«Անկարելի է անտեսել Մայր Եկեղեցու անփոխարինելի դերը Սփյուռքում». Տեր Զավեն աբեղա Յազիչյան

«Հայերն այսօրի»  հարցազրույցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Զավեն աբեղա Յազիչյանի հետ է, որը սույն թվականի մարտի 29-ին, ազատվելով Հնդկահայոց հոգևոր հովվի և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարչի իր պարտականություններից, նշանակվել է Սինգապուրի, Մյանմարի և Դաքքայի (Բանգլադեշ) հոգևոր հովիվ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում:

– Հա՛յր Սուրբ, սփյուռքյան ո՞ր համայնքներում եք հոգևոր ծառայություն կատարել:

-Կուսակրոն քահանա ձեռնդրվելուցս մեկուկես տարի անց Նորին Սրբության Հայրապետական տնօրինությամբ մեկնել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ շարունակելու ուսումնառությունս։ Ստանալով հոգեբանության մագիստրոսի աստիճան՝ 2009 թվականին վերադարձել եմ Սուրբ Էջմիածին։ Ուսումնառությանս այս չորս տարիների ընթացքում սերտորեն կապված եմ եղել հիմնականում ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի գրեթե բոլոր համայնքների ու ծխերի հետ։ Առաջնորդ Սրբազան Հոր տնօրինությամբ՝ ամիսը մի քանի անգամ այցելել եմ տարբեր համայնքներ՝ համեստ կարողությանս շրջանակում փորձելով փոքրիշատե օգտակարությունս բերել թե՛ Առաջնորդարանին և Արևելյան թեմին,  թե՛ մեծ ու փոքր համայնքներին։

Ապա 2013 թվականին ծառայության եմ կոչվել Հնդկահայոց հոգևոր հովվությունում` իբրև Հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ, իսկ վերջերս նշանակվել եմ Սինգապուրի, Մյանմարի և Դաքքայի (Բանգլադեշ) հոգևոր հովիվ։

-Այդ համայնքներից ի՞նչ տպավորություններ և հուշեր են պահպանվել, ո՞ր համայքները դարձան առավել հոգեհարազատ:

-Տպավորություններս, առավել ևս հուշերս, բավականին շատ են։ Ամեն ծուխ, համայնք իր յուրօրինակ  «բնավորությունը» և հոգեբանությունն ունի: Ինչպես ձեռքի մատներըը մեկ մյուսին նման չեն, բայց միասնաբար բռունցք են կազմում, այնպես էլ մեր բոլոր համայնքները՝ լինի դա Հայրենիքում և կամ Սփյուռքում, միասնական, մեկ Հայ Առաքելական Մայր Եկեղեցի է։ Եվ պատահական չէ, որ նշեցի Մայր Եկեղեցի, քանզի ինչպես ընտանիքում ծնողի համար իր բոլոր զավակները հավասար են, նրանց երջանկությամբ ուրախանում է, տխրությամբ՝ մտահոգվում, նույնն է նաև հայ հոգևորականի համար․ որ համայնքում էլ նա կոչված լինի ծառայության, անձնվիրաբար և նախանձախնդրորեն ապրում է տվյալ համայնքի հոգսերով, ուրախանում համայնքի ձեռքբերումներով, ձախողումներից տխրում, իր համայնքի  և  ծուխի հետ դիմակայում օրվա մարտահրավերներին: Առավել ևս Սփյուռքում՝ օտար հողի վրա, որտեղ մտածելակերպը, հոգեբանությունը և աշխարհընկալումը տարբեր է։ Ուստի անկարելի է անտեսել մեր Մայր Եկեղեցու անփոխարինելի դերը Սփյուռքում` ազգային-եկեղեցական կյանքի շարունակական պաշտպանման, պահպանման ու զորացման գործում։ Ցավոք, հայը դատապարտված է Սփյուռք ունենալուն. եթե պատմությանը հետադարձ հայացք գցենք, կտեսնենք, որ դեռևս 4-րդ դարում խոշոր զանգվածային բռնագաղթեր են եղել դեպի Պարսկաստան, ապա մի քանի դար շարունակ հայերը պարտադրված էին գաղթել դեպի Արևմուտք՝ Բյուզանդական կայսրության տարբեր շրջաններ։ Ավելի ուշ՝ 19-րդ դարում,  Օսմանյան կայսրության ճնշումների հետևանքով, արտագաղթը եղավ դեպի Հյուսիսային և Հարավային Ամերիկա: Իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Օսմանյան կայսրության իշխանության բռնագաղթի քաղաքականության արդյունքում սպանվեց շուրջ 1,5 միլիոն հայ: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածները հաստատվեցին աշխարհի տարբեր անկյուներում։ Այն բոլոր համայնքները, որտեղ իմ ծառայությունն եմ մատուցել՝ ինձ համար հոգեհարազատ են։

