«Շարունակելու ենք տարբեր ծրագրերով աջակցել Արցախի մեր հայրենակիցներին». Ուդմուրդիայի հայկական համայնքի նախագահ

Հեռավոր Ուդմուրդիայում ապրող հայերը, ստեղծելով իրենց «փոքրիկ Հայաստանը», սեփական օրինակով կարող են փաստել, որ աշխարհի բյուր ծագերում հաստատված հայերն ի զորու են պահպանել սեփական ինքնությունը և հավատարիմ մնալ արմատներին:

«Հայերն այսօրի» հետ զրույցում Ուդմուրդիայի «Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Մնացական Առաքելյանն ասաց, որ Ուդմուրդիայում հայերը կարողացել են հաջողության հասնել համախմբվածության, միմյանց հասկանալու և ազգանվեր տարբեր աշխատանքներ կատարելու շնորհիվ, ինչն էլ նպաստել է օտար միջավայրում բարի համբավ ձեռք բերելուն:

-Պարո՛ն Առաքելյան, ե՞րբ է ստեղծվել Ուդմուրդիայի հայկական համայնքը:

-Ուդմուրդիայի հայկական համայնքը ստեղծվել է 1994 թվականին:

Համայնքի ստեղծման սկզբում Ուդմուրդիայում ապրում էր 1700 հայ: Իսկ մասսայական տեղափոխություն դեպի Ուդմուրդիա՝ տեղի է ունեցել 1994 թվականից հետո:

Այս դրությամբ 3830 հայ է ապրում Ուդմուրդիայում, որից 2830-ը՝ ՌԴ քաղաքացիներ են, իսկ մյուսները պարզապես ժամանակավոր քաղաքացիություն ունեն: Պետք է նշեմ, որ տեղի հայերի ճնշող մեծամասնությունը շինարարությամբ են զբաղվում, մի մասը պետական համակարգի աշխատակիցներ են, իսկ մյուսները՝ անձնական բիզնես ունեն: Ուդմուրդիայում զգալի շատ են ջավախահայերը և արցախցիները, կան Հայաստանից եկած մարդիկ:

Հայերի 95 տոկոսը գրում, կարդում է հայերեն, իսկ մնացած 5 տոկոսը, ցավոք, կորցրել են հայի ինքնությունը, նույնիսկ ազգանուններն են փոխել`դառնալով Պողոսով, Այվազով և այլն:

– Համայնքում հայապահպանությանն ուղղված ի՞նչ  աշխատանքներ են կատարվում:

– Համայնքի ստեղծումից հետո բոլորիս համար կարևոր հարց էր հայկական դպրոցի հիմնումը: Մտահոգ էինք՝ հայ երեխաներին զերծ պահել ուծացման վտանգից:

Այդ նպատակով՝ 1995 թվականին Ռուբեն Մելիքյանի անվան հայկական կիրակնօրյա դպրոցը բացեցինք:

Ուդմուրդիայի տարբեր շրջաններում դպրոցի 11  մասնաճյուղեր են գործում, որտեղ դասավանդվում են հայոց լեզու,հայոց պատմություն, հայ գրականություն և կրոնի պատմություն: Մեր դպրոցի ուսուցիչները մասնակցել են նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի «Հայոց լեզվի և  պատմության  ուսուցիչների,  կրթական  գործի  կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացին: Աշակերտների ընդհանուր թիվը 83-ի է հասնում:

Գործում է «Ուրարտու» պարախումբը և ֆուտբոլի թիմը: Նույնիսկ 2005 թվականին հայկական գերեզմանոց ենք բացել, որտեղ արդեն 60-ից ավելի ննջեցյալներ են հանգչում:

Կազմակերպում ենք նաև ծանոթության երեկոներ, որտեղ հավաքվում են հայ ուսանողները, քննարկումներ կազմակերպում՝ ներկայացնելով իրենց հուզող հարցերը և առաջարկները: Միախմբված ազգային երգեր ենք երգում և պարում՝ շուրջբոլորը հայկական շունչը տարածելով:

