«Կոմիտաս Վարդապետ» փառատոնը Լոռու մարզում

Հոկտեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակիցները ելույթներով հանդես եկան Լոռու մարզում: Վանաձորի Վարդաբլուր գյուղի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի անձնակազմը` գյուղապետ Արտավազդ Գալստյանի և Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանի գլխավորությամբ, փառատոնի մասնակիցների համար կազմակերպել էր ջերմ ընդունելություն և Կոմիտասյան փոքրիկ միջոցառում:

Այնուհետև Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում իրականացվեց համերգային ծրագիրը: Համերգը սկսվեց Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախմբի ելույթով` գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մխիթարյանի գլխավորությամբ: Ելույթ ունեցան Ռուսաստանի Դաշնությունից «Նորահրաշ» երգեցիկ խումբը և «Օվսաննա» երգչախումբը (գեղ. ղեկավար` Ելենա Բեգլարյան), Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Լևոն Չիդիլյան), Իրանի Թեհրան քաղաքի Արարատ կազմակերպության «Արարատ» երգչախումբը (գեղ. ղեկավար` Արաքս Խաչատրյան), Բաթումի Հայ Առաքելական «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Ռուզաննա Օվանեսյան), Ռուսաստանի Դաշնությունից` երգչուհի Ադել Ազրոյանը, Արցախից` երգիչ Սար Սարգսյանը` դաշնակահարուհի Էմմա Առաքելյանի նվագակցությամբ: 

Համերգի վերջում համատեղ կատարմամբ հնչեց Կոմիտասի «Հայրապետական մաղթանքը»:

Մարիաննա Անանյան

Scroll Up