Singapur

– Հա՛յր  Սուրբ,Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ապրիլ ամսից Սինգապուրի, Մյանմարի և Դաքքայի (Բանգլադեշ) հայ համայնքների հովիվ եք նշանակվել: Ի՞նչ ակնկալիքներով եք կատարելու Ձեր  առաքելությունը:

-Առաջինը կցանկանամ որդիական անսուտ սիրով երախտագիտությունս հայտնել Հայոց Հայրապետին՝ նմանատիպ պատասխանատու ծառայության կոչելու համար։ Ապա, պետք է նշեմ, որ Հեռավոր Արևելքի հայկական գրեթե բոլոր համայնքները պատմական հարուստ անցյալ ունեն։ Արևելքում հայ համայնքները և հայ եկեղեցիները տարածաշրջանի քրիստոնեական հնագույն սրբավայրերից են: Ցավոք, շատեր չեն պահպանվել ցայսօր, սակայն նշյալ երեք պետություններում էլ Հայոց եկեղեցին այսօր կանգուն է և գործում է։

Մյանմարի Միացյալ Հանրապետությունում երկու հայկական եկեղեցիներ են եղել, որից պահպանվել է միայն Յանգունի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Հայոց եկեղեցին, իսկ Մանդալեյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայոց եկեղեցին այլևս չկա։ Հայերը Մյանմար են եկել դեռևս 15-16-րդ դարերում: Հիմնականում Պարսակատանից եկած հայ վաճառականներն են, որոնք այստեղ հիմք են դրել հայ համայնքի ձևավորմանը՝  հետագայում մեծ համբավ ձեռք բերելով և նույնիսկ բարձր պաշտոններ զբաղեցնելով թագավորական պալատում։

Սինգապուրի հայ համայնքը սկսել է ձևավորվել 18-րդ դարի վերջից, այստեղ հայերը եկել են կրկին Պարսկաստանից՝ իբրև վաճառականներ, սակայն մեծ մասը հիմնականում եկել է  Մալակկայից և Հնդկաստանից։ Համայնքի խնդրանքով Անգլիայի թագուհին հողակտոր է հատկացրել հայերին՝ եկեղեցի կառուցելու նպատակով, որը մինչ օրս դասվում է Սինգապուրի նշանավոր պատմական հուշարձանների շարքին։

Հայ վաճառականները Բենգալ են եկել 15-րդ դարի վերջերին։ Տեքստիլի բնագավառում հմուտ վարպետներ լինելով՝ հայերի մի խումբ բնակություն է հաստատել Դաքքայում։ Ժամանակի ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել տեղական առևտրի վրա և արդեն 18-րդ դարում մեծանուն հայ առևտրականերից մեկը նախաձեռնել է Հայ եկեղեցու կառուցումը։

Այս թռուցիկ ակնարկից արդեն, կարծում եմ, պարզ երևում է Հեռավոր Արևելքում հայ համայնքների կարևորությունը և նշանակությունը, ինչպես համայնական, այնպես էլ տվյալ երկրի տեղական զարգացման կյանքում։ Այժմ այս պատմական համայնքներում շատ քիչ հայ ընտանիքիներ կան։ Այնուամենայնիվ, Հայ եկեղեցին և հայ հոգևորականը Հայրենիքից դուրս յուրօրինակ իր դերը և սրբազան պարտականությունն ու առաքելությունն ունեն ՝ աշխարհով մեկ ցրված հայությանը նեցուկ լինել, սատարել, որպեսզի օտար մշակույթի ազդեցության տակ եղածն էլ չձուլվի, չկորչի, այլ պահպանի իր ազգային ինքնությունը և ինքնագիտակցությունը։ Սա եմ հիմնականում ակնկալում։

Burma

– Սինգապուրի հայ համայնքը մշտական հոգևոր հովիվ չի ունեցել: Այդ փաստը չի՞ խոչընդոտել, որ տեղի հայերը եկեղեցակենտրոն մնան՝ պահպանելով քրիստոնեական հավատն ու հայրենասիրությունը:

-Ոչ միայն Սինգապուրի հայ համայնքը, այլև Մյանմարի և Բանգլադեշի հայ համայնքները բավականին երկար ժամանակ մշտական հոգևոր հովիվ չեն ունեցել։

