ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դասախոսություն կարդաց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների համար

Հուլիսի 14-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դասախոսություն կարդաց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների համար: Նա անդրադարձավ Հայաստանի՝ համաշխարհային, տարածաշրջանային և ներքին մարտահրավերներին՝ նշելով, որ օրեցօր գլոբալացող և փոքրացող աշխարհում անընդհատ տեղաշարժեր են լինում, մարդիկ շատ ավելի արագ են որոշում և իրականացնում բնակության վայրը փոխելու որոշումը: «Իսկ որևէ երկրում ապրող այլազգիները կարող են կոչվել Սփյուռք միայն այն դեպքում, եթե նախ՝ ունենան ու պահպանեն էթնիկ ինքնագիտակցությունը, ապա՝ ստեղծեն կառույցներ, որոնց շնորհիվ կապահովեն կապն ու հարաբերությունները Հայրենիքի հետ», – նշեց նա:

Նախարարը խոսեց Հայաստան-Սփյուռք գործակցության մասին. «Սփյուռքը Հայրենիքից ակնկալում էր երկքաղաքացիության ինստիտուտի ներմուծում, որը նրանց հնարավորություն կտար, ապրելով օտար հողում, մնալ նաև հայրենի երկրի քաղաքացի: Մենք կարողացանք ստեղծել երկքաղաքացիության ինստիտուտը, և այսօր հազարավոր քաղաքացիներ հպարտությամբ են ստանում և օգտագործում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին վկայող իրենց անձնագրերը: Մենք մեր առջև դրել ենք նաև Սփյուռքի մասնագիտական ներուժը համախմբելու խնդիր: Դրան է ուղղված բոլոր այն մասնագիտական համահայկական համաժողովների կազմակերպումը և արդյունքում ձևավորված համահայկական մասնագիտական ցանցերի ու կառույցների ստեղծումը, որոնք պարբերաբար հավաքվում ու համատեղ ծրագրեր են մշակում, իսկ այնուհետև փորձում իրականացնել»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայկական Սփյուռքի ձևավորման պատմությունը: «Նախարարության հիմնադրման առաջին իսկ օրերից աշխատել ենք «Ճանաչել, վստահել, գործակցել» բանաձևով: Մեր հիմնական խնդիրներն են՝ նպաստել Սփյուռքում հայապահպանությանը, հայտնաբերել և հանուն Հայրենիքի հզորացման օգտագործել հայության ներուժը և վերջապես մշակել, իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն հայրենադարձությանը», – նշեց նա:

Գերատեսչության ղեկավարը «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացների մասնակիցներին ներկայացնեց այն յոթ առաջնահերթությունները, որոնք կյանքի կոչելու համար պետք է ապրի ու գործի յուրաքանչյուր հայ մարդ. «Դրանք են՝ Հայաստանի հզորացումը, Արցախյան հիմնահարցի կարգավորումը՝ ի շահ մեր հայրենակիցների, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, Սփյուռքի հայ համայնքների ինքնակազմակերպման, հայոց լեզուն պահելու և պահպանելու, արտակարգ իրավիճակներում հայտնված հայությանն օգնելու և հայ եկեղեցին կանգուն պահելու գործը, – նշեց նախարարը և հավելեց, – Հայաստանը համայն հայության Հայրենիքն է: Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ լավն է, այլ նրա համար, որ քոնն է»:

Այնուհետև դպրոցի մասնակիցները դիտեցին նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո իրենց հարցերն ուղղեցին ՀՀ սփյուռքի նախարարին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց բոլոր հարցերին, իսկ որոշ վերապատրաստվող մասնագետների ներկայացրած խնդիրները խոստացավ լուծել անհատաբար և բոլոր հնարավորությունները գործի դնելով:

Նախարարն ընդգծեց, որ օտար հասարակության մեջ հայկական դպրոցն է հայապահպանության այն օազիսը, որը բացառապես ուսուցիչների և տնօրինության նվիրումի շնորհիվ է իրականացնում ծանր, բայց շնորհակալ աշխատանքը: «Եվ եթե այսօր մենք ունենք գեթ մեկ երիտասարդ կամավոր կամ մասնագետ, ով ուզում է մանկավարժի բարձրագույն կրթություն ստանալ կամ վերապատրաստվել, մենք ջանք չպետք է խնայենք նրան աջակցելու ուղղությամբ», – նշեց նա:

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին նախարարին համապարփակ և սպառիչ դասախոսության համար և խոստացան իրենց բնակության երկրներում ամեն բան անել՝ Հայրենիքում ստացած իրենց գիտելիքներն ու փորձը արդյունավետ օգտագործելու համար:

1 (1) 2 (1) 3 (1)

Scroll Up