«Մեր նպատակն է շարունակական օգնություն ցուցաբերել Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին». Լիլի Ավագյան

Հունիսի 12-ին ԱՄՆ-ում կկայանա հեռուստամարաթոն՝ նվիրված հայ զինվորին: «Քեզ հետ եմ, հա´յ զինվոր» խորագրով հերթական միասնական գործը՝ ի նպաստ հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի, նախաձեռնել է «Support Armenia» բարեգործական կազմակերպությունը:

Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը կազմակերպության համահիմնադիր Լիլի Ավագյանի հետ:

– Լիլի՛, ի՞նչ նպատակով է հիմնադրվել «Support Armenia» բարեգործական կազմակերպությունը:

– Կազմակերպության նպատակն է տարբեր ծրագրերի միջոցով՝ շարունակական օգնություն ցուցաբերել Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին:

– Ովքե՞ր են նախաձեռնողները:

– «Support Armenia» շահույթ չհետապնդող, բարեգործական կազմակերպության հիմնադիրներն են Հովիկ Զիրաքյանը, Դավիթ Ղևոնդյանը և ես:

– Այս անգամ կազմակերպությունը նախաձեռնել է «Քեզ հետ եմ, հա´յ զինվոր» ակցիան: Ի՞նչ շրջանակ և տարածում է հասցրել ընդգրկել և ովքե՞ր են արձագանքել նախաձեռնությանը:

– «Քեզ հետ եմ, հա´յ զինվոր» նախաձեռնությանը միացել են տարբեր երկրներում բնակվող մի շարք հայտնիներ, ովքեր նկարվել են նուռը ձեռքին և լուսանկարը տեղադրել իրենց ֆեյսբուքյան էջում՝ «Քեզ հետ եմ, հա´յ զինվոր» գրառմամբ՝ ի նշան միասնության: Սա համընդհանուր՝ Հայրենիք-Սփյուռք-ը միավորող միասնական ծրագիր է: Ունենք նաև բազմաթիվ կամավորներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում ծրագիրն ի կատար ածելու:

-Հունիսի 12-ի հեռուստամարաթոնին ընդառաջ ի՞նչ աշխատանքներ են ընթանում:

– Հեռուստամարաթոնը 13 ժամ տևողությամբ ծրագիր է, որը հեռարձակվելու է ուղիղ եթերով և 6 հեռուստաալիքներով միաժամանակ: Մեծ աշխատանք է տարվում թե 13 ժամ տևողությամբ ծրագիրը կազմելու, թե զինվորների մասին ճշգրիտ տեղեկություններ հաղորդելու համար:

– Լիլի՛, հավաքված դրամական միջոցներն ի՞նչ եղանանով են բաժանվելու և ընտրությունն ինչպե՞ս է կատարվելու:

– Նախաձեռնության կազմակերպիչները` Հովիկ Զիրակյանը, Դավիթ Ղևոնդյանը և ես, ինչպես նաև՝ կազմակերպության այլ անդամներ, հուլիսի սկզբին կժամանեն Հայաստան` անձամբ հանդիպելու վիրավորների և զոհվածների ընտանիքների հետ:

– Լիլի՛, թեև Դուք չեք սիրում բարձրաձայնել այդ մասին, բայց տեղյակ եմ, որ Արցախյան քառօրյա պատերազմի օրերին դուք Հայաստանում էիք և մեկնել եք նաև Արցախ:

– Ճիշտ եք, ես չեմ սիրում այդ մասին շատ խոսել, բարձրաձայնել: Պարզապես ուզում էի այդ օրերին Արցախում լինել: Ես մեկնեցի սահման, եղա դիրքերում՝ մեր զինվորների կողքին, ու իմ աչքերով տեսա, թե նրանք ինչ պայմաններում են մեր բոլորի հայրենիքը պաշտպանում: Այդ այցելությունը մոտ 10 տարով ինձ հասունացրեց: Եթե մինչև այսօր որևէ բան չէր կարողացել փոխել իմ ներաշխարհը ու եթե մինչ այդ պահը ես ամեն ինչին, այսպես ասած, վարդագույն ակնոցներով էի նայում, այդ մի քանի ժամը իմ կյանքը տակնուվրա արեց, 180 աստիճանով ամեն ինչ փոխեց:
Երբ վերադարձա ԱՄՆ, տեսա, որ այստեղ նույնպես նույն մթնոլորտն է: Շատ-շատերը, անգամ նրանք, ովքեր երբևէ Հայաստանում չեն եղել կամ շատ փոքր տարիքում են հեռացել ու բնակություն հաստատել ԱՄՆ-ում, պատրաստ էին գալ ու կռվել հայրենիքի համար: «Support Armenia» կազմակերպության համահիմնադիր Հովիկ Զիրաքյանը մի խումբ երիտասարդներ էր հավաքել ու պատրաստ էր մեկնել Արցախ, սակայն ասացին, որ այլևս կամավորների կարիք չկա: Անգամ եղբայրս, ով 22 տարեկան է և Հայաստանում վերջին անգամ 10 տարեկանում է եղել, պատրաստ էր գալ ու մեր զինվորների կողքին կանգնել, հայրենիքը պաշտպանել: Ճիշտ է, մենք Հայաստանում չենք ապրում, բայց այստեղ բոլորը ամեն ինչ անում են հանուն հայրենիքի:

Լուսինե Աբրահամյան

Հ.Գ. «Հայերն այսօրը» ներկայացնում է փոքրիկ տեղեկատվություն՝ «Support Armenia» բարեգործական կազմակերպության հիմնադիրների մասին:

Hovik Zirakyan
Հովիկ Զիրաքյան. 2001թվականին հիմնադրել է Լոս Անջելեսի «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպությունը, որի նախագահն է հանդիսացել մինչև 2006 թվականը: Հովիկ Զիրաքյանը նաև Հոլիվուդում ամեն տարի ապրիլի 24-ին տեղի ունեցող և հարյուր հազարավոր հայերի համախմբող քայլարշավ-ցույցի հիմնադիր-կազմակերպիչն է: Տարիներ շարունակ հասարակական և բարեգործական գործունեություն է ծավալել Լոս Անջելեսի հայ համայնքում:

Լիլի Ավագյան
Լիլի Ավագյան. 2009-2010 թվականներին հանդիսացել է Գլենդելի ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի նախագահ և կրթական բորդի անդամ, ճանաչվել է «Տարվա մարդ», 2011 թվականից հանդիսանում է Գլենդելի քաղաքապետարանի «Հայոց ցեղասպանության հիշատակման» և «Ի դեմ մարդկային անարդարության» հանձնախմբերի անդամ: Մինչ 2014 թվականը աշխատել է Գլենդել քաղաքի կենտրոնի զարգացմամբ զբաղվող «Downtown Glendale» կազմակերպության հասարակական կապերի ղեկավար: Լիլի Ավագյանը նաև լրագրող-հաղորդավարուհի է:

David Ghevondyan1
Դավիթ Ղևոնդյան. 2003 թվականին Լոս Անջելեսում հիմնադրված ATV հեռուստաընկերության համահիմնադիր, «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նախկին անդամ, մի շարք ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների մարքեթինգի առաջատար մասնագետ, ֆիլմերի պրոդյուսեր, բազմաթիվ ծրագրերի ռեժիսոր:

Scroll Up