Իմ ընտանիքն իմ փոքր Հայաստանն է, որտեղ հայորեն մեծանում են չորս զավակներս…

Երևանում հուլիսի 15-22-ը տեղի ունեցած Երիտասարդ գործարարների համահայկական առաջին համաժողովի ընթացքում, մասնավորապես ռուսաստանյան պատվիրակների կողմից, բազմիցս հնչեց տյումենաբնակ Ստեփանյան եղբայրների անունը՝ որպես լուրջ ձեռքբերումների հասած գործարարներ, ովքեր մեծ ներդրում ունեն նաև տյումենահայության ազգային կյանքի կազմակերպման գործում: Նրանցից մեկը՝ Սերգո Ստեփանյանը, համաժողովի մասնակիցներից էր: Համաժողովի ավարտից հետո հանդիպեցինք նրան և խնդրեցինք պատասխանել մի քանի հարցի:

– Ով՞ է Սերգո Ստեփանյանը և ո՞րն է նրա գործունեության ոլորտը:

– Ծնվել եմ 1977 թվականին՝ Հայաստանում, սակայն 1993-ից ապրում եմ Տյումենում: Ավարտել եմ Տյումենի պետական համալսարանի ֆինանսներ և կրեդիտ ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 2002 թվականից՝ ավագ եղբորս՝ Սամվել Ստեփանյանի ղեկավարությամբ, ով Տյումենի մարզում հայտնի «ARBIS-AGRO» միավորման տնօրենների խորհրդի նախագահն է: Ես նրանից շատ բան եմ սովորել: Ներկայումս ղեկավարում եմ ընկերության  կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը, որի կազմում ընդգրկված են կաթնարտադրության և  մսամթերքների մշակման գործարաններ, ձկնային և  գյուղմթերքների  արտադրության ընկերություններ, գործում է նաև «Գյուղական բակ» ֆիրմային խանութների ցանցը և այլն:

Հպարտություն է, որ մեր հայրենակիցներն այլ երկրում հասել են նման հաջողությունների: Ձեր կարծիքով ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենան երիտասարդները, որպեսզի բիզնեսի մեջ հասնեն հաջողության:

– Նախ՝ հավատան այն գաղափարին, որ ծնվել է իրենց մտքում,  կատարեն բազմակողմանի վերլուծություն, մանրամասնորեն հաշվարկեն ամեն ինչ, աշխատեն «թևերը քշտած»՝ չընկրկելով դժվարություններից և գնան մինչև վերջ: Իհարկե, անհրաժեշտ է ունենալ նաև  մարդկանց հետ շփվելու և ճիշտ հարաբերություններ կառուցելու կարողություն, լինել համառ, նպատակասլաց և հետևողական:

Հայտնի է, որ Դուք հիմնադիրն ու ղեկավարն եք նաև «Rosarm» բիզնեսի և մշակութային կապերի աջակցման ու զարգացման ռուսհայկական ընկերության: Ինչպեսի՞ կարևոր միջոցառումներ է իրականացրել Ձեր ընկերությունը Տյումենի հայության համար:

– «Rosarm»-ը բիզնեսի և մշակութային կապերի աջակցման և զարգացման ռուս- հայկական ոչ կոմերցիոն ընկերություն է,  հիմնադրվել է 6  ստեղծարար մարդկանց կողմից՝ հայ և ռուս ժողովուրդների միջև գործարար ու մշակութային կապերի զարգացմանն աջակցելու նպատակով: Շատ լայն և բազմակողմանի ծրագրեր ունի և վստահաբար մեծապես կնպաստի տյումենահայության կյանքի աշխուժացմանը: Ես Տյումենի հայ համայնքի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում եմ 2015 թվականի ապրիլից սկսած: Մշակել եմ ռազմավարական լայն ծրագիր՝ մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար, և արդեն իսկ սկսել ենք դրա իրականացումը: Առաջին խոշոր քայլը այս տարվա մարտ ամսին բացված մշակութային հրաշալի կենտրոն էր, որտեղ ներկայումս սովորում է 200 աշակերտ:

Ձեր կարծիքով հաջողված էր արդյո՞ք Երևանում կայացած երիտասարդ գործարարների առաջին ֆորումը: Ի՞նչ տվեց այն ձեզ: Արդյո՞ք ունեցաք գործնական առաջարկներ կամ ծրագրեր:

