Տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Պյատիգորսկ քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հունիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ:

 Հեռակոնֆերանսին Պյատիգորսկ քաղաքից կապ հաստատեցին Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր  Արամ ավագ քահանա Հունանյանը, հայկական ազգամշակութային ինքնավարություն հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Սերգեյ Բողդասարովը, Պյատիգորսկի քաղաքային դումայի պատգամավոր Վալերի Առուստամովը, Պյատիգորսկի Պետական Լեզվաբանական Համալսարանի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի համակարգող Նարինե Ավանեսյանը, մշակութային կենտրոնի ադամներ, համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հեռակոնֆերանսի մասնակիցներին և նշեց, որ Պյատիգորսկի համայնքը մեզ համար այն խոշոր և հայաշունչ համայնքներից  է, որը միշտ աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ և համախմբվածությամբ. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանի հայ համայնքները արագորեն արձագանքեցին, սատար կանգնեցին և լայնածավալ նյութական օգնություն տրամադրեցին Արցախին»,- ասաց նախարարը:

Սփյուռքի նախարարը կարևորեց հատկապես երիտասարդության շրջանում հայոց լեզուն, հայկական մշակույթը պահպանելու անհրաժեշտությունը:

Գերատեսչության ղեկավարը նաև հորդորեց առավել ակտիվ մասնակցել նախարարության ծրագրեին՝ այն համարելով Հայրենիքը Սփյուռքի հետ կապող կարևոր նախապայման:

Պյատիգորսկից հեռակոնֆերանսի երևանյան մասնակիցներին ողջունեց Սերգեյ Բողդասարովը: Նա ներկայացրեց համայնքի գործունեությունը՝ նշելով.«Այսօր ինքնավարությունն ունի մոտ 400 անդամ, գործում է Ս.Սարգիս հայկական եկեղեցին, որին կից 2006թ.  գործում է երկօրյա  հայկական դպրոց: Դպրոցում դասավանդվում է հայոց լեզու, պատմություն, գրականություն»:

Սերգեյ Բողդասարովը նաև հավելեց, որ Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում գործում է հայոց լեզվի և մշակույթի կենտրոն, որն ունի 94 անդամ: Կենտրոնն ակտիվորեն մասնակցում է համայնքային կյանքին, կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ, գործում է համայնքի կայքէջը:

Պյատիգորսկի Պետական Լեզվաբանական Համալսարանի Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի համակարգող Նարինե Ավանեսյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, ծրագրերն ու առաջիկա անելիքները՝ նշելով, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ևս սովորում են հայերեն, պարում են հայկական պարեր և ծանոթանում են հայկական մշակույթին:

Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ   Սիրվարդ Համբարյանը ներկայացրեց նախարարության 2016թ ծրագրերը՝ ակնկալելով համայնքի առավել ակտիվ մասնակցությունը:

Քննարկվեցին Պյատիգորսկի հայ համայնքի գործունեությանը, խնդիրներին, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք և Սփյուռք-Սփյուռք կապերի զարգացմանը ուղղված հարցեր:

Այնուհետև նախարարի տեղակալն ու աշխատակազմի ղեկավարը պատասխանեցին համայնքի ներկայացուցիչների  բարձրացրած հարցերին: Կարևորվեց հատկապես Գերմանիայի Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձի մասին հարցադրումը, որին ի պատասխան նախարարի տեղակալը նշեց. «Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված այս օրինագիծը շրջադարձային էր, որին  մենք հասել ենք մեծ ջանքերով: Սա տարիների ընթացքում ձեռք բերված հաղթանակ է, և այդպես է ընկալում ամբողջ հայությունը և° Հայրենիքում և° Սփյուռքում: Սա ուղերձ է ոչ միայն Թուրքիայի իշխանություններին, այլ նաև ամբողջ աշխարհին, որ չպետք է վախենալ պատմության հետ առերեսվելուց, ինչպիսի օրինակ ցույց  տվեց քաղաքակրթված Գերմանիան»:

Այնուհետև տեղի ունեցավ ակտիվ, կառուցողական քննարկում, մտքերի փոխանակում:

Scroll Up