Արցախյան ղողանջներ. Հայրս գնաց դիրքեր, այդպես էլ հետ չեկավ

Մտովի  ես իմ աշակերտի  հետ  եմ, 7-րդ  դասարան փոխադրված  Գևորգ  Պետրոսյանի… Նրա  տխրամած հայացքը  միշտ  ուղեկցում է ինձ,  ու  ես  մի առանձնահատուկ  քնքշությամբ  թերթում եմ նրա  անցած  օրերի գրած  տողերը, որ  արցունքախառն են, շատ  հուզումնալից:  Այդ օրը «Դիմանկար» թեմային համապատասխան` առաջարկել էի աշակերտներին, թեկուզ և նկարի շուրջ, նկարագրել որևէ մեկին, դա կարող էր լինել գրական մի հերոս, արվեստի գործիչ կամ ճանաչված մեկ այլ անհատականություն: Ազատամարտիկ հայր կորցրած իմ սանիկի համար իր շարադրանքի հերոսը պիտի դառնար բոլորիս կողմից ճանաչված Արցախյան ազատամարտի նվիրյալը, իսկ դասարանում իմ առջև նստած աշակերտը նորից պիտի դառնար այդ  օրվա դասի իրական փոքրիկ հերոս և հուզեր բոլորիս իր անկեղծ, բայց սրտահույզ տողերով:

Նա չցանկացավ կարդալ իր շարադրանքը, լուռ էր, գլխահակ, կողքին նստած աշակերտուհին սկսեց ընթերցել. «Նկարագրել մի մարդու, ով իմ հայրն է, և այսօր ֆիզիկապես մեր կողքին չէ, շատ դժվար է, բայց միևնույն ժամանակ, ուզում եմ հորս մասին գրել: Ես միշտ հիշում եմ նրա գեղեցիկ դեմքը և անմոռանալի ժպիտը: Հայրս բարձրահասակ էր, նիհար մարմնով, խոշոր աչքերով, կիսասպիտակ մազերով և զինվորական համազգեստով…»:

Այս տողերն ընթերցող աշակերտուհին մի պահ կանգ է առնում, իսկ մենք լսողություն դարձած` սպասումով լի հայացքներս հառում ենք Գևորգին: Մի քանի ակնթարթ, և նրա տետրը հանկարծ հայտնվում է իմ սեղանին: Շարունակում եմ ընթերցել, բայց զգում եմ, որ ձայնս կերկերուն է դառնում. «Իմ հիշողության մեջ ես տեսնում եմ նրան զինվորական կոշիկներով, հայրս հազվադեպ էր հանում դրանք իր ոտքերից: Նույնիսկ բազմոցին պառկելիս երբեք չէր հանում, քանի որ միշտ դիրքեր գնալու ճանապարհին էր, և երբ փոքրիկ քույրս ուզում էր հանել կոշիկները, հայրս չէր թողնում, ասում էր. «Բալա՛ս, մի՛ հանիր, ես նորից գնում եմ»: Նա այդպես էլ գնաց դիրքեր ու էլ հետ չեկավ: Ծանր է ինձ համար, բայց ես նկարագրում եմ իմ սիրելի հայրիկին, ով իր կյանքում չիմացավ, թե ո՛րն էր իր քնելու և արթնանալու տեղը: Դիրքե՞րն էր նրա անկողինը, թե՞ բազմոցը, չգիտեմ… Իմ կարծիքով` ոչ մեկը, ոչ էլ` մյուսը..»:

Խռովահույզ մտորումներով հաջորդ դասաժամին մտա 10-րդ դասարան: Հոգուս հանդարտության համար իմ դասի մուտքն այդտեղ սկսեցի ազատամարտիկ հայրիկի մասին գրած իմ սանիկի տնային առաջադրանքով: Ինձ թվաց` բոլորին համակած քար լռությունը հարգանքի տուրք էր ազատամարտիկ Դավիթ  Պետրոսյանի անմահ հիշատակին:

Նատաշա Պողոսյան
    
Արցախի վաստակավոր մանկավարժ,
  
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի         
 հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Scroll Up