշ կգտնեն իրենց լուծումները: Ամենակարևորն այն է, որ աշակերտները հաճույքով են շփվում հայերենով, ուրախությամբ են դասերին գալիս:

   -Մարինա´, Ձեր երեխաներին նույն ոգո՞վ եք դաստիարակում:

Այո´, իհարկե: Աղջիկս 4 ու կես տարեկան է, միշտ մասնակցում է հայերենի դասերին, նրան դուր է գալիս, որ մենք խոսում ենք Հայաստանի մասին: Մեկ անգամ պատմում էի հայկական դրոշի մասին, նկարեցինք դասի ընթացքում, ես բացատրեցի գույներից  յուրաքանչյուրի նշանակությունը: Դա նրան շատ էր տպավորել: Անընդհատ տանը նկարում էր, տարբեր պարագաներ այնպես էր դասավորում, որ գույների համադրությունից ստացվի մեր Եռագույնը: Նա մինչև երկուս ու կես տարեկան ֆիններեն էր խոսում, սակայն մի գեղեցիկ օր սկսեց բոլորովին պատահական հայերեն խոսել: Իրեն այդպես ավելի հարմար է, և նաև հետաքրքիր, քանի որ դրսի միջավայրում ցանկացած ոք, ով հայ չէ, չի հասկանում նրա լեզուն: Քիչ-քիչ իր ինքնությունն է կազմավորվում: Դա ոգևորում է ինձ: Ամուսինս, ում հայրը հայ է, մայրը՝ ֆինն, ևս շահագրգռված է, որ մեր երեխաները հայկականության մթնոլորտում մեծանան: Մեր կողմից անում ենք ամեն ինչ, որ հայրենասիրությունը պահպանվի, հետագայում թող իրենք արդեն ընտրեն, թե ինչպիսին կլինեն հայրենիքի հետ հաղորդակցվելու  իրենց առնչությունները:

-Հիմա անդրադառնանք «Սփյուռք» ամառային դպրոցին: Որպես սկսնակի՝ ի՞նչ է այն տալիս Ձեզ:

-Ճիշտ եք՝ ես դասավանդման շատ փորձ  չունեմ: Ուսուցանելու առաջին իսկ օրվանից ինձ մոտ շատ հարցեր առաջացան. ինչպե՞ս սկսել հայերենի դասավանդումը, ինչի՞ց սկսել, ո՞ր մեթոդն է ավելի արդյունավետ: Կարդացել եմ մեթոդաբանական  գրքեր, սակայն միշտ էլ մասնագիտական խորհրդի կարիք եմ ունեցել: Մեկ օր հանդիպեցի Շվեդիայում և Ֆինլանդիայում համատեղության կարգով Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արտակ Ապիտոնյանին և իմացա այս ամառային դպրոցի մասին: Անմիջապես ցանկություն առաջացավ գալու, մտածում էի, որ օգտակար կլինի: Եվ ես չսխալվեցի: Այստեղ լավագույն մասնագետները ամեն օր տալիս են ինձ պիտանի գիտելիքներ, մեթոդներ, օրինակներ, միշտ պատրաստ են պատասխանելու յուրաքանչյուր հարցին: Եվ իհարկե, այս ամառային դպրոցը մեկ առանձնահատկություն ևս ունի. սա հազվադեպ հնարավորություն է հանդիպելու տարբեր երկրների հայկական համայնքներում դասավանդող հայ ուսուցիչներին, որոնց մեծ մասը տարիներով կուտակած փորձ ունի: Ամեն դասամիջոցին կամ ազատ դասաժամերին խոսում ենք, ովքեր իմանում են, որ սկսնակ եմ, պատրաստ են ինձ օգնել, նյութեր տրամադրել: Ես վստահ եմ՝ մեր կապը կպահպանվի:

-Ո՞րն է Ձեր հորդորը մանկավարժի աշխատանքն իրական կոչումի վերածած սփյուռքահայ բոլոր ուսուցիչներին:

-Գիտեք՝ երեխային առաջնայինը ձևավորում են ընտանիքը, միջավայրը և ուսուցիչը: Սփյուռքահայ ուսուցչից շատ բան է կախված այս դեպում. արդյո՞ք նա կկարողանա երեխային այնպես գրավել, որ նա հաճույքով սովորի հայերեն:  Իսկ եթե մանուկը մայրենին հետաքրքրությամբ սովորի, նրա մեջ հետաքրքրություն կառաջանա նաև հայրենիքի հանդեպ: Այս դեպքում, իսկապես, ուսուցիչ լինելը կոչում է: Նախևառաջ՝ պարտավորեցնող կոչում: Ես ամեն դասից առաջ միշտ պատրաստվում եմ, ինձ պարտավորված եմ զգում առավելագույնը անելու, զգում եմ ուսերիս դրված պատասխանատվության մեծությունը:

Ամալյա Կարապետյան

Մարինա