Արցախյան ղողանջներ. Այդ օրը նրա շուրթերով Հայոց աշխարհն էր բարբառում

«Ես՝  որպես  աշակերտ, տարբերվում եմ մյուսներից, բայց կցանկանայի նմանվել  նրանց»: Դպրոցական օրերի  հիշողությունների մեջ  եմ, զոհված  ազատամարտիկի  որդի, դեռևս   6-րդ  դասարանում սովորող    իմ աշակերտի՝  Գևորգ  Պետրոսյանի  գրած տողերը մի նոր մտորումների տեղիք տվեցին  այդ դասաժամին, առավել ևս, երբ այնտեղ կային նաև ինքնախոստովանանքի` իրեն դատապարտող խոսքեր, որ ինքը ծույլ է և անգրագետ:

Նա միշտ էլ իմ ուշադրության կենտրոնում էր… Շատ լուռ էր, ինքնամփոփ, խոսում էր կամաց, երբեմն դասարանին ուղղված որևէ հարցում, եթե մյուսները թերանում էին, ի զարմանք բոլորիս` հանկարծ լսում էինք նրա կողմից շատ կամաց ասված ճիշտ պատասխանը:

Այդ  օրը փոքրիկ համակարգիչները դրված էին նստարաններին, նայում էի,  թե  ով ինչ հետազոտական աշխատանք էր կատարել հայրենի բնաշխարհի մասին: Բոլորս ուշադիր լսում էինք նրան, նա բանավոր պատմում էր Հայաստանի հրաշք գետի` Արաքսի մասին…Հետո լռում էր, ոչ մի ձայն, միայն մեր շնչառությունն էինք զգում, և հանկարծ այդ լռությունը խախտում է աշակերտուհիներից մեկը. <<Գ. Էմինի <<Պատգամ>> բանաստեղծությունն օրեր առաջ սովորել էր, բայց չէր ուզում այդ մասին իմանանք>>:

Ավելի եմ զարմանում, բոլորիս հայացքներն ուղղված են նրան, իսկ նա շուտով արտասանում է` Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում….Մենք ինքներս էլ շատ զգույշ սպասում էինք, որ շուտով կանգ կառնի և մոռացության տրված տողերը նորից չի կարողանա վերհիշել, բայց ևս մեկ-երկու կանգառներ, հետո նորից շարունակում էր…Երբ վերջացրեց, կարծես բոլորս շունչ քաշեցինք… Մենք հիացած նայում էինք նրան, իսկ նա լուրջ էր, ոչ մի ձայն…

Մատյանում նրա անվան դիմաց դատարկ վանդակն եմ փնտրում, անբավարար և բավարար մի քանի գնահատականների կողքին մի նոր գնահատական պիտի ավելանար: Բոլորը լուռ սպասում էինն իմ ձեռքի գրչի շարժումին, հանկարծ այստեղից ու այնտեղից լսում եմ աշակերտների վանկարկումները, որ լավի ու գերազանցի արանքում գտնվող գնահատականի մասին էր հնչում: Եվ գրիչս շատ սահուն մատյանի վանդակում նշանակում է մի հպարտ <>, որի կողքին պիտի կուչ գային նրա մյուս գնահատականները:

Հոգիս հանդարտվում է, տեսնես իմ աշակերտը, իրոք,   զգա՞ց, որ ինքն արդեն նմանվում է մյուսներին, նույնիսկ այդ դասաժամին նա ավելին էր, քան ոմանք, ովքեր այդ  օրն  այնքան էլ լավ չէին սովորել դասը, բայց այդ դասաժամին նրա շուրթերով  հայոց աշխարհն էր բարբառում…

Նատաշա Պողոսյան
    
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Scroll Up