Թերևս այս փաստն ինչ-որ չափով խոչընդոտ է հանդիսացել, սակայն այլևս այն խնդիր չէ. այսօր լավագույն առիթն է ընձեռնված, որպեսզի օտարանալու եզրին կանգնած հայ պանդուխտի կարոտյալ սիրտն ու հոգին ամուր և անքակտելիորեն կապվեն Հայրենիքին, Մայր եկեղեցուն: Թո՛ղ Աստված օգնական և զորավիգ լինի բոլոր մեր հոգևորականներին այս առաքելության իրականացման մեջ։

– Ասում են՝ Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նստատեղերն ավելի շատ են, քան Սինգապուրում ապրող հայերի թվաքանակն է:

-Չեմ տիրապետում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նստատեղերի քանակին, ուստի չեմ կարող երկրորդել։ Սակայն վստահաբար աշխուժությունը նկատելի է թե՛ հայերի շրջանում և թե՛ օտարների։ Յանգունի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում ամեն կիրակի Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում։ Այցելուները ոչ միայն մեր համայնքի գրեթե բոլոր անդամներն են, որոնք հայերեն չխոսելով՝ Սուրբ Պատարագն արդեն ամբողջությամբ երգում են, այլև բավականին տեղաբնակներ նույնպես այցելում են։

Սինգապուրում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում երկու ամիսը մեկ անգամ։ Անցյալ ամիս ավարտվեց եկեղեցու վերանորոգման աշխատանքները, իսկ այժմ պատրաստվում ենք հարակից երիցատան վերանորոգման աշխատանքներին։ Լիահույս եմ, որ մինչև տարվա վերջ այն ավարտին կհասցվի, և երկու համայնքներում էլ ամեն ամիս երկու անգամ Սուրբ Պատարագ կմատուցվի։

Քանի որ Բանգալադեշում մշտական ապրող հայ չկա այլևս, տարին երկու կամ երեք անգամ, եկեղեցու հոգաբարձու Արմեն Արսլանյանի հետ համաձայնեցվածության արդյունքում, կկազմակերպվի ուխտագնացություն դեպի Դաքքայի Սուրբ Հարություն Հայոց եկեղեցի։ Այս տարի նմանատիպ ուխտագնացություն արդեն կատարվել է հունվար ամսին, որին մասնակցում էին տարածաշրջանի հայ համայնքի ներկայացուցիչները, հյուրեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից և Ռուսաստանից։ Ուխտագնացությունը կատարվեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի առաջնորդությամբ։

Surb Grigor Lusavorich

– Հասցրե՞լ եք հանդիպել համայնքային ներկայացուցիչների հետ, ինչպիսի՞ համայնք է գործում:

-Անշուշտ, Հեռավոր Արևելքի բոլոր հայ համայնքների ներկայացուցիչների հետ բազմիցս հանդիպումներ են տեղի ունեցել։ Ծառայելով իբրև Հնդկահայոց հոգևոր հովիվ՝ արդեն տարիներ շարունակ միասին սերտ համագործակցության և կապի մեջ ենք, նաև Հեռավոր Արևելքի եկեղեցիների ու համայնքների խնամատարության և պահպանության համար նորաստեղծ հանձնախմբի (Pan-Asian Committee), որը գործում է Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակի իշխանությամբ, հոգևոր խորհրդատուն եմ:

 Տեսակոնֆերանսի միջոցով պարբերաբար քննարկվում են տարածաշրջանում ընթացիկ խնդիրները, զարգացումները և ծրագրերը, մշակվում են նոր բանաձևեր այս շրջանում եկեղեցու և համայնքների առջև ծառացած հոգսերին ու խնդիրներին արագ լուծում տալու համար։

-Ի՞նչ խնդիրներ, մարտահրավերներ կան ծառացած համայնքների առջև: Այս առնչությամբ ո՞րն է Ձեր դիտարկումը:

-Խնդիրները բազում են ու տարատեսակ։ Ամեն համայնք յուրահատուկ խնդիրների և մարտահրավերների առջև է կանգնած։ Հակառակ այն պարագայի, որ նշյալ երեք հայ համայնքները Ասիայում են, սակայն իրենց ազգային, կրոնական մշակույթով, լեզվամտածողությամբ, հոգեբանությամբ բոլորովին տարբերվում են մեկը մյուսից։