Երիտասարդների ծնողները նույնպես ներկա են լինում այդ երեկոյին: Այդ ամենից հետո երիտասարդների մոտ հայրենասիրության, հայկական ավանդույթերի հանդեպ սերն ավելի է ամրպապնդվում, բարելավում են նաև հայերեն խոսելը: Նրանք այդ միջոցով փորձում են չձուլվեն օտար միջավայրին:

Մեր ուժը երիտասարդության մեջ ենք տեսնում: Ուդմուրդիայի տարբեր ԲՈՒՀ-երում 250-ից ավելի հայ ուսանողներ են սովորում:

Առհասարակ, համայնքի գլխավոր նպատակը՝ ուդմուրդահայերի հայկական արմատները, գիր ու մշակույթը պահպանելն է: Բոլոր տոները`Սուրբ Զատիկը, Ամանորը, Վարդավառը և մյուսները, նշում ենք մեզ մոտ:

Օրինակ՝ 2015 թվականին Վարդավառի տոնակատարությանը մինչև 1500 հոգի մարդ հավաքվեց:  Հատուկ այդ օրվա համար մեզ հյուր էին եկել ՌԴ Կազան, Դոնի-Ռոստով, Պերմ, Ուֆա քաղաքների հայկական համայնքներից:

Իսկ երբ անցյալ տարի Ուկրաինայից 1260 մարդ եկավ Ուդմուրդիա, որոնց կազմում 9 հայ կար, մենք նույնպես օգնության ձեռք մեկնեցինք նրանց՝ տալով հագուստ, կոշիկ և կենցաղային այլ պարագաներ:

Մեզ մոտ բոլոր հայերը հավասար են, որևէ խտրականություն չենք դնում, որպեսզի նրանց միջև պառակտում չստեղծվի:

Հաճախ նաև մանկատներ ենք գնում՝ մեզ հետ տանելով տարբեր ապրանքներ:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակի տարբեր միջոցառումներով ոգեկոչվեց Սփյուռքում: Ուդմուրդիայի հայ համայնքն այս ուղղությամբ ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկավ:

– Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մենք սկսել ենք նախապատրաստվել դեռևս 2012 թվականից:

Խոշոր ձեռնարկներից էր Եղեռնի ճիրաններից փախչող կինը՝ մահացած երեխան գրկում, հայտնի նկարի կրկնօրինակով արձանի կառուցումը, որը համայնքի պատվերով վրացի քանդակագործը պատրաստեց: Այդ քանդակի տեսքով նաև Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցին նվիրված հատուկ մետաղադրամ թողարկեցինք:

Ընդհանուր առմամբ՝ ոգեկոչման միջոցառումները մեզ համար պատմական դարձան, որին մասնակցեցին Ուդմուրդիայում ապրող գրեթե բոլոր ազգերի ներկայացուցիչները` ռուսներ, ուդմուրդներ, թաթարներ, հրեաներ, հույներ և կազակներ:

Նախ փակեցինք  Գորկի և Պուշկին փողոցները՝ շուրջ 12 կմ, և երկու ժամ տևողությամբ բողոքի երթ կազմակերպեցինք: Մոտեցանք Ուդմուրդիայի պետական խորհդրի շենքին: Խորհրդի աշխատակիցները նույնպես միացան մեզ` ցույց տալով, որ Ուրդմուդիան ևս դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Հաջորդ օրը տեղական լրատվամիջոցներն անդրադարձան երթին՝ խոսելով հայ ժողովրդի համախմբվածության մասին:

Հակառակ եղանակային անբարենպաստ պայմաններին՝ շուրջ 1240 հոգի մասնակցեց ցույցին, ներառյալ՝ Ուդմուրդիայի 6 նախարարներ, 17 ազգերի ներկայացուցիչներ, Ռուս Ուղղափառ եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հրավիրված հոգևորականներ, որոնց հետ հասանք մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այդ օրը նաև մատաղի արարողություն տեղի ունեցավ: Ոգեկոչման միջոցառումներն ավարտեցինք «Դլե յաման» երգով:

Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցին նվիրված նաև «Չենք մոռանում 1915 թվականը»   և «Համայնքի դեմքը»   ֆիլմերն ենք պատրաստել:

-Պարո՛ն Առաքելյան, Սփյուռքում հայ մնալու, քրիստոնեական արժեքները չմոռանալու, համայնք-եկեղեցի գործակցությունն ապահովելու համար կարծում եմ՝ Եկեղեցու առկայությունը կարևոր նախապայման է: Ուդմուրդիայում հայկական եկեղեցի գործու՞մ է:

-Ես նույնպես կիսում եմ Ձեր կարծիքը: Համայնքում հայկական եկեղեցու կառուցումը բոլորիս համար առաջնային հարց էր: Ուդմուրդահայերի համախմբումը եկեղեցու շուրջ, իրոք, նպաստելու էր  համայնք-եկեղեցի կապերի ամրապնդմանը:

2009 թվականին հայկական դպրոցի կառուցումից հետո, 2010 թվականին զարկ տվեցինք եկեցեցու շինարարությանը: Այս հարցում մեզ սատարեց Ուրդմուրդիայի նախագահ Ալեքսանդր Վոլցովը, որը համայնքին փոխանցեց  2 միլիոն 500 հազար ռուսական ռուբլի: Մենք նրան հրավիրել էինք հայկական համայնքի նախագահի ընտրություններին: Երբ մեկ վայրում հավաքված 800 հայ տեսավ, զարմացավ մեր համախմբվածության վրա: Նա հիացած էր հայերի միասնական ոգու վրա և ուզում էր՝ անպայման ինչ-որ կերպ աջակցել մեզ:

Իսկ ծանոթ մուսուլմաններից մեկն ասաց, որ ցանկանում է իր կողմից շինարարության ընթացքում եկեղեցու վրա մի քար դնել: Պատկերացրե՛ք նա մեկ հատիկ քարի փոխարեն, մեկ շար քար դրեց՝ իր օրինակով ոգևորելով շատերին: Մի շարք պաշտոնատար անձինք ոգևորված եկան և սկսեցին եկեղեցու վրա քարեր դնել՝ օգնելով շինարարներին: Հիմա կես-կատակ, կես-լուրջ՝ ասում ենք, որ  ուրդմուդները, վրացիները, թաթարները, տաջիկները և մյուս ազգերը ևս մասնակցել են եկեղեցաշինությանը:  Իսկ տաջիկները 100 հատ վարդի տնկիներ բերեցին և տնկեցին եկեղեցու շուրջ: Հիմա արդեն ուդմուրդահայերը սրտատրոփ սպասում են եկեղեցու բացմանը, որն այս տարվա աշնանն է նախատեսվում:

Grugor Lusavorich

-Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ սփյուռքյան տարբեր համայնքներ նեցուկ եղան Արցախին և հայ ժողովրդին: Ո՞րն էր Ուդմուրդիայի հայ համայնքի օժանդակությունը:

– Արցախին առաջին անգամ օգնություն ենք ցուցաբերել դեռևս Արցախյան ազատամարտի տարիներին:

Երբ լսեցինք Ադրբեջանի կողմից սկսված լայնածավալ պատերազմական գործողություունների մասին, խուճապահար հավաքվեցինք եկեղեցու բակում` քննարկելու և հասկանալու համար մեր հետագա քայլերը: Արցախին սատարելու նպատակով մեկ մարդու պես ոտքի կանգնեցինք:

Շուրջ 200 մարդ հավաքվեց, որոնց մեջ Արցախ գնալու համար կամավորներ հայտնվեցին, նույնիսկ՝ տարեցներ:

Գալով Հայաստան՝ Արցախի բանակին տարբեր ռազմական սարքավորումներ բերեցինք: Եղանք նաև Արցախում, հանդիպեցինք տարբեր պաշտոնյանների, որոնց հետ քննարկումների արդյունքում՝ հասկացանք, թե ինչ տեսակի օգնություն է անհրաժեշտ տրամադրել:

Հնարավորությունը բաց չթողեցինք այցելելու նաև առաջնագիծ՝ մեր հերոս զինվորների մոտ: Սեփական աչքով տեսանք նրանց խիզախությունը, մարտական ոգին և հայրենի հողի համար պայքարելու աննահանջ պատրաստակամությունը:

Վերդառանալով Ուդմուրդիա՝ շարունակելու եմ համայնքում ոգևորություն առաջացնել, որ շարունակեն  տարբեր ծրագրերով աջակցել մեր հայրենակիցներին:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

 

 

Scroll Up