 – Այո, իհարկե: Այն, ինչ արեցին Մուշեղ Ավետիսյանը և մյուս կազմակերպիչները, արժանի է ամենաբարձր գնահատականի: Նման հարթակները հնարավորություն են տալիս տեղեկատվություն փոխանակել, նոր կապեր ստեղծել, ի հայտ բերել բիզնեսի զարգացմանն ու աճին խոչընդոտող սահմանափակումները: Իսկ ամենագլխավորը՝ իրազեկ ես դառնում աշխարհում ի հայտ եկած նորություններին, փոփոխություններին և հնարավորություններին:

–  Ձեզ անձնապես, ի՞նչ տվեց համաժողովը:

– Հնարավորություն՝ ներկայացնելու «ROSARM» ոչ կոմերցիոն կազմակերպությունը և Տյումենի մարզը, ցույց տալ նրանց կարողությունները: Ծանոթացա և կապեր հաստատեցի աշխարհի տարբեր երկրներում ապրող գործարարների հետ: Ուսումնասիրեցի Հայաստանի Հանրապետության գործարար ներուժը, որը թույլ կտա  ապագայում ճիշտ կառուցելու փոխհարաբերությունները՝  համատեղ գործունեություն ծավալելու պարագայում: «ROSARM»-ը Հայաստանի երիտասարդ գործատուների հետ համատեղ հուլիսի 8-ին կազմակերպեց առաջին համացանցային կոնֆերանսը, որի թեման վերաբերում էր Հայաստանի և Տյումենի մարզի միջև զբոսաշրջության զարգացմանը: Այս թեմային առնչվող կոնկրետ արդյունքները մենք արդեն իսկ ունեցանք համաժողովի ընթացքում, երբ հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների հետ համաձայնություն ձեռք բերվեց Տյումենի մարզի զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների ղեկավարներին և աշխատակիցներին անվճար Հայաստան հրավիրելու վերաբերյալ՝ Հայաստանի զբոսաշրջային ոլորտին ու հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Ծրագիրը նախատեսվեց իրականացնել այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Վստահ եմ, որ նկատելի  արդյունքներ կունենանք: Նախատեսվում է նաև Տյումենի մարզի առևտրա-արդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպել Հայաստանի գյուղմթերքներ վերամշակողների այցը Տյումենի մարզ՝ խոշոր ներմուծող ընկերությունների հետ գործակցային կապեր հաստատելու նպատակով: Նախատեսվում են նաև իրականացնել մարզական միջոցառումներ՝ Տյումենի այկիդոյի ֆեդերացիայի հետ և այլն: Սեպտեմբերին Երևան կժամանի «ROSARM»-ի փոխնախագահ Գևորգ Մելքոնյանը՝ մասնակցելու բժշկական համաժողովին՝ այդ ոլորտում նույնպես  փորձի փոխանակում և համագործակցության եզրեր գտնելու նպատակով: Այնպես որ, ծրագրերը և ցանկությունները շատ մեծ են:

– Դուք ամբողջությամբ լցված եք հայկականությամբ: Դժվար չէ՞ ձեզ նման մեկի համար ապրել Հայրենիքից հեռու:

– Տյումեն փոխադրվելուց հետո սկզբնական շրջանում իսկապես դժվար էր: Հեռացել էի հարազատ վայրերից, ընկերներից: Ստիպված էի վարժվել նոր մթնոլորտին և նոր շրջապատին: Օգնում էր եղբորս ներկայությունն ու աշխատանքով տարված լինելս: Չնայած այն բանին, որ ապրում եմ Ռուսաստանում, միտքս անընդհատ կապված է Հայաստանին: Իհարկե, ներկա պայմաններում հեռավորությունը խնդիր չէ: Ընկերներիս, բարեկամներիս հետ անընդհատ հաղորդակցվում եմ հեռակապի միջոցով և միշտ տեղյակ եմ այն ամենին, ինչ կատարվում է թե՛ նրանց կյանքում, և թե՛ Հայաստանում ընդհանրապես: Բացի այդ, երկու երկրների միջև անխափան գործում է օդային ճանապարհը: Այնպես որ, հաղորդակցման և ինֆորմացիայի պակաս չկա: Հայաստանում մենք տուն ունենք, որտեղ հաճախ հավաքվում ենք բարեկամներով, ընկերներով: Իսկ ընդհանրապես, իմ ընտանիքն իմ փոքր Հայաստանն է, որտեղ նաև կնոջս՝ Շուշաննայի ջանքերով հայորեն մեծանում են  չորս զավաներս…

Հարցազրույցը՝ Սեյրանուհի Գեղամյանի

IMG_23792

Scroll Up