Հալեպի կյանքը պետք է մոռանանք. Անի Արթինյան

30tat.thumb

Հալեպահայ Անի  Արթինյանը գրեթե չորս տարի է Հայաստանում է: Ամուսինը երկաթագործ է, նոր-նոր սկսել է աշխատել: Երեք որդի ունի, աշխատում է միայն միջնեկ տղան: Մեծ տղան աշխատանք է փնտրում, փոքր տղան սովորում է, ատամնատեխնիկ է ուզում դառնալ: Անին  պատրաստում է անուշեղենի տարբեր տեսակներ և փորձում ինչ-որ ձևով օգնել ընտանիքին:

«Փախել, եկել ենք: Առանց որևէ իր, հագուստ վերցնելու՝ եկանք Հայաստան:  Օրվա ծախսերն ենք միայն կարողանում հոգալ: Բայց, փառք Աստծո, հիվանդ չլինենք, հարցի կարոտ չլինենք, աշխատենք ու ապրենք»,- Panorama.am-ի հետ զրույցում Հալեպից Հայաստան անցած ճանապարհը հակիճ նկարագրեց և այսօրվա վիճակը ներկայացրեց Անի  Արթինյանը:

Նա իր պատրաստած քաղցրավենիքները ներկայացրել է  Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում կազմակերպված ցուցահանդես-վաճառքում:

Ա. Արթինյանն ասաց, որ աշխատում է տանը, պատվերներ է ստանում, առաքում է կամ ինքը, կամ որդին, կամ էլ հենց պատվիրատուն է գալիս վերցնում:

«Հալեպի կյանքը պետք է մոռանանք,  Հայաստանի կյանքով ապրենք: Դժվար է, այնտեղ եմ ամուսնացել, ունեցել ու մեծացրել երեք որդիներիս: Ունեցել ենք տուն, խանութ, ամեն ինչ թողել և եկել ենք: Բայց գոհ ենք, որ գոնե մեր հայրենիքում ենք: Միայն ուզում եմ հաջողություններ լինի, որ այլ երկիր չգնանք: Հիմա գնում են  Կանադա, Ամերիկա, այս ու այն տեղ: Ես ուզում եմ, որ բոլորը մնան Հայաստանում: Թող մի կերպ աշխատեն ու մնան»,- նշեց նա:

Անի  Արթինյանի ազգականները, չնայած պատերազմական գործողություններին ու դրանց արդյունքում ստեղծված դժվարին պայմաններին, շարունակում են մնալ Սիրիայում. «Ամեն առավոտ ցավով եմ հետևում լուրերին: Սթրեսի մեջ ենք միշտ: Մի մասը չի ուզում տունը թողնի ու գա, մի մասը Հայաստան հասնելու գումար չունի կամ էլ ասում են գանք, ինչպես ապրենք, եթե գործ չգտնենք»:

Արդեն հինգ տարի է Սիրիայում պատերազմ է: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում շուրջ 18 միլիոն մարդ է ապրում, 7 միլիոնը տեղահանվել է: Սիրիայում մինչև պատերազմը բնակվել է 80 հազար հայ: Պատերազմական այս տարիներին նրանց մեծ մասը լքել է Սիրիան՝ տեղափոխվելով Հայաստան, Լիբանան, Հորդանան, աշխարհի տարբեր երկրներ: 17-20 հազար սիրիահայ դեռևս Սիրիայում է: