Երբ հոգին է խոսում հայերեն, մարմինը հայերեն չխոսել չի կարող. «Սփյուռք» ամառային դպրոց-2016

«Սփյուռք» ամառային դպրոցի  բոլոր մասնակիցները միմյանցիc յուրովի տարբերվում են: Նրանց հայեցի կեցվածքը, ոգին  անհնար է չնկատելը: Մայր բուհի պատերի ներսում նրանք առավել քան զգոն են ու պարտավորված` միայն հայերենով խոսելու հայկականի մասին: 

Ամառային դպրոց  ծրագրի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացի մասնակիցները միանգամից են առանձնանում. նրանց գեղեցիկ խոսքը, մշակված հայերենը ականջ է շոյում: Հենց այս դասընթացի մասնակից է նաև Լուսին Մանգասարյանը, ով հայրենիք է եկել Կանադայի հայաշատ Տորոնտո քաղաքից: Փորձառու մանկավարժի հետ «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է ուսուցիչ լինելու առաքելության, օվկիանոսից այն կողմ հայկականը պահպանելու դժվարության և «Սփյուռք» ամառային դպրոցի արդյունավետության մասին:

-Օրիո´րդ Մանգասարյան, ուսուցչի աշխատանքը միշտ էլ ամենադժվարներից ու ամենապատասխանատուներից մեկն է համարվել: Դուք հայերենի ուսուցիչ եք աշխատում մի երկրում, ուր գերական օտար լեզուն է: Արդյո՞ք այս դեպքում ձեր մասնագիտական պատասխանատվությունը չի կրկնապատկվում:

-Այո´, ուսուցիչ լինելը նախևառաջ կոչում է, և արդեն հենց կոչում բառն էլ ամփոփում է իր մեջ Ձեր նշած պատասխանատվությունը: Նախքան Տորոնտո տեղափոխվելը՝ իմ ծննդավայրում՝ Հալեպում, զբաղվել եմ ուսուցչությամբ: Ունենալով մեկ այլ մասնագիտություն ևս՝ բիզնես-մենեջմենթ և վարչական գործ, ես երբեք չեմ մտածել ուսուցչի իմ աշխատանքը թողնելու մասին: Հիմա երկու մասնագիտություններովս զբաղվում եմ հավասարապես, սակայն հայկական շաբաթօրյա դպրոցում ուսուցիչ լինելն ինձ համար ավելի է, քան ուղղակի աշխատանքը: Զգացողությունը, որ դու օտար հողում հայ սերունդ ես կերտում, տալիս է այնպիսի հոգևոր բավարարվածություն, որ որևիցե այլ զբաղմունք, աշխատանք, չի կարող տալ: Ես հայերեն եմ դասավանդում, սակայն հայերեն ասելով պիտի հասկանալ նաև հայ երգը, մշակույթը, թատրոնը, պարը, չէ՞ որ սրանք էլ են լեզու, հոգու լեզու, իսկ երբ հոգին է խոսում հայերեն, մարմինը հայերեն չխոսել չի կարող:

-Օրիո´րդ Մանգասարյան, միայն ուսուցիչը կարո՞ղ է օտար հողում ապրող հային փրկել հնարավոր ուծացումից:

-Դժվար է, երբ շուրջբոլորը խոսում են այլ լեզվով: Դու տեսնում ես հայ երեխաների, ովքեր հայկական դպրոց են գալիս ընդամենը մեկ օր, իսկ շաբաթվա մնացած հինգ օրը նրանք այլ միջավայրում են լինում, որը երբեմն այնքա˜ն հեռու է հայկականությունից: Այդ մեկ օրը մենք՝ ուսուցիչներս, իրական պայքարի մեջ  ենք լինում, ամեն վայրկյան փորձում երեխաներին ներարկել հայերենի, հայկականի, հայեցիի հերթական չափաբաժինը, պահել և սիրելի դարձնել նրանց մի միջավայրի, որը կտանի դեպի իրենց արմատներ: Երբ տեսնում եմ, որ հայ մանուկները սկսում են սիրել այդ արմատները, ես երջանկանում եմ: Դա մեկ այլ՝ անանձնական երջանկություն է, որը ինձ մեծ բերկրանք է պատճառում: Ես վստահ եմ՝ իմ աշակերտներիցս ոմանք կշարունակեն իմ գործը, քանի որ մշտապես պիտի պայքարել հայապահպանման համար. աշխարհը գնում է համաշխարհայնացման, օտար միջավայրը դառնում է նահանջի հիմնական ազդակը, որից պիտի հնարավորինս երկար խուսափել:

-Ձեր աշակերտները սիրո՞վ են այցելում հայկական դպրոց: Ի՞նչ է դպրոցը նրանց համար, և ի՞նչն են այդտեղ ամենաշատը սիրում:

-Անկասկած երեխաները շատ են սիրում մեր դպրոցը: Ես էլ նրանց եմ շատ սիրում (ասում է ու ժպտում, երբ ասում է «երեխաներս», պիտի հասկանալ իր աշխակերտներին-հեղ): Խանդավառությամբ են գալիս դասերին, որոնք ես փորձում եմ համեմել հայաստանյան գույներով. հայկական խաղեր, պարեր, երգեր: Սակայն խնդիր կա այստեղ. արդյո՞ք այս ամենը շարունակվում է նրանց ընտանիքներում: Իհարկե, կան ընտանիքներ, որ պահպանողական են այս հարցում, բայց ոչ բոլորը: Այս դեպքում ես՝ որպես ուսուցիչ և իհարկե՝ որպես հայ ինքնության պահպանման նվիրյալ, փորձում եմ մշտական կապ պահել նաև ծնողների հետ, կոչ եմ անում նրանց հետևողական լինել, չծուլանալ, չհանձնվել:

-Աշակերտները հայրենիք գալու, այն տեսնելու ցանկություն հաճախակի՞ են հայտնում:

-Այո´, և մենք իրականացնում ենք այդ ցանկությունը: Ամեն տարի Սուրբ Սահակ և Սուրբ Մաշտոց շաբաթօրյա ազգային վարժարանի մեր շրջանավարտներին մենք երեք շաբաթով բերում ենք հայրենիք: Ութը տարի հայրենիքի մասին պատմելուց հետո, նրանք այդ հոգևոր Հայաստանը ֆիզիկապես են տեսնում, զգում, ապրում: Իհարկե, այս ամենը իրագործում ենք Սուրբ Երրորդություն Հայոց Առաքելական եկեղեցու հովանավորությամբ: Այցի ընթացքում անգամ նրանք, որ անտարբեր են եղել հայկականի նկատմամբ, այնպես են կապվում այս հողին ու ջրին, որ չեն էլ ցանկանում հետ վերադառնալ:

-Օրիո´րդ Մանգասարյան, կանադահայ համայնքը միշտ էլ հայկական ամենակազմակերպված համայնքներից մեկն է եղել: Ինչպիսի՞ն է այն այսօր:

-Մեր համայնքը միշտ էլ հզոր է եղել: Ունենք տարբեր հանձնախմբեր, Երիտասադաց միությունը, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Հայ օգնության ֆոնդը, Տիկնանց միությունը և այլք՝ լծված են հայապահպանությանը: Փորձում են հայկական մթնոլորտ ստեղծել ցանկացած տարիքային խմբին պատկանող հայի համար:

Մեր համայնքը վերջին տարիներին առավել հզորացավ և մեծացավ նաև սիրիահայերի ներհոսքից հետո: Իհարկե, ցավալի է, մեծ ողբերգություն է սիրիահայ համայնքի այդ մասնատումը: Սակայն երբ Տորոնտո եկած և մեր դպրոց հաճախող սիրիահայ երեխան սկսում է վարժ խոսել հայերենով, դա կարծես ոգեշնչում է մյուս աշակերտներին: Կարծես օրինակ լինի այդ փոքրիկը մնացածների համար: Այդպես է եղել միշտ. Մերձավոր Արևելքի հայկական համայնքները աչքի են ընկել առանձնակի հայապահպանությամբ:

Ասպիսիվ՝ մեր համայնքը կարողանում է օտարազգիներին ներկայացնել մեր մշակույթը, պատմությունը: Հատկապես անցյալ և այս տարի, պայմանավորված Հայոց ցեղասպանության 100 և 101-րդ տարելիցներով, Կանադայում ով էլ չգիտեր հայերի մասին, մեր հայրենիքի մասին, իմացավ, ծանոթացավ մեր անցյալին: Դեռևս 2004-ին է Կանադան ճանաչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես, և մինչև այսօր նրանք մեր կողքին են:

-Մի փոքր անդրադառնանք «Սփյուռք» ամառային դպրոցին: Փորձառու ուսուցչուհի լինելով՝ ի՞նչ նոր հմտություններ է տալիս այս դասընթացը Ձեզ:

-Շատ ուրախ եմ այստեղ լինելուս համար: Նոր գաղափարներ, մտքեր, հմտություններ, մեթոդներ ենք սովորում ու իմանում ամեն օր: Առանձնակի կարևորում եմ նաև փորձի փոխանակումը: Այստեղ սովորածս ամեն նոր բան կկիրառեմ Տորոնտոյում: Ես այս ընթացքում աշակերտ եմ, որը սերտելու դեռ շատ բան ունի:

-Եվ վերջում՝ ո՞րն է Ձեր կոչը Սփյուռքի բոլոր հայ ուսուցիչներին:

– Կոչս մեկն է՝ սիրե´նք մեր լեզուն և օգնե´նք հայրենիքից հեռու ապրող հայ սերունդներին հայ մնալ:

Ամալյա Կարապետյան

ԼյուսիԼյուսի1

Scroll Up