Թուրքերը ծրագրված ցեղասպանություն են իրականացրել 1,5 միլիոն հայի հանդեպ. Գերմանացի պատմաբանը Վատիկանի արխիվից ապացույցներ է հրապարակում

Հռոմի Սուրբ Աթոռի արխիվներում գոյություն ունեն Հայոց ցեղասպանության եղելությունը ապացուցող նյութեր, որոնք հասանելի են ուսումնասիրել ցանկացողների համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գերմանացի հրապարակախոս, պատմաբան Միխայել Հեսմանը, ով արխիվներում ուսումնասիրություններ է կատարել, գտել նոր փաստեր, որոնք վկայում են Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի զանգվածային բնաջնջման մասին: Վատիկանի արխիվներում, ըստ նրա, հայտնաբերված վկայությունները որևէ կասկած չեն թողնում, որ Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերը հայերին ոչ թե վերաբնակեցնելու և պատերազմի վտանգից հեռու պահելու փորձ են արել, ինչպես այդ մասին պնդում են Թուրքիայի ներկայիս իշխանությունները, այլ բնաջնջելու նպատակ են հետապնդել:

– Հռոմի պապի Հայաստան այցին ընդառաջ վերսկսել են խոսակցություններն այն մասին, թե ինչո՞ւ Հռոմի Սուրբ Աթոռի արխիվները, որտեղ տվյալներ կան Հայոց ցեղասպանության եղելության մասին, չեն բացվում: Դուք աշխատել եք այդ արխիվների հետ: Կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ են դրանք փակ:

– Վատիկանի արխիվներն արդեն իսկ բաց են: Ցանկացած հայ ասպիրանտ կամ պրոֆեսոր կարող է Հռոմում անձամբ ուսումնասիրել այս փաստաթղթերը: Գոյություն ունի շուրջ 3000 էջանոց նյութ, ինչպես 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության, այնպես էլ 1894-96 թթ.-ի կոտորածների մասին: Մենք հրապարակել ենք այդ փաստաթղթերից ձևավորված 6 հատորները:

– Եթե չեմ սխալվում, 2011 թ.-ին Վատիկանի արխիվներից հայտարարություն արվեց, որ 2012թ.-ին Հայոց  ցեղասպանությանը վերաբերող որոշակի փակ նյութեր կբացվեն, բայց դրանք այդպես էլ չհրապարակայնացվեցին:

– Խոսքն ընթացիկ հրապարակման մասին էր, ոչ թե արխիվների բացման: Ամեն ինչ բաց է: Մենք ունենք շատ հուզիչ հաղորդագրություններ, ականատեսների վկայությամբ տեղեկություններ, թե ինչ է տեղի ունեցել 1915թ.-ին հայերի հետ: Մենք ունենք տեղեկություն, որ դա ծրագրված ցեղասպանություն էր: Դա ոչ միայն հայերի ցեղասպանությունն էր, այլև՝ բոլոր քրիստոնյա փոքրամասնությունների: Դա էթնիկ և կրոնական հոմոգենիզացիայի, միաձուլման փորձ էր, որը տեղի էր ունենում պրոֆաշիստական երիտթուրքերի գաղափարախոսության, ռեժիմի ներքո: Կրկնում եմ, մենք ունենք ապացույցներ, որ դա կազմակերպված ցեղասպանություն էր, որ հայեր սպանվել են այդ ցեղասպանության ընթացքում, և մենք ունենք շատ ազդեցիկ տեղեկություններ դրանց մասին: Հենց այս ամենը դրդեց Հռոմի պապին 2015 թ.-ին օգտագործել «ցեղասպանություն» տերմինը:

– Կարո՞ղ եք ներկայացնել արխիվում կատարած ուսումնասիրություններից մանրամասներ, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության եղելությունը և հանգամանքը, որ այդ ամենն, ինչպես ասացիք, ծրագրված է եղել:

– Ես կարդացել եմ շատ նյութեր, թղթապանակներ գտել, որոնք իսկապես ստորգետնյա պահուստներից են հանվել:

Նախ ասեմ, որ իմ ուսումնասիրությունները հայկական ցեղասպանության վերաբերյալ սկսեցին զուգադիպությամբ: Ես ուսումնասիրում էի Պյուստ 12-րդի կենսագրությունը, ով փորձ էր անում ողջակիզման ժամանակ հրեաներին փրկել: Եվ որպեսզի Պյուստ 12-րդի մասին ավելի լավ իմանայի, նրա կենսագրությունը նայեցի ու թղթապանակ գտա, որտեղ գրված էր հետևյալ արտահայտությունը՝ «հայերի հետապնդումներ»: Բացեցի, նամակ տեսա գրված: Կարդինալ Ֆոր Հանդմանը, ով կաթոլիկ էր, գրել էր, որ նույնիսկ 1915թ.-ի հայերի հետապնդումների ժամանակ, գերմանական կառավարությունը դատարանի ու պատմության առջև պատասխանի կկանչվի, եթե ոչինչ չանի դրա դեմը կանխելու համար:

Ի դեպ, հենց սա է պատճառը, որ մի քանի օր առաջ Գերմանիան ընդունեց բանաձև՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, ինչը փորձ արվեց ճնշել թուրքական շրջանակների կողմից: Սակայն, դա չխանգարեց, որ Գերմանիան ընդունի Հայոց ցեղասպանությունը: Բունդեսթագում միայն մեկ հոգի դեմ քվեարկեց բանաձևին՝ մի բութ կին:

Ես գտել եմ նյութեր գրված միանձնուհիների կողմից, որոնք ականատես են եղել հայերի հետ կատարվածի արդյունքներին: 6 միանձնուհի, ում ուղակել էին Մոսուլ՝ գերմանական զինվորներին օգնելու առաքելությամբ, օրագիր են գրել: Ես ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է գրված այնտեղ: Բնականաբար, նրանք օդանավով չէին գնա, այդ տարիներին չկար օդանավ, նրանք գնացքով էին գնացել ու Պոլսից Մոսուլի ճանապարհին տեսածը նրանք օրագրում գրել են: Էշով են կտրել Տավրոսը: Նրանք գնում էին ձորերով, որոնցից քրիստոնյա հայերի փտող դիակների հոտն էր գալիս: Թուրքերի կողմից հազարներով դիակները նետվել էին անդունդները, վառվել էին քրիստոնեական գյուղեր, քանդվել եկեղեցիներ: Միանձնուհիները գրել են նաև, որ կանայք, տղամարդիկ, երեխաներ սովամահ են լինում, ու գերմանացիները ոչինչ չեն անում նրանց օգնելու համար: Իրենց տպավորություններում նրանք գրել էին, որ սարսափելի են եղել դեպքերը, որ մորթվել էին մարդիկ, բառացիորեն կտրատվել:

Կատարած ուսումնասիրությունների արդյունքում ես եկել եմ հետևյալ եզրակացության, որ Վատիկանի արխիվներում հայտնաբերված վկայությունները որևէ կասկած չեն թողնում, որ Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերը հայերին ոչ թե վերաբնակեցնելու և պատերազմի վտանգից հեռու պահելու փորձ են արել, ինչպես այդ մասին պնդում են Թուրքիայի ներկայիս իշխանությունները, այլ բնաջնջելու նպատակ են հետապնդել:

Այս և այլ ապացույցներն անհերքելի են. նրանք նպատակ են ունեցել ոչնչացնել քրիստոնյա բնակչությանը, իսկ պատերազմն ընդամենը առիթ է եղել, որ իրականացնեն վաղեմի ծրագիրը:

Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից 1915թ. հուլիսին Վաշինգտոն արված գրառման համաձայն «կատարվել էր ազգի ոչնչացման մի ամբողջ արշավ»: Ասեք, որ սա կարևոր է: Կամ Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի խոսքերը, որոնք արվել էին Բեռլին ուղարկած նրա զեկուցագրում: Նա ասել, որ «թուրքական կառավարությունը պատերազմն օգտագործում է որպես առիթ իր ներքին թշնամիներից ազատվելու համար, որոնք են տեղի քրիստոնյաները, և սա կատարվում է առանց տեղի օտար ազգերի դիվանագիտական միջամտության»:

Կարող եմ ասել, որ Վատիկանի արխիվներում գոյություն ունեցող փաստաթղթերի համաձայն, Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված վայրագությունների հետևանքով զոհվել է 1 միլիոնից ավելի հայ:

Ավելին, հայկական կաթոլիկ պատրիարքարանը 1916թ. փետրվարին գրել է, որ 1 միլիոն զոհ արդեն հաշվառված էր՝ նախքան սիրիական անապատներում տեղի ունեցած կոտորածը:

– Նման ապացույցների առկայությունը բավարար չէ՞, որ Թուրքիան հրաժարվի ժխտողական քաղաքականությունից:

– Իրատեսական չեմ համարում: Էրդողանը երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանությունը: Հույս կա, սակայն, որ երբ Թուրքիայում մի օր իշխանափոխություն լինի, գուցե ձևավորված նոր կառավարությունը կամք ունենա՝ առնչվել իր բարոյական պարտականությունների հետ: Ուստի, դրա համար միջազգային ճնշումն այս առումով կարևոր է: Թուրքիան պիտի հասկանա, որ այն ժամանակ կդառնա քաղաքակիրթ աշխարհի մաս, երբ ընդունի իր կողմից կատարած հանցագործությունները, ինչպես դա Հոլոքոստի պարագայում արեց Գերմանիան:

– Ասացիք, որ ուսումնասիրությունների արդյունքում Հռոմի պապը նախորդ տարի օգտագործեց «ցեղասպանություն» բառը: Եռօրյա այցը Հայաստան ի՞նչ նշանակություն ունի այս համատեքստում: 

– Դա կարևոր է ինչպես կաթոլիկ, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու համար: Մեր դիվանագիտական հարաբերություններն այսպիսով ավելի կամրապնդվեն: Առաքելական եկեղեցին մեծ հարգանք ունի Հռոմում, մենք սիրում ենք ձեր կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այս այցը կարևոր է Հայաստանի համար, որովհետև Հայաստանը փոքր երկիր է ու դժվար կացության մեջ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Եվ պատկերացրեք, որ այս երկիրը ստանում է ավելի քան 1 միլիարդ կաթոլիկ աշխարհի առաջնորդ՝ Հռոմի պապի աջակցությունը:

– Տեսնում եմ, որ Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող «Անմոռուկ» կրծքանշան եք ամրացրել: Մասնակցելո՞ւ եք Էջմիածնում ու Գյումրիում անցկացվող Սուրբ պատարագներին:

– Այո, ես նույնպես շրջելու եմ, հետևելու եմ Պապի այցին: Ինձ համար ցանկացած այց Հայաստան կարծես այց լինի դեպի քրիստոնեության բնօրրան, որովհետև Նոյը հենց Արարատ լեռան վրա իջավ ու սկսեց նոր դարաշրջան՝ Աստծո հետ ձեր փոխհարաբերությունների:

Scroll Up