Բնականաբար, տեղական օրենքները, ավանդույթները ուսանելուց, ուսումնասիրելուց և հասկանալուց հետո միայն, կկարողանանք որոշակի քայլեր ձեռնարկել, ծրագրեր իրականացնել՝ ի նպաստ և ի պայծառություն մեր Մայր եկեղեցու և տեղի համայնքային կյանքի զարգացման։

-Վերոնշյալ տարածաշրջաններում հայերը փոքրաթիվ են: Դա ինքնին հետագա աշխատանքներն իրականացնելու առումով դժվարությունների առջև կանգնել չի՞ ենթադրում:

-Անշուշտ, հստակ է, որ համայնքները փոքրաթիվ են, սակայն սա չի նշանակում և չի ենթադրում, որ հայաշատ համայնքներում դժվարությունները բացակայում են։ Ես կարծում եմ և հավատում եմ, որ երջանկությունը դժվարությունը հաղթահարելու մեջ է։

Եվ հպարտությամբ պետք է նշեմ, որ «հայկական շունչ» ոչ միայն համայնքներում, այլև ողջ Արևելքում է զգացվում։ Ազգի արժեքը չափվում է նրա արարումներով ու ստեղծագործությամբ, ինչքան մեծ են այդ ստեղծագործությունները, այնքան արժևորվում է տվյալ ազգը օտարի համար։ Նախաքրիստոնեական մշակույթի երկու հիմնական ստեղծագործներն են հույները և հռոմեացիները, և մինչ այսօր մարդկությունը անուրանալի կերպով արժևորում է, և այդ «շունչը» դեռ ապրում է մարդկության պատմության մեջ։ Նմանտիպ  «հայկական շունչ» կա Հեռավոր Արևելքում․ ինքնաբերաբար և ակամայից հպարտություն, հուզում, ոգևորություն ես ապրում, երբ պարզ սինգապուրցին, մյանմարցին և կամ բենգոլացին մեծ ակնածանքով և երախտիքով է խոսում հայի մասին՝ մատնանշելով այս կամ այն հային, որը խթան է հանդիսացել որևէ ասպարեզում ինչ-որ բանի զարգացմանը, ինչն էլ շրջադարձային է եղել այդ երկրի զարգացման, բարգավաճման համար։ Մատնաշում են այս կամ այն շինությունը՝ ասելով, որ սա հայերն են կառուցել, կամ քայլելով օտարի հողի վրայով՝ տեսում ես կենտրոնում հպարտորեն կանգնած է մեր Մայր եկեղեցին, իսկ ղողանջող զանգակները ազդարարում են Սուրբ Պատարագի սկիզբը։

Պատմական շինություններ՝ վառ մարմարե հայատառ ցուցատախտակերով՝ «Այս շինության հիմնադիրը հայ է…»:

«Հայկական շունչն» անջնջելի է տարածաշրջանի պատմությունից։

22z-1

– Իսկ երիտասարդները որքանո՞վ են իրենց Հայրենիքին մոտ զգում:

-Բնականաբար, մշտական հոգևորականի բացակայության պատճառով այս հարցում որոշակի բաց է արձանագրվել և մեծ անելիք կա։ Սինգապուրի հայ համայնքի երիտասարդների պարագայում պետք է նշեմ, որ մեծ մասը Հայաստանից են, և այս խնդիրը այնտեղ այդքան էլ մտահոգիչ չէ, սակայն Մյանմարի հայ համայնքի երիտասարդների մոտ, որոնք երբևէ Հայրենիքում չեն եղել, այո՛, այս խնդիրը առկա է։ Բայց վստահեցնում եմ, որ ժամանակի ընթացքում, կամոքն Աստուծո, ջերմեռանդ աշխատանքի արդյունքում այդ բացը հեշտությամբ կփակվի, քանզի արյունը ջուր չի դառնում, ինչպես ժողովրդական խոսքն է ասում։

-Տևական ժամանակով բացակայում եք Հայաստանից: Կարոտի ի՞նչ զգացումներով եք համակվում դեպի Հայրենիք, դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

-Կցանկանամ հարցը բաժանել երկու մասի՝ առաջին․ այդքան էլ տևական ժամանակով չեմ բացակայում Հայրենիքից, առիթներ ընձեռնվում են, որ ժամանակ առ ժամանակ Հայաստան այցելեմ։ Եվ երկրորդ. եթե հայն անկեղծ ու անսուտ սիրով է սիրում Միածնաէջ Մայրավանքը, նույնիսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լինելով, կարոտում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը․ Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի Ամենայն Ազգն Հայոց կապեալ կա (Առաքել Դավրիժեցի 17-րդ դ.):

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Scroll Up