«Կուզեի, որ բոլոր զինվորները Մոնթեի նման մտածեին…»

Ռաֆայել Հովհաննիսյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան ստացած ասպետներից թերեւս ամենասակավախոսն է: Սակայն, երբ մտերմացանք, սկսեց կատակներ անել, ավելի մանրամասն ու մտերմիկ պատմել իր կատարած գործից՝ հասկացնելով, որ դա գյումրեցու առանձնահատկությունն է:

Ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ N զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ Ռաֆայել Գեւորգի Հովհաննիսյանը «Ֆագոտ» հակատանկային համալիրից խոցել է հակառակորդի երեք տանկ:

Մեծ, կապույտ աչքերով Ռաֆայելի մասին բոլորն ասում են՝ իր գործի մասին երկար-բարակ պատմել չի սիրում: Այդուհանդերձ, ջանք ու եռանդ չխնայեցի՝ հերոսից իր սխրանքի մասին բառեր կորզելու համար: Մեր զրույցի ընթացքում հարցնում եմ, թե ինչպես խոցեց տանկերը՝ պարզագույն հարցով ենթադրելով, որ գործից փոքր-ինչ մանրամասն կպատմի: Սակայն Ռաֆայելը մեկ բառով պատասխանեց.

– «Ֆագոտով»:

Վերհիշելով պահի զգացողությունները՝ պատմում է.

– Այդ պահին տանկերը խոցելու մասին էի մտածում միայն: «Ֆագոտն» այնպիսի զենք է,որ ոչ ոք դեռ չէր կրակել, չէի մտածում, որ ես կարող եմ կրակել, բայց ստացվեց…

Ռաֆայել Հովհաննիսյանը որպես հերոսի իրեն չի կարողանում բնութագրել, նրա համար հերոսի մարմնացում է Մոնթե Մելքոնյանը:

– Կուզեի, որ բոլոր զինվորները Մոնթեի նման մտածեին:

Մարտի ժամանակ միայնության, վախի զգացում չի ունեցել, մտածել է միայն հաղթանակով դուրս գալու մասին.

– Այդ պահին ծառայողական ընկերներիդ էլ կողքիդ տեսնես, արդեն բավական է…

Ապրիլյան դեպքերից հետո նրա ներաշխարհում շատ բան է փոխվել, ավելի ուշադիր եւ զգուշավոր է դարձել: Կյանքում, պատերազմի դաշտում ոչ մի բանից չի վախենում, վախենում է միայն ընկերներին եւ հարազատներին կորցնելուց:

Ռաֆայել Հովհաննիսյանը ծնվել է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Նրան 35 օր է մնացել մինչ ծառայությունն ավարտելը: Ապագայի հետ կապված որեւէ ծրագիր չի կազմում, սպասում է ծառայությունը հաջողությամբ ավարտի, այնուհետեւ կմտածի հետագա պլանների մասին:

Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Նարե Վարդումյանի

erit.am

Scroll Up