ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Մեծարգո´ տիկին Հակոբյան 

Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները ՀՀ սփյուռքի նախարարության կազմավորման 5-րդ տարեդարձի առիթով:

Նախարարության հիմնումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի բաղկացուցիչն էր, և ուրախալի է արձանագրել, որ ստեղծման օրվանից գերատեսչության գործունեությունը մշտապես գտնվում է ՀՀ Նախագահի անմիջական հոգածության և ուշադրության կենտրոնում:

Սփյուռքի նախարարության ստեղծմամբ Հայաստան-Սփյուռք կապերը դարձան ավելի ինստիտուցիոնալ, հարաբերությունները ձեռք բերեցին առավել նպատակային և դինամիկ բնույթ: Ողջունելի և բարձր գնահատանքի է արժանի, որ ամեն տարի Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հայկական համայնքային և կրոնական կառույցների ներգրավմամբ Հայաստանում անցկացվող բազմաթիվ միջոցառումների արդյունքում կանոնակարգվում են և է´լ  ավելի են ամրապնդվում Հայրենիք-Սփյուռք կապերը:

Այսօր վստահաբար կարելի է ասել. Հայրենիքն այլևս դարձել է աշխարհասփյուռ հայության համախմբման հիմնական աշխարհագրական, քաղաքական ու հոգևոր առանցքը, ինչը վկայում է Սփյուռքի հիմնախնդիրների նկատմամբ պետության բացառիկ ուշադրության մասին:

Հարգարժա´ն տիկին նախարար

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել Ձեր անգնահատելի դերը ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման ու կայացման գործում: Պետական գործչի վճռականությամբ և իրապես հայ քաղաքացու անձնուրացությամբ Դուք կարճ ժամանակում կարողացաք կազմակերպել հայության երկու հատվածները՝ Հայրենիքն ու Սփյուռքը կամրջող պետական կառույցի արդյունավետ աշխատանքը: Իր ռազմավարական նշանակությամբ և ունեցած արգասաբերությամբ այդ գործը, հիրավի, առաքելության է նման: Մեծ է Ձեր անձնական ներդրումը Սփյուռքի կազմակերպությունների և երևելիների հետ հարաբերությունների հաստատման առումներով:

Որպես համահայկական կառույց՝ Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը ստեղծման օրվանից ակտիվորեն համագործակցում են նախարարության հետ: Մենք բարձր ենք գնահատում նպատակային և արդյունավետ այդ համագործակցությունը:

Ուզում եմ փաստել, որ նաև Ձեր անձնական ջանքերի ու պատրաստակամության շնորհիվ մեր փոխհարաբերությունները ձեռք են բերել հատուկ կառուցողական և բարեկամական  բնույթ:

Ստորագրված երկարաժամկետ համագործակցության Հուշագիրը՝ Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման և զարգացման ոլորտում ակտիվ փոխգործակցության մասով, հնարավոր դարձրեց ամեն տարի համատեղ իրականացնել բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ:

Բարձր հեղինակություն են վայելում գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների, «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա համատեղ մրցանակաբաշխությունները: Մեր համատեղ ծրագրերը բարենպաստ միջավայր են ստեղծել սփյուռքահայերի ազգային-կրթական, հոգևոր-մշակութային հավաքական և միասնական գործունեության, սփյուռքի համայնքներում, ազգային կառույցներում, Հայ Եկեղեցու շուրջը՝ նրանց համախմբման ու ինքնահաստատման համար:

Վերստին շնորհավորելով նախարարության կազմավորման 5-ամյակը՝ մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն աշխարհասփյուռ հայության և ի փառս Հայաստանի Հանրապետության:

Հարգանքով`

Արա Աբրամյան

Համաշխարհային հայկական կոնգրեսի և

Ռուսաստանի հայերի միության նախագահ,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան

Scroll Up